
Գինու զբոսաշրջությունը զարգացնելու համար Հայաստանն ունի բոլոր նախադրյալները
Ինչ է նշանակում գինու տուրիզմ
Գինու տուրիզմ արտահայտությունը վերջերս ավելի հաճախ է հանդիպում, այն նշանակում է այցելություններ գինեգործական զարգացած և հայտնի տարածաշրջաններ՝ գինու արտադրության գործընթացը տեսնելու և հենց այնտեղ գինու տարբեր տեսակներ համտեսելու համար:
Եվրոպայում գտնվող մի շարք գինու գործարաններ տեղակայված են այցելության համար հասանելի տեղանքում, սակայն հաճախ անհրաժեշտ է հաղթահարել մի քանի հազար կիլոմետր, որպիսի համտեսել աշխարհահռչակ ֆրանսիական Շատոներից որևէ մեկի գինիները: Շատոն ֆրանսերեն նշանակում է ամրոց կամ կալվածք, որտեղ բնակվել են արիստոկրատները: Գինու գործարանը Շատոի անբաժանելի մասն է կազմել` գինու այգի, գործարան և մառան: Շատ հաճախ ֆրանսիական գինիների պիտակի վրա գրված է, թե կոնկրետ որ Շատոյում է այն արտադրված:
In Vino Veritas – ճշմարտությունը գինու մեջ է
Գինին համարվում է ամենահին խմիչքներից մեկը:
Առաջին հայացքից գինու արտադրությունը ըստ էության պարզ գործընթաց է: Սկզբում խաղողից քամվում է հյութը, այնուհետև ֆերմենտավորվում (պարզ ասած՝ խմորվում) և որոշ ժամանակ հետո այդ հյութը վերածվում է գինու: Գինու որակի վրա մեծ ազդեցություն ունի խմորումը: Բացի նրանից, որ ամեն խաղողի տեսակ ունի ֆերմենտացման իր եղանակը, խմորման պրոցեսի վրա մեծ ազդեցություն ունի տարածքի ջերմաստիճանը, տարաների որակը, որտեղ պահվում է գինին և բազմաթիվ այլ գործոններ: Յուրաքանչյուր գինու արտադրող ունի իր գաղտնիքը, հենց այդ պատճառով է, որ նույն շրջանի գինիները տարբերվում են իրարից գույնով, համով, բույրով և պնդությամբ:
Խմորման գործընթացը գինու արտադրության մեջ որոշիչ դեր ունի, հենց խմորումից է կախված գինու համը, գույնը և բույրը:
Այն տարածված խմիչք է գրեթե ամբողջ աշխարհում: Գինու աշխարհը բաժանվում է երկու մասի՝ հին (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Պորտուգալիա Հայաստան, Վրաստան և այլն) և նոր (Արգենտինա, Չիլի, ԱՄՆ, Հարավային Աֆրիկա, Նոր Զելանդիա):
Գինու մշակույթը
Նախկինում կարծիք կար, որ մարդիկ գինի են խմում, երբ ընթրում են լավ ռեստորանում, խնջույքների ժամանակ կամ տոներին: Այժմ գինի խմում են գրեթե ամենուր` տանը, պիկնիկի ժամանակ, սրճարանում: Այն հասանելի է բնակչության բոլոր խավերի համար, շուկայում կան մի քանի եվրո արժողությամբ գինիներ, որոնք ըստ էության որակյալ են:
Գինու մասնագիտացված խանութները գնալով շատանում են, այնտեղ կարելի է գնել մատչելի, միջին և շատ թանկ գինիներ:
Գինու սիրարահարները հաճախ հավաքում են իրենց սիրելի գինիները: Եթե գինին արտադրված է բերքառատ տարում և գինու քննադատների կողմից արժանացել է լավ գնահատականի, ապա այն շատ արագ վաճառվում է կամ մնում է արտադրողի մոտ և թանկանում ամեն տարի: Շշերը մի քանի հարյուր եվրոից կարող են թանկանալ` հասնելով մի քանի հազար եվրոի: Գինին պահելու համար անհրաժեշտ է պահպանել ջերմաստիճանը, լուսավորության աստիճանը և խոնավությունը:
Ինչ է գինու տուրը
Ճանապարհորդություն, որի ժամանակ նախատեսվում է այցելել գինու արտադրության կենտրոններ, մառաններ, ստանալ արտադրության պատմության մասին տեղեկություն և համտեսել տեղի ամենալավ գինիները, այցելել խաղողի այգիներ և տեսնել գինու ստեղծման ողջ գործընթացը: Հյուրերին կսովորեցնեն, թե ինչով են տարբերվում կարմիր և սպիտակ գինու բաժակները, ինչ ջերմաստիճանում է գերադասելի խմել տարբեր գույնի գինիները և ինչպես ճիշտ բռնել բաժակը: Եթե այցելությունը ճիշտ ժամանակին է, հյուրերը կարող են մասնակցել բերքահավաքին և նույնիսկ ոտքերով տրորել խաղողը: Գինու տուրերը հետաքրքիր են ոչ միայն գինու սիրահարների, այլ նաև մարդկանց համար, որոնց համար գինին ուղակի խմիչք է:
Փաթեթի հագեցվածությունը կախված է ճանապարհորդության տևողությունից: Գինու փաթեթները սովորաբար իրենց մեջ ներառում են`
- Այցելություն խաղողի այգիներ
- Համտես
- Համտեսի տեխնիկայի ուսուցում
- Էքսկուրսիա և պատմական կենտրոնների այցելություն
- Այցելություններ մառանների և գինու գործարաններ
- Հետաքրքիր խաղեր և մրցույթներ (օրինակ գուշակել գինին բույրով)
- Մասնակցել գինու ստեղման գործընթացներից գոնե մեկին
Ինչպես կարել է խթանել գինու տուրիզմը Հայաստանում
Ֆրանսիացիները ասում են՝ գինին ստեղծել են հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ մենք՝ ֆրանսիացիներս, գինին դարձրինք արվեստ:
Ըստ հնէաբանների և պատմաբանների՝ գինեգործությունը Հայաստանում սկիզբ է առել դեռևս 6000 տարի առաջ: Խաղողի վազը համարվում է աշխարհի ամենահին բույսերից մեկը, իսկ առաջին գինին համարվում է կուժի մեջ խմորված վայրի խաղողի հյութը, որը դուր է եկել մարդուն: 2010-11 թթ. Արենի գյուղի մոտ քարանձավում կատարված պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են խաղողի տրորման, խմորման և պահպանման համար նախատեսված կավե անոթներ, բաժակներ և խաղողի կորիզներ, ինչն ապացուցում է, որ Հայաստանում գինի են պատրաստել ավելի քան 6000 տարի առաջ: Ըստ տարբեր վկայությունների՝ հայերը միշտ խմել են գինի, ըստ Աստվածաշնչի՝ երբ Նոյը ոտք է դրել Արարատ լեռան վրա, ստորոտին տնկել է խաղողի առաջին որթը:
Առհասարակ, գինին հայկական եկեղեցում բոլոր ծեսերի հիմնական բաղադրամասն է, այն ընկալվում է որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ: Հայերը դեռևս հին ժամանակներից սովորություն են ունեցել օրհնել խաղողը (խաղողօրնեք), որից հետո միայն խաղողը դարձել է գինի:
Հայաստանի խաղողագործական շրջաններ են` Արագածոտն, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Տավուշ և Արցախ: 2013 թվականի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմել է 17 465 հեկտար, որից 16 065 հեկտարը բերքատու է: Յուրահատուկ կլիմայի շնորհիվ Հայաստանի խաղողը յուրահատուկ համ ունի: Հայկական մի շարք խաղողի սորտեր վերացել են, մի քանիսը գտնվում են ոչնչացման եզրին. բարեբախտաբար այժմ վերականգնման աշխատանքներ են տարվում: Հայկական խաղողի սորտերն են` Արենի, Կախեթ, Ոսկեհատ, Մովուզ, Բանանց, Լալվարի, Խնդողնի, Թոզոտ, Խաթուն Խարջի և մի շարք մուսկատային տեսակներ: Այս խաղողի սորտերը համարվում են Վինիֆերա (vinifera) տեսակի: Տարածաշրջանի խաղողի սորտերից են ` Վարդագույն Երևանի,Կանգուն, Մեղրաբույր, Անահիտ, Կարմրահյութ,Ներկառատ, Գառանդմակ:
Հայաստանի գինու արդյոււնաբերությամբ զբաղվող ընկերությունները․
- Արմենիա Վայն գինու գործարանը հիմնադրվել է 2008 թվականին, գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 40 հեկտար է:
- «Արենիի գինու գործարան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին, գործարանը գտնվում է Վայոց Ձորի Արենի գյուղում, խաղողի այգիների ընդհանուր տարածքը 22 հեկտար է:
- Գետնատուն գինու գործարան. հիմնադրվել է 1999 թվականին,գտնվում է Վայոց Ձորի մարզում, Արփա գետի հովտում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 10 հեկտար է:
- Գոլդեն Գրեյփ Արմաս. հիմնադրվել է 2007 թվականին, գտնվում է Արագածոտնի մարզում, Սասունիկ և Կոշ համայնքների շրջակայքում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 180 հեկտար է :
- «Կատարո» գինու գործարանը հիմնադրվել է 2010 թվականին, գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 10 հեկտար:
- Զորահ. հիմնադրվել է 2004 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Ռինդ գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 9 հեկտար:
- Էդվազ Գրուպը իր 365 Wines ապրանքանիշով հիմնադրվել 2008 թվականին, Երևանում: Ընկերությունը մրգերը մթերում է Հանրապետության բոլոր շրջաններից:
- Հին Արենի. հիմնադրվել է 2013 թվականին, Վայոց Ձորի Արենի գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 35 հեկտար է:
- Մարան գինու գործարանը հիմնվել է 1991 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Աղավնաձոր համայնքում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 20 հեկտար է:
- Վան Արդի. հիմնադրվել է 2008 թվականին, գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը 60 հեկտար:
- Տիեռաս դե Արմենիա հիմնադրվել է 2004 թվականին, գտնվում է Արմավիրի մարզում, խաղողի այգիների ընդհանուր տարածքը 500 հեկտար է:
- Տրինիտի գինու գործարանը հիմնվել է 2008 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է 6.5 հեկտար:
- Օլդ Բրիջ. հիմնադրվել է 1998 թվականին, գտնվում է Վայոց Ձորի Արփի գյուղի շրջակայքում: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2.5 հեկտար:
- Koor գինիները առաջին անգամ ներկայացվել են 2014 թվականին: Խաղողի այգիները գտնվում են Վայոց Ձորում և Արցախում:
- Helias գինին շուկայում հայտնվեց 2012 թվականին: Խաղողի այգիների ընդհանուր տարածքը կազմում է 5 հեկտար:
- Վայն Հաուս ընկերության խաղողի այգիները հիմնադրվել են 2003 թվականին, կազմում են շուրջ 10 հեկտար, գտնվում են Արագածոտնի մարզի Աղձք գյուղում:
2014 թվականին հրատարակվել է «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույց» գիքը, որտեղ մանրամասն ներկայացված է Հայաստանի գինու պատմությունը, Հայաստանի խաղողագործական շրջանները և գինի արտադրող կազմակերպությունները իրենց արտադրանքով: Հեղինակը Անիկ Պետրոսյանն է: Գրքի երկրորդ մասի շնորհանդեսը տեղի ունեցավ 2016 թվականի դեկտեմբերին, որտեղ ներառված է նաև հայկական խաղողի պատմությունը:
Անիկ Պետրոսյանը կարծում է , որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները գինու տուրիզմի զարգացման համար: «Ես կարծում եմ, որ բոլոր գինի արտադրող կազմակերպությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումը գինու որակի վերաբերյալ, որպեսզի Հայաստանում արտադրվի բացառապես որակյալ գինի: Անհրաժեշտ է, որպեսզի տուրիստական ընկերությունները սերտ համագործակցեն գինի արտադրողների հետ, իսկ գինի արտադրողները իրենց հերթին պետք է ունենան հստակ ծրագիր, թե ինչ են առաջարկում իրենց հյուրերին: Ես վստահ եմ, որ պետական աջակցությունը ևս շատ մեծ դեր ունի»,- ասում է Ա.Պետրոսյանը:
«Կարևորում եմ, որպեսզի Հայաստանի հյուրերին ներկայացվի մեր ամենահին գինեգործական շրջանը, որտեղ էլ հենց գտնվում է Արենի 1 քարայրը և այդ գործում իր մեծ դերակատարությունը ունի Արենի գինու փառատոնը, որը կազմակերպվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին: Փառատոնին մասնակցում են թե՛ Հայաստանի գինու սիրահարները, թե՛ արտերկրից եկած հյուրերը: Տարեցտարի փառատոնը ավելի մեծ թվով հյուրեր է ընդունում և ավելի ճանաչելի դարձնում Հայաստանը աշխարհին»:
Գինու ակադեմիայի առաջին շրջանավարտներից և գինու առաջին մասնագիտացված խանութ- բար` In Vino-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը կարծում է, որ առաջին հերթին պետք է բարելավել ենթակառուցվածքները` մասնավորապես ճանապարհները, ցուցանակները, ստեղծել առանձին քարտեզներ, որտեղ նշված կլինեն գինու գործարանները իրենց տարածքներով:
«Անհրաժեշտ են գրագետ էքսկուսավարներ, որոնք ճիշտ կներկայացնեն գինու մշակույթը Հայաստանում, զարգացման պատմությունը և ավանդույթները: 2014 թվականի փետրվարին Հայաստանում հիմնադրվել է Երևանի գինու ակադեմիան (EVN Wine Academy), որտեղ կարելի է որակյալ կրթություն ստանալ: Կարծում եմ, գինու տուրիզմը չի կայանա միայն գինու շուրջ, անհրաժեշտ է համակարգված աշխատանք: Օրինակ, երբ ես Վրաստանում էի, գինու ոլորտը ներկայացնող բոլոր մասնագետները ըստ էության պատմում էին նույն պատմությունը, որ Վրաստանը գինու բնօրրանն է և իրենց գինու պատրաստման մեթոդը հնագույն է աշխարհում, նրանք համոզված են, որ բնական գինիների պատրաստման եղանակը իրենց երկրում է ծնվել։ Ըստ իս` ճիշտ ընտրված ռազմավարություն է, ես կցանկանամ, որ Հայաստանում էլ մշակվի ռազմավարություն, որը ճիշտ և հետաքրքիր կմատուցվի մեր հյուրերին»,- ասում է Մարիամ Սաղաթելյանը:
2005 թվականի ապրիլին Texas A&M University-ն Երևանում հիմնադրել է International Centre for Agribussiness and Education (ICARE) կրթական համալիրը: 2014 թվականին Semina Consulting ՓԲԸ-ն և ICARE-I-ը հիմնադրել են Երևանի գինու ակադեմիան (EVN Wine Academy): Ակադեմիան ունի հետազոտության և զարգացման կենտրոն, որի միջոցով նախատեսվում է ստեղծել վինիֆերա (vinifera) հայկական խաղողի բնիկ տեսակների դոնոր բանկ: Ակադեմիայում դասավանդում են բարձ որակավորում ունեցող մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս ոլորտում ունենալ որակյալ մասնագետ:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել