
Միջպետական ճանապարհի վթարային կամուրջը տագնապ է առաջացնում տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների մոտ
Ալավերդու ամենամեծ` Սարահարթ թաղամաս գնացող ճանապարհը քաղաքի ներքին հատվածին կապում են Թումանյան փողոցին հարող, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 47,9 կմ-ի վրա գտնվող երկու կամուրջներ: Դրանք կառուցված են Դեբեդ գետի վրա և ծառայում են նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի երթևեկությանը: Կամուրջներից մեկը կառուցվել է 1961թ.-ին: Վերջինիս հարևանությամբ գտնվող 2-րդ կամուրջը կառուցվել է 1989 թ.-ին:
Հիշեցնենք, որ 2-րդ կամրջի կառուցման անհրաժեշտությունը Ալավերդիում առաջացել է հին կամրջի վթարային վիճակի պատճառով։ Ալավերդու ավտոձեռնարկության ավտոբուսների և բեռնատարների վարորդների 1989թ. հունիսին կայացած գործադուլի արդյունքում որոշվեց կառուցել նոր կամուրջ։ Վարորդները հին կամրջի երթևեկության վտանգները զգալով` մեկ օր դուրս չեն եկել աշխատանքի և տեղական իշխանությունից պահանջել են ապահովել իրենց երթևեկության անվտանգությունը: Կամրջի վտանգների մասին Ալավերդու քաղաքային խորհուրդի գործկոմը տեղյակ է պահել այն ժամանակվա կառավարությանը: ՀՀ տրանսպորտի նախարարության մասնագիտական հանձնաժողովի եզրակացությամբ` կամուրջը ճանաչվել է վթարային, և տրանսպորտի նախարարության միջոցներով Իջևանի կամրջաշինարարների կողմից վթարային կամրջի կողքին կառուցվել է 2-րդ կամուրջը:
Անցել է 27 տարի, թե այդ տարիներին տեխնիկական ինչ փոփոխությունների է ենթարկվել հին կամուրջը, երբևէ չի ուսումնասիրվել, սակայն վերջինիս շահագործումը շարունակվել է: Շինարար Մարտուն Ազատյանի ասելով` կամուրջները սովորաբար նախատեսվում են 100 տարվա համար:
Միջպետական ճանապարհի 55 տարեկան կամուրջը երբևէ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Կամրջի մակերեսային երկաթբետոնե կոնստրուկցիաները քայքայված և բաց վիճակում են: Դրանք վտանգներ են ստեղծում նաև հետիոտնի երթևեկության համար: Կամրջի Թումանյան փողոցին միացող կոնստրուկցիաներն ու դրանց ամրակները հենված են Դեբեդ գետին հարող հենապատի վրա: Գետի՝ մոտ 60 տարի առաջ կառուցված հենապատը նույնպես վթարային և քայքայված է: Կամրջի վրայով վերջին տարիներին պարբերաբար երթևեկել են Թուքիայից և Բաթումիից Երևան բեռնափոխադրումներ կատարող հսկա բեռնատարները, որոնք էլ ավելի են վատթարացրել վիճակը:
Ներկայումս մարդատար ամենափոքր ավտոմեքենայով անցնելիս կամուրջը ցնցվում է: Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը մեզ հայտնեց, որ կոնկրետ չի տիրապետում մեր մատնանշած կամրջի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների:
Նա խոստացավ մասնագետ-շինարար ուղարկել` կամրջի անվտանգությունը տեղում ուսումնասիրելու համար. «Կամուրջը ինժեներական հատուկ կառույց է: Անհրաժեշտության դեպքում մենք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մասնագիտական հանձնաժողով կպահանջենք՝ տեխնիկական վիճակը և շահագործման նպատակահարմարությունը ուսումնասիրելու համար: Մարզում հատկապես կամուրջների վիճակը շատ ծանր է»,- հայտնեց Ա. Ջանազյանը:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետից փորձեցինք տեղեկանալ՝ արդյո՞ք այդ կամրջի վերակառուցումը նախատեսված է ընթացքի մեջ գտնող «Վանաձոր-Բագրատաշեն» միջպետական ճանապարհի վերանորոգման ծրագրում: Արմեն Ջանազյանը այդ տեղեկատվությանը չէր տիրապետում: Մեր հարցմանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի ղեկավար Էմիլ Սարգսյանը հայտնեց, որ «Վանաձոր-Բագրատաշեն» միջպետական ճանապարհի վերակառուցման ծրագրով նախատեսված է 12 կամուրջների վերանորոգում: «Վանաձոր-Ալավերդի» ճանապարհահատվածի 47,9 կմ-ի վրա գտնվող Ձեր նշած կամուրջը նախատեսված է վերակառուցել ծրագրի 2-րդ փուլով, որի աշխատանքերը կարող են սկսվել 1-1,5 տարի հետո»,- հայտնեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի ինժեներ Ռուբեն Ավագյանը: Թե մինչ վերակառուցելը ինչ անկնկալներ կմատուցի հորդառատ Դեբեդի վրա գտնվող վթարային կամուրջը՝ դժվար չէ ենթադրել: Առայժմ այն միայն երթևեկող վարորդներին և ուղևորներին տագնապ է պարգևում:
Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը տեղյակ է կամրջի վտանգներից: Ասաց, որ կամուրջը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում է և դրա հետագա շահագործման անվտանգության երաշխավորը նախարարությունն է: Քաղաքապետը նույնպես խոստացավ նախարարությունից պահանջել մասնագիտական հանձնաժողով՝ կամրջի տեխնիկական վիճակն ուսումնասիրելու և հետագա շահագործման նպատակահարմարությունը որոշելու համար:
Մեկնաբանել