
Մաքսատուրքից ազատելու արտոնություն՝ «Արմենիա վայն» ՍՊԸ-ին
Կառավարությունը այսօրվա նիստում բավարարեց «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ի ներկայացրած հայտը, որով պետք է կիրառվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն՝ ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ։ Ներմուծվող սարքավորումների և մասերի, հումքերի ընդհանուր արժեքը 271 միլիոն դրամից ավելի է։
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք' նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- նշված է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից կառավարություն ներկայացրած որոշման նախագծում։
Ներմուծվող հումքերն ու նյութերը օգտագործվելու են գինու և կոնյակի արտադրության համար։ Ինչպես նշված է նախագծում՝ այդ հումքերն ու նյութերը չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։
Մեկնաբանել