
Լիլիթի կյանքն ու վագոն-տնակը անհամատեղելի են
Հայաստանում ապրում է Մուկովիսցիդոզով հիվանդ 35 երեխա: Նրանցից մեկը 10-ամյա Լիլիթ Սարգսյանն է: Լիլիթի մասին «Հետքում» տպագրված մի քանի հոդվածները բուռն քննարկման թեմա դարձան:
Լիլիթին բուժող բժիշկուհի Սաթենիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աղջկա հիվանդության ընթացքը նման չի եղել Մուկովիսցիդոզ հիվանդության նախանշաններին: Այդ իսկ պատճառով կասկածներ են եղել: Նախնական ախտորոշումը տրվել է հենց Մուկովիսցիդոզ, Շվեդիայից ժամանած բժիշկը, նայելով Լիլիթի ախտորոշմանը, հաստատել է, որ նրա մոտ հենց այդ հիվանդությունն է:
«Լիլիթին պետք է աջակցություն: Այդ հիվանդությունն ունեցող երեխաները պետք է լավ սնվեն, եթե չսնվեն` իրենց դեղը ընդհանրապես պետք էլ չի լինի»,-ասում է Ս. Հարությունյանը:
Բժշկուհու խոսքերով` կա վիրուս, որն առաջանում է խոնավությունից, կեղտոտ ջրերից եւ այլն: Լիլիթի մոտ այդ վիրուսը դեռ չկա, սակայն չի բացառվում, որ առաջիկայում լինի, քանի որ այն պայմանները, որտեղ նա ապրում է, բարենպաստ է վիրուսի համար:
Լիլիթն ապրում է վագոն-տնակում: Այն խիստ վտանգավոր է հիվանդի կյանքի ու առողջության համար: 3 ամիսը մեկ Լիլիթն ու բոլոր հիվանդներն անվճար հետազոտվում են եւ ստանում են անվճար դեղորայք:
Սաթենիկ Հարությունյանն ասում է, որ Լիլիթի աջ թոքն իր ֆունկցիան ամբողջությամբ չի կատարում, կարելի է ասել` այն չի գործում: Սակայն Լիլիթի մոտ մեկ դրական բան կա. ենթաստամոքսային գեղձը շատ ախտահարված չէ այդ իսկ պատճառով Լիլիթը վտիտ չէ:
«Հետքը» շարունակում է կազմակերպել դրամահավաք` Լիլթի ընտանիքի համար Սիփանիկ գյուղում տուն գնելու նապատակով: Ովքեր ուզում են մասնակցել այդ նախաձեռնությանը, խնդրում ենք Լիլիթի մոր` Կարինե Սարգսյանի անունով բացված հաշվեհամարին փոխանցել հազար դրամ:
Մեկնաբանել