
Հանրապետական գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի հետընտրական հաշվեհարդարը Արևածագում
Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Արևածագը բաժանված է թշնամական 2 բանակների: Գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը իր լիազորություններն ընդունելուց 2 օր հետո՝ նոյեմբերի 23 –ին համայնքային ծառայողներ, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Սիլվա Բաղդասարյանից և հաշվապահ Ռուզաննա Հարությունյանից դիմում է պահանջել՝ աշխատանքից ազատվելու համար: «Ես ձեզ հետ չեմ աշխատելու: Դուք խոչընդոտել եք ընտրությունները, նրա կողմից եք եղել, դուք ձեր ընտանիքներով նրա կողմն եք եղել»,- ասել է Ա.Հովհաննիսյանը:
Ի, դեպ, նման գործելակերպ է ունեցել նախկին գյուղապետը՝ Սամվել Սարգսյանը: Վերջինս նույնպես գյուղապետի թեկանծու էր։
Գյուղապետարանը
Սիլվա Բաղդասարյանի ասելով՝ Արթուր Հովհաննիսյանը, մինչ գյուղապետի ընտրության օրը, այցելել է իր տուն՝ պարզելու, թե թեկնածուներից ում կողքին է լինելու նրա ընտանիքը: «Ես իրեն հարցրի՝ ի՞նչ ծրագրեր ունեք գյուղապետ ընտրվելու դեպքում: Ասաց, իմ ծրագիրն այն է, որ գամ մի քանիսի բերանը ջարդեմ, մի քանիսի լեզու կարճացնեմ»,-պատասխանել է Ա. Հովհաննիսյանը:
Աշխատակազմի ղեկավարը դա գյուղապետին վայել խոսք չի համարել, հոկտեմբերի 2-ին գերադասել է ընտրել նախկին գյուղապետ Սամվել Սարգսյանին:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ համայնքային աշխատողը աշխատանքից կարող է ազատվել 1-ին հերթին իր անձնական դիմումի համաձայն: Ա. Հովհաննիսյանը փորձել է օրենքի այս պահանջի՝ ամեն գնով կիրառմամբ ազատվել աշխատակազմի քարտուղարից և հաշվապահից: Նա նոյեմբերի 23-ից մինչև 29-ը Սիլվայից և Ռուզաննայից «երկու ոտքը մի կոշիկում դրած» պահանջել է իր ցանկացած դիմումը: Մի քանի դիմումներով Սիլվան և Ռուզաննան բացատրություն են պահանջել Ա. Հովհաննիսյանից: Գյուղապետը չի ընդունել և չի պատասխանել: Նոյեմբերի 29-ին Ռուզաննան և Սիլվան իրենց ասելով՝ ճարահատյալ դիմում են գրել աշխատանքից ազատվելու համար: Նրանք ասում են, որ գյուղապետն իրենցից պահանջել է դիմումում անպայման գրել «խնդրում եմ ազատել» բառակապակցությունը:
«Եթե ես պայքարեի, նա ինձ երբեք չէր կարող ազատել աշխատանքից, քանի որ օրենքը իմ կողմն էր, սակայն առողջությունս այլևս չէր դիմանում գյուղապետի ոտնձգություններին»,-բացատրեց Սիլվան:
Ա. Հովհաննիսյանը Ռուզաննային զգուշացրել է, որ դիմում չգրելու դեպքում, աշխատանքային գրքույկում այնպիսի գրառում կանի, որ ոչ մի տեղ այլևս չեն ընդունի աշխատանքի: Դեկտեմբերի 15-ին գյուղապետարանում մեզ հետ զրուցելիս Արթուր Հովհաննիսյանը ժխտեց դա. «Ոչ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարից և ոչ էլ հաշվապահից ես նման բան չեմ պահանջել: Ես այդ իրավունքը չունեմ, նրանք համայնքային ծառայողներ են: Իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից»:
«Երեք օր անընդհատ գալիս էր գյուղապետարան մեզ հետ վիրավորական բառերով խոսում: Ասում էր՝ ինձ համար ցանկալի կլիներ, որ ես գայի ձեզ ոչ մեկիդ այստեղ չտեսնեի: Ավելի ճիշտ կանեիք դուք նախօրոք ազատվեիք աշխատանքից՝ գայի տեսնեի այստեղ մարդ չկա»,- պատմում է Սիլվան:
Սիլվան 20 և ավելի տարիներ աշխատել է Արևածագի գյուղապետարանում, որից 9 տարին եղել է աշխատակազմի քարտուղար, մինչ այդ վարել է համայնքի հողի հարկի բազան: Որպես համայնքային ծառայող՝ իր բարեխիղճ աշխատանքի համար բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել: Նա աշխատակազմի քարտուղար է աշխատել նաև Ա. Հովհաննիսյանի հետ:
Ռուզաննան գյուղապետարանում հաշվապահ է աշխատել 8 տարի: Նա մասնագիտությամբ ուսուցիչ է: Ռուզաննային գյուղապետարանում աշխատանքի է հրավիրել հենց Ա. Հովհաննիսյանը:
«Ճիշտն ասած՝ ցանկացած համայնքապետ իրավունք ունի իր թիմը ստեղծելու, բայց նորից եմ կրկնում, իմ կողմից որևէ ճնշում չի եղել, նախկին աշխատակիցների նկատմամբ: Ուղղակի նրանք հասկացան, որ մեր համատեղ աշխատանքը անկարելի է»,- պնդեց Ա.Հովհաննիսյանը:
Հարցիս, թե աշխատանքից ազատելու դիմում պահանջուց առաջ և ազատելուց հետո Ս. Բաղդասարյանի և Ռ. Հարությունյանի աշխատանքում որևէ խախտում հայտնաբերե՞լ է: Ա.Հովհաննիսյանը պատասխանեց ՝ոչ: «Նրանք կարգապահական ներքին կանոնների խախտումներ են թույլ տվել, ես նախազգուշացրել եմ: Դե, հանձնարարությունս չեն կատարել, թուղթ կար լրացնելու, բնակչին ուղարկեցի, որ քարտուղարը լրացնի տեղեկանքը, ինքը չէր լրացրել, որի համար ես նախազգուշացում եմ տվել նրան: Դրանից մեկ, թե երկու օր հետո, չեմ հիշում, դիմում է ներկայացրել դեկտեմբերի 1-ից աշխատանքից ազատվելու համար: Հաշվապահը՝ նույնպես»,-հայտնեց գյուղապետը:
Սիլվա Բաղդասարյանը գյուղապետի իրեն տրված նախազգուշացման հետ կապված մեզ պարզաբանեց. «Իր աշխատանքային 3-րդ օրը՝ երեկոյան ժամը 6-ին 10 պակաս Ա. Հովհաննիսյանն իրեն կողմնակից մարդկանցից մեկի հետ բանկային տեղեկանքի բլանկի ձև էր ուղարկել ինձ մոտ, որ մենակ ընտանիքի կազմի տվյալները լրացնեմ և հետ ուղարկեմ իրեն: Այդ տեղեկանքը կազմված է 3 բաժնից ՝ընտանիքի կազմ, անասունի և հողային տվյալներ: Եթե անասունի տվյալները ես չգրեի, նա ինչ ցանկանար, էն պետք է գրեր բլանկում: Բայց անասունների տվյալները ես հունվարի 1-ի դրությամբ հաշվառել եմ, ես հիմար չեմ, որ էդքան գործընթացը անելուց հետո, իրեն ասած կեղծիքներն անեի: Գյուղացին որքան անասուն ունի, տեղեկանքում այդքան պետք է գրվի, ոչ թե ավել: Իսկ ինձանցի Ա. Հովհաննիսյանը այդ էր պահանջում»:
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 25-ի 4 –րդ կետի համաձայն՝ համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին. «Եթե համայնքի ղեկավարը գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի ՀՀ օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության»,-հայտնում է օրենքը:
Տվյալ դեպքում գյուղապետը աշխատակազմի ղեկավարից պահանջել է լրացնել անօրինական տեղեկանք՝ իր քրեական հետևանքներով, որը Սիլվա Բաղդասարյանը իրավացիորեն չի կատարել: Այստեղից էլ գյուղապետի աշխատակազմի ղեկավարի նախազգուշացման մասին որոշումը եղել է անհիմն:
Ա.Հովհաննիսյանն իր թիվ 30 որոշմամբ նոյեմբերի 28-ին նախազգուշացում է տվել նաև հաշվապահ Ռ. Հարությունյանին, որտեղ հայտնել է. «Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ինչպես նաև աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու համար աշխատակազմի առաջատար մասնագետ՝ հաշվապահ Ռուզաննա Հարությունյանին տալ նախազգուշացում»: Թե կարգապահական ինչ կանոն է խախտել, կամ ծառայողական որ պարտականությունը չի կատարել հաշվապահը՝ գյուղապետը չի նշում:
Ռուզաննան հայտնեց, որ Ա. Հովհաննիսյանը իրենց համատեղ աշխատանքայինի մի քանի օրերին իրեն ընդամենը հանձնարարել է վճարել գյուղապետարանի աշխատողների աշխատավարձը՝ ինքը բարեխղճորեն կատարել է հանձնարարությունը:
Արթուր Հովհաննիսյանը հաշվեհարդար է տեսել նաև ազատամարտիկ Աբգար Վարդանյանի ընտանիքի հետ: Աբգարի կինը՝ բազեդովյան հիվանդությամբ տառապող Լաուրա Չատինյանը մեզ պատմեց, որ իր ընտանիքը գտնվում է սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքը 88-ի երկրաշարժից հետո ապրում է տնակում: Ողնաշարից հիվանդ ազատամարտիկ Արգամը վերջապես տուն կառուցելու և ընտանիքի գոյությունը պահպանելու համար մի քանի ամիս առաջ մեկնել է Ռուսաստանի դաշնություն՝ աշխատելու: Նրա ընտանիքն իր գոյությունը պահում է Աբգարի մոր՝ 86-ամյա Աստղիկ Վարդանյանի 40 հազար դրամ կենսաթոշակով. «Ասթմայով հիվանդ եմ, թոշակս նույնիսկ իմ դեղերին չի հերիքում, ինչ ասեմ»,- դժգոհեց Աբգարի մայրը:
Նախկին գյուղապետը Աբգարի ընտանիքին գոյատևելու համար գյուղի հանդիսությունների սրահի սպասքի տրամադրման գործը տվել է Լաուրային: «Մարդիկ ուրախության և տխրության արարողություններից հետո մեզ ուտելիք, թխվածք, երբեմն փող էին տալիս, դրանով էինք յոլա գնում: Ընտրություններին մենք Արթուր Հովհաննիսյանին չենք ընտրել, քանի որ նա իր նախորդ պաշտոնավարման ժամանակ գյուղից բանակում ծառայող զինվորների ընտանիքներին 2 հազար դրամ օգնություն տվեց՝ իմ զինվոր տղայի համար մեզ չտվեց»,-պատմեց Լաուրան:
Ազատամարտիկի ընտանիքի հետք կապված «Հետքը» բացատրություն խնդրեց Արևածագի գյուղապետից. «Սպասքի գործը հաստիքային աշխատանք չէ, բայց այդ գործը Լաուրայից վերցրել և տվել եմ իմ թիմակից Ռիմային»,-պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը:
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել