
Այս տարի սպասվում է ցուրտ ձմեռ
Առաջիկա 5 օրերի ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը հարավային շրջաններում` Սյունիքում, Վայոց Ձորում հնարավոր է թույլ ձյուն, նույն տեղումները հաջորդ օրը սպասվում են նաև Տավուշում և Լոռիում: Այնուհետև կգերակշռի առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերը կլինեն տաք:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ նոյեմբերին Արարատյան դաշտավայրում, Երևանում օդի միջին ամսական ջերամստիճանը 2 աստիճանով ցածր է եղել նորմայից, մնացած շրջաններում` 3-4 աստիճանով: Գեղարքունիքում տեղումները եղել են նորմայից ավելի, իսկ մյուս շրջաններում` նորմայից պակաս և կազմել են նորմայի 70-80%-ը: Ամսական միջին ջերմաստիճանը Երևանում դեկտեմբերին սովորաբար լինում է 0.5 աստիճան, հունվարին` -3 -ից մինչև -5 աստիճան, փետրվարին` -2 աստիճան:
Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կազմել է 7-8 աստիճան ցուրտ: Առաջիկա գիշերը հանրապետությունում սպասվում է ամպամածության ավելացում:
Զ. Պետրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 4-ից հետո սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, ամսի 5-ին և 6-ին առավելագույն ջերմաստիճանն ակնկալվում է 7 աստիճան, նվազագույնը` 3-4 աստիճան: Այդ օրերին Տավուշում առավելագույն ջերաստիճանը կարող է հասնել 9-12 աստիճանի, Սյունիքում` 5-10 աստիճանի:
Սակայն Զ. Պետրոսյանի խոսքերով` այս տարի ձմեռը կանխատեսվում է «նորմայից ցածր, միջին ցրտության ձմեռ», այն դեպքում, երբ նախորդ տարվա ձմեռը եղել է շատ ավելի տաք: Ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-3 աստիճանով: Տեղումները նույնպես կլինեն նորմայից քիչ, սակայն, Զ. Պետրոսյանի խոսքերով, դա չի նշանակում, որ ձյուն չի լինելու: Արարատյան դաշտում և Երևանում կայուն ձնածածկ դեռևս չկա, առաջիկայում էլ չի սպասվում: Սովորաբար այն սպասվում է դեկտեմբերի երրորդ տասնօրյակում:
Զ. Պետրոսյանը նշեց, որ ձմռան առանձին օրերին կգրանցվի ցածր ջերմաստիճան` հատակապես հունվարին, որն ամենացուրտ ամիսն է: Իսկ ամանօրյա եղանակի կանախտեսումներ անելը դեռ վաղ է:
Զ. Պետրոսյանը նաև հավելեց, որ եղանակային պայմանները դեռևս գյուղատնտեսությանը վտանգ չեն սպառնում: Ցրտահարությունները վտանգավոր են, երբ ձմեռը տաք է: Մարտին, անգամ ապրիլի սկզբին չեն բացառվում «ցուրտ ներխուժումները», ինչը կարող է վնաս հասցնել: Սակայն գարնանային ցրտահարությունների մասին կանխատեսումներ անելը դեռևս վաղ է:
Մեկնաբանել