
Թե ինչպես է «գործիքը» սկսում գործիք փնտրել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայիս վիճակը, քաղաքական դաշտում որոշակի ինքնուրույնություն հանդես բերելու նկատելի համառությունը նրան դրել է այն մեծ ու համեղ պատառի կարգավիճակում, որին փորձում են տիրանալ բոլոր առանցքային խաղացողներն ու բեւեռները:
Պատճառը պարզ է` ԲՀԿ-ի ցանկացած կողմնորոշում` իշխանության մեջ մնալու կամ դրանից դուրս գալու եւ այլ առանցք ձեւավորելու հետ կապված, հանգեցնելու է քաղաքական դաշտի լրջագույն վերադասավորումների: Իշխանության մեջ նրա մնալու դեպքում` հիմնականում ընդդիմադիր դաշտում, որտեղ գտնվող ուժերը պետք է մտածեն իշխանության միասնական ու բավականին ազդեցիկ թիմին համարժեք հակակշիռ ստեղծելու մասին, իշխանությունից դուրս գալու դեպքում` թե իշխանական եւ թե ընդդիմադիր հատվածներում հավասարապես:
Շատ լավ հասկանալով, թե ինքն ինչպիսի արժեք է ձեռք բերում այս հավակնությունների ու հաշվարկների տիրույթում, ԲՀԿ-ն սկսում է խաղալ, ձգձգել այդ խաղը՝ թե իր շուրջը սկսված աճուրդում իր գինը բարձրացնելու, թե դրա միջոցով հանրապետության նախագահից հնարավորինս շատ զիջումներ կորզելու, իր դերակատարությունն իշխանությունում մեծացնելու համար: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենն, ի վերջո, մեծագույն ֆարս է` պսեւդո (կեղծ)-ընդդիմություն ստեղծելու պրոյեկտ, որի իմաստը իբրեւ ընդդիմություն, ԲՀԿ-ի գեներացման միջոցով դեմ տրամադրված կամ այլընտրանք փնտրող էլեկտորատի ձայները յուրացնելն է: Ամեն դեպքում, այս բոլորը միանգամայն տեղավորվում է քաղաքականության տրամաբանության մեջ:
Նույն տրամաբանությանն են, իհարկե, ենթարկվում նաեւ Հայ ազգային կոնգրեսի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ արվող ռեւերանսները, որոնք արդեն սկսել են բացահայտ բնույթ կրել: Դեռ անցած տարվա վերջերին, երբ նախագահ Սերժ Սարգսյանն իր կոալիցիոն գործընկերներից պահանջեց հստակեցնել իրենց դիրքորոշումը գալիք նախագահական ընտրությունում իր թեկնածությունը պաշտպանելու հարցում, ինչով եւ սկսվեց ՀՀԿ-ԲՀԿ այս ներքին դիմակայությունը, ՀԱԿ-ը նրբորեն ակնարկեց, որ եթե ԲՀԿ-ն հստակ սահմանազատվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, դեմ չէին լինի նրա հետ տանդեմ կազմել: Այս միտքը հնչեցվում էր ներիշխանական ինտրիգի յուրաքանչյուր սրման ժամանակ:
Բայց ահա ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ԲՀԿ-ին շատ հստակ առաջարկություն արեց. հայտարարիր Ռոբերտ Քոչարյանից եւ մարտի 1-ի ողբերգությունից տարանջատվելու, ինչպես նաեւ արդար ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, եւ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցության: Ավելին, ԲՀԿ-ին առանձնացնելով որպես քաղաքական երրորդ բեւեռ ձեւավորելու պոտենցիալ ունեցող ուժ՝ ըստ էության ՀԱԿ-ը նույնիսկ փաստացի առաջին անգամ ընդունեց իր երկրորդայնությունը եւ ԲՀԿ-ի գերազանցությունը, որովհետեւ մինչ այդ Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե քանի դեռ կա Հայ ազգային կոնգրեսը, որեւէ երրորդ բեւեռ ուղղակի չի կարող լինել: Սա կարելի է համարել ակնհայտ ու ցուցադրական զիջում ԲՀԿ-ին, ինչն առաջնորդությունը նրան զիջելով գայթակղելու տպավորություն էր թողնում:
ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ ոչ մի ընդհանրություն` ոչ քաղաքական, ոչ գաղափարական, ոչ էլ մոտիվացիոն, իհարկե, չունի, եւ դա բացառում է նրանց միջեւ երկարաժամկետ որեւէ գործընթաց: Տեր-Պետրոսյանն այլեւս չի էլ թաքցնում, որ ԲՀԿ-ին դիտարկում է ընդամենը որպես միջոց, խողովակ՝ իշխանությունը ներսից քանդելու համար: «Ցանկացած գերխնդրի, տվյալ պարագայում բռնապետությունը թոթափելու նպատակի շուրջ զանազան ուժերի, անգամ երբեմնի անհաշտ հակառակորդների համագործակցությունը ոչ միայն սովորական երեւույթ է, այլեւ անհրաժեշտ քաղաքական վարքագիծ: Վկա՝ բոլոր հեղափոխություններն ու ազգային-ազատագրական շարժումները, որոնք հաջողության չէին կարող հասնել առանց այլազան քաղաքական ուժերի համատեղ պայքարի»,- հայտարարում է Տեր-Պետրոսյանը:
Այս ամենն, իհարկե, հասկանալի է եւ բացատրելի քաղաքական նպատակների համատեքստում, որոնց ՀԱԿ-ը կարծես թե չի դավաճանում: Այսինքն՝ չշեղվելով նպատակից, նա պարզապես առաջարկում է ընտրել այլ մեթոդաբանություն եւ այլ գործիքակազմ: Եվ հենց այստեղ էլ բախվում ենք ամենաառանցքային հարցին. արդյո՞ք նպատակին հասնելու բոլոր միջոցներն են արդարացված, առավելեւս այս դեպքում, երբ խոսքը ոչ թե առանձին քաղաքական միավորի` Կոնգրեսի, այլ ավելի լայն` համաժողովրդական շարժման սկզբունքայնության, հետեւողականության եւ արդյունավետության հեռանկարի մասին է:
Ոչ այս հարցադրումը, ոչ էլ առհասարակ համաժողովրդական շարժումը զուտ քաղաքականության ոլորտից չեն: Ավելին, դրանք առաջին հերթին բարոյական կատեգորիաներ են: Հետեւաբար ԲՀԿ-ի, այսինքն՝ իշխանության մի մասի հետ հանուն նույն իշխանության հեռացման համագործակցության խնդիրը բացառապես քաղաքական կոնտեքստով ներկայացնելը ոչ միայն պարզունակ, այլեւ մանիպուլյացիոն ենթատեքստ ունեցող մոտեցում է:
Նախ` խոսքը ոչ թե այլազան ոժերի, այլ իշխանության մաս կազմող մի կուսակցության հետ գործակցության մասին է, որը հավասարապես եղել է ՀԱԿ-ի քննադատությունների ու մեղադրանքների թիրախը: Սա ոչ թե «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» հայտնի սկզբունքի կիրառում է, այլ, ըստ էության, բովանդակային առումով «թշնամուն» կամ նրա մի մասին բարեկամ ճանաչելու մոտեցում: Հնարավո՞ր է, արդյոք, համագործակցել մի ուժի հետ, որին հեռացնելու խնդիրը եղել եւ համարվում է Կոնգրեսի գոյության ողջ իմաստը:
Երբ ԲՀԿ-ի հետ համագործակցությամբ ոչ միայն մարտավարական խնդիր լուծելու` քաղաքական ուժերի դասավորությունը փոխելու (ինչը քաղաքական կատեգորիա է), այլ սահմանադրական կարգի վերականգնման եւ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման (որն արդեն բարոյական ու հանրային պատասխանատվության դաշտից է) խնդիր է դրվում ու նպատակ հռչակվում, երբ Ծառուկյան Գագիկի աջակցությունը ստանալու համար օլիգարխիան իրեն արմատական համարող ուժի ղեկավարի կողմից դադարում է երկրի հիմքերը քայքայող, վերացման ենթակա «դասակարգ» համարվելուց եւ վերածվում պոտենցիալ գործընկերոջ, ի հայտ է գալիս Կոնգրեսի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի սկզբունքայնության եւ նրանց իրական մտադրությունների նկատմամբ հավատի հարցը:
Ի վերջո, ո՞րն է նրանց նպատակը. ավազակապետությունը քարուքանդ անելով, ԲՀԿ-ին ու օլիգարխիային որպես գործիք օգտագործելով միայն՝ իշխանության գա՞լը, թե՞ հասարակական, քաղաքական այն ախտերի վերացումը, այն խնդիրների լուծումը, որոնք դրվել էին շարժման մեկնարկի սկզբին եւ որոնք մարդկանց երեք-4 տարի շարունակ հավատ են ներշնչել տերպետրոսյանական խոսքի ու գործողությունների նկատմամբ, նրանցից ոմանց դրդել անգամ ինքնազոհողությունների:
Այս համատեքստում ՀԱԿ-ը միայն քաղաքական ուժերի հետ հարաբերություններ ճշտելու խնդիր չէ, որ ունի: Այլ առաջին հերթին առերեսվելու այն հանրության հետ, որի անունից հանդես գալու իրավունք էր վերապահել իրեն: Հակառակ դեպքում ստացվում է, որ իրենց «գործիք» հռչակողները իրենց մասնավոր, խմբակային հավակնությունների բավարարման համար գործիք են դարձնում թե հանրության չարդարացող սպասելիքներն ու հավատը, թե իրենց անսկզբունքայնությունն ու անհետեւողականությունը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել