
Արարատ Խանդոյանին տեղափոխել են բավոք պայմաններով խուց
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Կարագյոզյանը, ՊՊԾ գնդի գրավման օրերին ձերբակալված Արարտատ Խանդոյանին հունվարի 27-ի ուշ գիշեր տեղափոխել են բարվոք պայմաններով խուց։ Խանդոյանին նախկին խուց տեղափոխել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի այցից և փաստաբանի ահազանգերից հետո։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ, որի պատճառով մեկուսացվել և տեղափոխվել է պատժախուց։
Նրան պատժախուց տեղափոխելուց հետո փաստաբանը ահազանգել էր, որ իր պաշտպանյալը պահվում է կոտրված ապակիներով, խոնավ, ցուրտ խցում և նրա առողջական վիճակը «թույլ չի տալիս»՝ նման պայմաններում մնալ։
Այդ ահանզանգից հետո արձագանքել էր ՄԻՊ-ը և այցելել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող Արարատ Խանդոյանին և պատժախցի պայմանների ուսումնասիրությունից պարզել, որ դրա պայմանները բավարար չեն կացության համար, քանի որ բացակայում է պատուհանի ապակու մի հատվածը, որը փակված է ստվարաթղթով։
Փաստաբանը իր պաշտպանյալին արդեն երկրորդ անգամ նման պայմաններով պատժախուց տեղափոխելու համար բացատրություններ ստանալու պահանջով դիմել է արդարադատության նախարարին, քրեկատարողական վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին։
«Այս միջոցով ցանկանում են ճնշում գործադրել ինչպես Արարատ Խանդոյանի, այնպես էլ Արայիկ Խանդոյանի նկատմամբ:Սա քաղաքական հետապնդման ձև է, սակայն ես թույլ չեմ տալու, որ իմ պաշտպանյալներից որևէ մազ պակասի։ Օրենքով նախատեսված համաչափ պատասխան կստանան, եթե շարունակեն նմանտիպ ճնշումներ գործադրել»,- հավելեց փաստաբանը։
Մեկնաբանել