
Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը եւ ջրադուլը
Երեկ տեղեկացրել էինք, որ անցյալ տարվա մայիսի 31-ից ազատազրկման վայրում գտնվող Ներսես Պողոսյանը, որը մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի գործով, հայտարարած հացադուլի եւ ջրադուլի պատճառով վատ վիճակում է հայտնվել: Նա պահանջում է կալանքի որոշումների վերանայում, այս հարցին դատարանների արդարացի մոտեցում:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 1-ին և 3-ին այցելել են արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել Ներսես Պողոսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և ուսումնասիրել վերջինիս պահման պայմանները:
2017 թվականի փետրվարի 3-ի այցելության ընթացքում պարզվել է, որ Ներսես Պողոսյանը նույն օրը դիմում է ներկայացրել հացադուլի և ջրադուլի դադարեցման վերաբերյալ: Վերջինս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի թիվ 2 հիվանդասենյակում՝ մեկուսի:
Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ դադարեցրել է ջրադուլը և հացադուլը, քանի որ գիշերն առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Ն. Պողոսյանը Պաշտպանի ներկայացուցիչների ներկայությամբ զննվել է բժիշկների կողմից և ստացել հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն:
Մեկնաբանել