
Ճագարներ բուծող գործարար. «Էնա պետությունը, որ ինձ չի խանգարում, տեղովն օգնություն ա»
Լարիսա Փարեմուզյան
Ալավերդցի Կարեն Խաչատրյանի ընտանիքն արդեն 8 տարի է` զբաղվում է ճագարաբուծությամբ: Իր արտադրանքով Կարենը սպասարկում է Ալավերդու բնակչությանը, Վանաձորի և Երևանի սուպերմարկետներին: Ալավերդիում Կարենի հաճախորդները նաև շաքարախտով հիվանդներն են: Գործարարի խոսքով, ճագարի մսի պահանջարկը մեծանում է հատկապես նոր տարվա շեմին: Բացի այդ, հարսանիքների սեղաններին հիմա հավի ճտի փոխարեն սկսել են կարմրացրած ճագար, որը նույնպես նպաստում է արտադրանքի արագ սպառմանը:
Կարենի խոսքով, ճագարաբուծությունը ժամանակատար գործ է: Ամբողջ ընտանիքով՝ որդին՝ Ալբերտը, կինը՝ Նունեն, աղջիկը՝ Յուլյան և Կարենը զբաղվում են ճագարների: Խնամքի գործում առաջատարը հատկապես որդին է՝ 9-րդ դասարանում սովորող Ալբերտը: Նա լսողության խնդիր ունի:
«Օգնում է ինձ տղաս, շատ է օգնում: Ազատ ժամանակ Ալբերտը զբաղվում է ճագարներով, մեկ էլ ֆիտնեսի է գնում: Դասարանում մաթեմատիկայից հատկապես առաջադեմ է: Երբ ջագարների տակը մաքուր չի լինում, Ալբերտն ինձ հանգիստ չի տալիս: Պահանջում է առաջնահերթ այդ գործն անելուց հետո հանգստանալ»,- ասում է Կարենը:
Նա ճագարների ֆերմա է գնում առավոտյան ժամը 7-ին: Իր ասելով՝ ամեն անգամ այցելելիս 2-3 ժամ է այնտեղ աշխատում: Ժամանակը ծախսվում է ֆերման մաքրելու, ճագարներին կեր, ջուր տալու վրա:
«Շատ մարդիկ տանը նստում ու բողոքում են, թե աշխատատեղ չկա: Դուրս չեն գալիս մի գործով զբաղվելու: Ալավերդցիներից որի հետ խոսում ես, ասում է պղնձաձուլական գործարանում աշխատանքի ընդունելություն չկա: Էդ գործարանը կարո՞ղ է ամբողջ քաղաքին աշխատանքի տեղավորի: Չեն հասկանում, որ ամեն մարդ պետք է իր ուղեղն աշխատացնի, մի բան էլ ինքն ստեղծի, մի 2 հոգու էլ աշխատատեղ տա»,-բացատրում է գործարարը:
Պետության կողմից աջակցություն ստանալու մասին մեր հարցին Կարենը կարճ է պատասխանում. «Էնա պետությունը, որ ինձ չի խանգարում, տեղովն օգնություն է»:
«Ալբերտը փոքր էր, եղեգնաձորցի ընկերս 2 ճագար նվիրեց նրան: Բերեցինք տուն: Հետո մեկը սատկեց: Աղջիկս՝ Յուլյան, ասաց՝ մի հատը միայնակ մեղք է, մեկն էլ առնենք, որ 2-ով լինեն: Մի հատ էլ ալավերդցի մի ճագար պահողից առանք: Ավտոտնակում մեծացրինք: Ձագեր տվեցին՝ 5 հատը էգ: Էգ ճագարներին ափսոսացինք մորթել: Էդպես սկսվեց»,-հիշեց Կարենը:
Գործն սկսելու համար Կարեն Խաչատրյանը 4 տարի առաջ «Արդշինինվեստբանկից» 4 հազար դոլար գյուղատնտեսական վարկ է վերցրել: Վարկն արդեն փակել է: Կարենը հորից «FORD» մակնիշի բեռնատար է ժառանգություն ստացել: Բեռնափոխադրումներով աշխատած փողը նույնպես ներդրել է բիզնեսում: Հիմա նա 200-ից ավելի ճագար ունի: Ճագարների ֆերման գտնվում է Ալավերդու Ս./Սարահարթ թաղամասի Պղնձագործների փողոցին հարող իր այգում:
«Ճագարը բնավորությամբ շատ խելացի կենդանի է: Ճանաչում է իրեն կերակրողին: Ճագար կա, որ մտնում եմ ֆերմա, պետք է 1-ինն իրեն փաղաքշեմ: Եթե իրեն չեմ սիրում, ջրաման, բան սաղ պոկում է տեղից: Նախանձում է, որ այլ ճագարի եմ սիրում: Շատ մաքրասեր են»,- պատմեց Կարենը և հավելեց, որ ժամանակին խոզաբուծությամբ էլ է զբաղվել։
«Աղջիկս էր օգնում, լողացնում էինք շամպունով, մազերը սանրում: Զգացի, որ այդ կենդանին իմը չէ: Եթե խոզին մի ժամ կեր չես տալիս, ամբողջ թաղամասն իմանում է, որ էդ խոզը սոված է: Ճագարներին 2 օր էլ կեր չտաս, պետքները չի: Զուսպ կենդանիներ են: Քչակեր են, բայց շատ վախկոտ են, դրա համար իրենց միսը յուրահատուկ միս է: Շաքարով հիվանդներն են ճագարի միսը շատ օգտագործում»,-պատմեց Կարենը։
Ճագարների համար կեր Կարենը գնում է Ախթալայի ալրագործարանից: Վերջինիս Եղվարդի մասնաճյուղը ցորենից, եգիպտացորենից, գարուց ճագարի հատուկ կեր է արտադրում։ Քանի որ ճագարի կերը թանկ է, շահույթն էլ քիչ է լինում: Կարենը ուսումնասիրել և պարզել է, որ ճագարի բուծման գործը Ռուսաստանում ավելի շահութաբեր է։
«Ռուսաստանում մեր փողով մեկ պարկ կերը 1800 դրամ է, մսի կգ-ը՝ 3800 դրամ՝ արժեքը կրկնակի անգամ կերից բարձր է: Իսկ մեզ մոտ հակառակն է, մեկ պարկ կերն արժե 4200 դրամ, ճագարի մսի 1 կգ-ն արժե 3000 դրամ»,-բացատրում է նա:
Ֆերմայում պայմաններ է ստեղծված մայր ճագարի և նրա նորածինների համար: Առանձին վանդակներում են պահվում նաև ծնելու նախապատրաստվող ճագարները: Կարենն ավելի ակտիվ ճագարներին անուններով է կոչում:
Ճագարների գիշերային անվտանգությունն ապահովում են ֆերմայի բակում կապած Կարենի շները: Ընտանիքը մոտ 40 հատ էլ հավ է պահում: Կինը՝ Նունեն և աղջիկը՝ Յուլյան ձմռան սառնամանիքին հագնում են իրենց ճագարների մորթուց Վանաձորում կարված մուշտակները: Այս ամսվա վերջին պատրաստ կլինի նաև մոր համար կարվող մուշտակը: Պահանջարկի դեպքում գործարարը պատրաստ է ճագարների մորթին առաջարկել մուշտակների արտադրության համար:
Ճագարների ֆերման ընդլայնելու գաղափարը հանգիստ չի տալիս Կարենին, սակայն գտնում է, որ այդ գործին արժե լծվել կերի էժանանալուց հետո. «Ճագարների եկամտից 200 հազար դրամը ամսական գնում է կերին, 100 հազարը դառնում է իմ շահույթը, մինչդեռ պետք է հակառակը լինի: Գոնե կերի 25 կգ-անոց պարկը 2500 դրամ՝ մեկ կգ մսի գին լինի: Այգի ունենք, այդ դեպքում կմտածեմ այգու տարածքում նոր մեծ ֆերմա կառուցելու մասին»,- ասում է գործարարը:
Կարենը գոհ է իր բիզնեսից:
Մեկնաբանություններ (38)
Մեկնաբանել