
Գործարար․ «Ֆակտուրան գործելու դեպքում կբացահայտվի օլիգարխների ստվերային շրջանառությունը»
Սպտեմբերի 4-ին Ազգային ժողովը «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածը վերանայել և 2017թ.-ի համար սահմանել է ոգելից խմիչքների և ծխախոտի տուրքերի նոր դրույքաչափեր: Դրանք սահմանելիս օրենսդիրը հաշվի է առել ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքով զբաղվող տնտեսավարողների առևտրի զբաղեցրած տարածքները՝ արտահայտված քառակուսի մետրերով:
Ալավերդիում առ այսօր մեծ սուպերմարկետները փոքր ու միջին խանութների հետ ոգելից խմիչքների նույն՝ 12 հազար դրամ, իսկ ծխախոտի վաճառքի 10 հազար դրամ տուրքեր են վճարում համայնքի բյուջեին: Սա մշտապես առաջացրել է փոքր խանութների տերերի դժգոհությունը:
Ալավերդցի գործարարների ասելով` դա էլ «Տեղական տուրքերի ու վճարների» մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը վերանայելիս և ծխախոտի ու ոգելից խմիչքների նոր դրույքաչափեր սահմանելիս շահարկվել է խորհրդարանական մեծամասնության կողմից՝ի վնաս փոքր ու միջին խանութների տերերի:
Համայնքի ավագանին նոյեմբերի 30-ին առաջնորդվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի փոփոխություններով` իր 75-Ն որոշմամբ հաստատել է քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի առաջարկությունները և սահմանել է համայնքի տարածքում ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի տուրքերի 2017թ.-ի միասնական նոր դրույքաչափեր: (Տես աղյուս.)
ծխախոտի առևտրի կազմակերպման տուրքերի դրույքաչափեր |
||
Տարածքի մակերես ք.մ.- ով |
օրենքով սահմանված տուրքի դրույքաչափ(դրամ) |
ավագանու որոշմամբ սահմանված տուրքի միասնական դրույքաչափ(դրամ) |
մինչև 26ք.մ. |
մինչև 10.000 |
10.000 |
26ք.մ-50ք.մ. |
մինչև 13.000 |
10.000 |
51ք.մ.-100ք.մ. |
մինչև 20.000 |
16.000 |
101ք.մ.-200ք.մ. |
մինչև 25.000 |
18.000 |
201ք.մ.-500ք.մ |
մինչև 45.000 |
25.000 |
501ք.մ. և ավելի |
մինչև 100.000 |
60.000 |
ոգելից խմիչքների առևտրի կազմակերպման տուրքերի դրույքաչափեր |
||
Տարածքի մակերես ք.մ.- ով |
օրենքով սահմանված տուրքի դրույքաչափ(դրամ) |
ավագանու որոշմամբ սահմանված տուրքի միասնական դրույքաչափ (դրամ) |
մինչև 26ք.մ. |
մինչև 10.000 |
10.000 |
26ք.մ-50ք.մ. |
մինչև 13.000 |
12.000 |
51ք.մ.-100ք.մ. |
մինչև 20.000 |
16.000 |
101ք.մ.-200ք.մ. |
մինչև 25.000 |
20.000 |
201ք.մ.-500ք.մ |
մինչև 45.000 |
30.000 |
501ք.մ. և ավելի |
մինչև 100.000 |
70.000 |
Ավագանուն ներկայացրած իր առաջարկությամբ Կ.Փարեմուզյանը որևէ լումա չի նվազեցրել մինչև 26քմ մակերեսի վրա առևտրով զբաղվողների ոգելից խմիչքի և ծխախոտի տուրքերի դրույքաչափից: Այն մնացել է 10 հազար դրամ:Դրա փոխարեն 500ք.մ. և ավելի առևտրական մակերեսի վրա ոգելից խմիչք և ծխախոտ վաճառող խոշոր տնտեսավարողների համար օրենսդրի կողմից առաջարկվող մինչև 100 հազար դրամ տուրքից Կարեն Փարեմուզյանը 2017թ.-ի եռամսյակի համար սահմանել է ծխախոտի 60 հազար, ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության 70 հազար դրամ տուրքեր: 201ք.մ.-ից 500ք.մ. մակերեսի վրա առևտուր կատարող սուբյեկտների համար ծխախոտի առաջարկվող մինչև 45 դրամ դրույքաչափից սահմանել է 25 000 դրամ, իսկ ոգելից խմիչքի վաճառքի համար 30 հազար դրամ տուրքեր:
Ալավերդու գործարարները վրդովմունքով են ընդունել ինչպես «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի փոփոխություները, այնպես էլ դրանցից բխող ավագանու նոյեմբերի 30-ի 75-Ն որոշմամբ ընդունված Ալավերդու տնտեսավարողների տուրքերի միասնական դրույքաչափերը:
Գործարարները մեզ հետ զրույցում մեղադրեցին նաև 75-Ն որոշումը միաձայն քվեարկող ավագանու անդամներին՝ առանց իրենց կարծիքը լսելու քաղաքապետի առաջարկը միաձայն քվեարկելու համար: Ավագանու անդամներ Արտուշ Աբելյանը և Աշոտ Առաքելյանը 75-Ն որոշման իրենց քվեարկության հետ կապված «Հետքին» բացատրեցին, որ քաղաքապետի առաջարկությանը կողմ են քվերակել հաշվի առնելով քաղաքի փոքր, միջին և խոշոր տնտեսավարողների ոգելից խմիչքների ու ծխախոտի տուրքերի վճարման անհավասար պայմանները:
«Որպես բիզնեսմեն ես տրամաբանում եմ՝ ենթադրենք իմ 100ք.մ. տարածքի 1մ լայնությամբ և 2 մ բարձրությամբ մի պահարանում վաճառում եմ ծխախոտ, մի 2 մետրի վրա էլ 50 շիշ ոգելից և ալկոհոլային խմիչք: Բայց ես իմ առևտրի 100 մետր տարածքում վաճառում եմ նաև տնտեսական ապրանքներ, կահույք,բաջարեղեն, միս: Մի՞թե արդարացի է իմ առևտրի ամբողջ մակերեսը հիմք ընդունել ոգելից խմիչքի կամ ծխախոտի տուրք սահմանելու համար»,- ասում է «Մանվել Ռամազյան» ԱՁ խանութի սեփականատերը:
Վերջինիս խոսքով տվյալ դեպքում Ալավերդու տեղական ինքակառավարման մարմինը քաղաքի տնտեսավարող սուբյեկտից առևտրի շրջանառության հարկ չի ուզում, նա ընդամենը տուրք է ուզում ծխախոտի և ալկոհոլային խմիչքի վաճառքի կազմակերպման համար: Մինչև 26 քմ տարածքում առևտրով զբաղվող «Սիլվա Փարեմուզյան» ԱՁ մթերային խանութի վաճառող Էդիկ Օհանյանը մասնագիտությամբ տնտեսագետ է. «Ավագանու որոշումով 2017թ.-ի հունվարից եռամսյակում պետք է վճարենք 10 հազար դրամ ոգելից խմիչքների և 10 հազար դրամ ծխախոտի վաճառքի տուրքեր:Մի քանի տարի առաջ վճարում էինք 7 հազար դրամ տուրք: 2014թ-ից քաղաքապետարանը տուրքերը կտրուկ բարձրացրեց՝ ոգելից խմիչքների համար սահմանեց 12 հազար դրամ, ծխախոտի համար 10 հազար դրամ տուրք: Էդիկ Օհանյանի ասելով ոգելից խմիչքների և ծխախոտի տուրքերն ու վճարները սահմանելուց առաջ Հայաստանի առևտրում ամեն ինչ պետք է կատարվի ապրանք ֆակտուրայով, որպեսզի խանութի տերը քաղաքապետարանին ներկայացնի, թե ահա խնդրեմ, ինքը ֆակտուրայով այսքան ապրանք է ստացել, և պատրաստ է վճարել իր ստացած ոգելից խմիչքի ու ծխախոտի քանակին համարժեք տուրքեր:
«Ճիշտը սա կլիներ: Որ Հայաստանում ֆակտուրան կեղծ է, ու չի գործում՝ գործելու դեպքում էլ կբացահայտի օիգարխների ստվերային շրջանառությունը, տուրքերի և վճարների մասին օրենք սահմանողները դա գիտեն: Դրա համար չեն կարողանում կողմնորոշվել օրինական տուրքեր և վճարներ սահմանելու գործում»,- բացատրում է Է. Օհանյանը: Գործարար Սեյրան Ռամազյանը իր 100ք.մ.առևտրի տարածքում լավաշ է արտադրում, վաճառում է նաև հաց, կաթնամթերք, կոնֆետներ և մի փոքր տարածքի վրա ոգելից ու ալկոհոլային խմիչք և ծխախոտ։
«Ինչ անենք, փակենք մեր գործը: Շուրջ 7 աշխատողների թողնենք անաշխատանք, ինչու է պետությունը մեզ ստիպում գնալ դրան: Ինչ է նշանակում մեկ մետրի վրա վաճառվող ծխախոտի և մի քանի մետրի վրա վաճառվող ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության տուրք սահմանելու համար հաշվարկել լավաշ թխելու, կոնֆետ ու երշիկեղեն վաճառելու իմ ամբողջ տարածքը»,- ասում է Ս. Ռամազյանը:
Ալավերդիում մթերային խանութների պակաս չկա, սակայն բացառությամբ մի քանի սուպերմարկետների,մանր ու միջին խանութները աշխատում են հսկա պարտքացուցակներով: Սոցիալական ծանր վիճակում հայտնված բնակիչները իրենց ընտանիքների գոյությունը պահում են այդ խանութներից վերցրած ապառիկ սննդամթերքի հաշվին։
«Արդեն 1,5 մլն դրամի պարտք ունենք, որը չենք կարողանում պարտքատերերից հավաքել»,-ասում է մինչև 26 քմ տարածքում աշխատող փոքր խանութի տերերից Կ.Վ.-ն: Վերջինս պատմեց, որ օրերս զանգահարել է խանութի իր պարտքատերերից մեկին և հիշեցրել մի քանի տարի առաջ վերցրած մթերքների 80 հազար դրամ պարտքի մասին: «Դեռ էդ պարտքի մասին չե՞ս մոռացել»,- պատասխանել է պարտքատերը:
«Սոցիալապես անապահով բնակչության գոյատևելու բեռը Ալավերդիում իրենց ուսերին տանում են փոքր ու միջին խանութների տերերը»,- ասում է Մանվել Ռամազյանը, ով անթույլատրելի է համարում իրենց առևտրի տարածքների մակերեսով տուրքեր և վճարներ սահմանելը: «Հիմա իմ փոքր խանութի ծախսերը հաշվեմ՝ 22 հազար տուրքեր, 30 հազար դրամ հարկ հարկայինին, ամիսը 35 հազար դրամ խանութի տարածքի վարձակալության վճար, 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի վարձ: Տեղական տուրքերի և վճարների վերջին բարձրացումը անիմաստ էր: Լրիվ անիմաստ: Այսօր մարզերի ոչ մի խանութ հարկային նման պայմաններում հնարավորություն չունի առաջարկվող հարկերը վճարելու»,- բացատրեց Կ.Վ.-ն:
«Սննդի 10,20 դրամներով փող աշխատող փոքր և միջին խանութների համար ալկոհոլային խմիչքների և ծխախոտի առաջարկվող անգամ 10 հազար դրամ տուրքերը աղետ են»,- ասում է տնտեսագետ Էդիկ Օհանյանը: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ասելով, խորհրդարանում «Տեղական տուրքերի ու վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի վերանայման ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը իր հիմնավորումները ներկայացրել է Երևանի փոքր ու միջին խանութների օրինակով: Բայց մենք գիտեինք, որ առաջարկվող դրույքաչափերը մարզերում, առավել ևս Ալավերդու նման քաղաքներում իրենց չեն արդարացնելու: Այս առումով ես կիսում եմ նաև Ալավերդու գործարարների կարծիքը՝ ֆակտուրաներով ապրանքների քանակով տուրքեր սահմանելու հետ կապված: Սակայն այդ դեպքում, ճիշտ են նրանք, կբացահայտվի խոշոր մատակարարների ստվերային շրջանառությունը, որն էլ ձեռք չի տալիս խորհրդարանական մեծամասնության քվեարկողներին: Ես այդ մասին հայտնել եմ հարցի քննարկման իմ ելույթում: Ցավոք իմ առաջարկությունները խորհրդարանում չեն անցել: Նայեք քվեարկության արդյունքները և դուք կհասկանաք, թե ինչու»,- ասաց պատգամավոր Մ. Մելքումյանը:
Մեկնաբանել