
Բրիտանացի լրագրող Դեյվիդ Լի. «Կոռուպցիան սահմաններ չունի»
Դեկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվեց «Թվապատում հետաքննություն․ մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը: Միջոցառման նպատակն էր խթանել հետաքննական լրագրությունը Հայաստանում և ստեղծել մեդիա հարթակ՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կոռուպցիայի դրսևորումներն ու մարդու իրավունքներին առնչվող խնդիրները քննարկելու համար:
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած այս կոնֆերանսին հյուրընկալվել էին հայտնի լրատվամիջոցներ և հետաքննական լրագրության կենտրոններ ներկայացնող 16 բանախոսներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիտվայից, Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից: Նրանք զեկույցների, ցուցադրությունների և գործնական պարապմունքների միջոցով իրենց փորձն ու ձեռքբերումները ներկայացրին Հայաստանի գործընկերներին:
Հետք»-ը բանախոսների ելույթներից առանձնացրել է առավել հետաքրքիր մտքերը եւ ներկայացնում է ընթերցողի ուշադրությանը: Նրանցից ոմանց հետ հարցազրույցները կհրապարակենք առաջիկայում: Իսկ ելույթների ամբողջական տեսագրությունը շուտով կարող եք գտնել «Թվապատում հետաքննություն» կայքում:
Բիլ Ալփերթ, Barron’s շաբաթաթերթի ավագ խմբագիր, ԱՄՆ, զեկույցի թեման՝ «Հայերը և մյուսները՝ ԱՄՆ-ի հանրային տվյալների բազաներում»
«Մեր առաքելությունը ներդրում անողներին խարդախներից պաշտպանելն է: Մենք խորանում ենք թվերի մեջ, վերլուծում դրանք, մտածում դրանց մասին եւ ընթերցողին ասում՝ խելքին մո՞տ են այդ թվերը, թե՞ ոչ»:
« Barron’s»-ը սակավաթիվ եկամտաբեր շաբաթաթերթերից է, որովհետեւ մենք ընթերցողների փողն ենք պաշտպանում, դրա համար էլ նրանք հաճույքով վճարում են»:
Ռիտաս Ստասելիս, Եվրոպական հումանիտար համալսարանի խորհրդատու, Լիտվա, զեկույցի թեման՝ «Տեղեկության հասանելիությունը և լրագրողի պատասխանատվությունը»
«Արդյոք մեր գո՞րծն է մարդկանց նստեցնելը, եթե մենք բացահայտել ենք կոռուպցիա: Ոչ, մեր առաքելությունը ճշմարտությունը, արդարությունը գտնելն է»:
«Հետաքննական լրագրությունը պետք է պակաս էլիտար դառնա»:
«Ինտերնետը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում լրագրողների համար: Բայց տուժում է լրագրողի կենդանի շփումը աղբյուրների, կոռուպցիայի զոհերի հետ»:
«Այսօրվա մեդիան ամբողջությամբ կախված է ինտերնետի եւ սոցիալական ցանցերի տրանսֆորմացիայից»:
Լուիս Լիֆ, Ամերիկյան համալսարանի Հաղորդակցության դպրոցի հրավիրյալ մասնագետ, ԱՄՆ, զեկույցի թեման՝ «Քաղաքացիների ներգրավման համագործակցային մոդելներ»
«Ամերիկան շատ արագ է փոխվում, ամերիկյան լրագրության աշխարհը՝ նույնպես»:
«ԱՄՆ նախագահի ընտրությունները լուսաբանելիս ԶԼՄ-ները շատ սխալներ թույլ տվեցին, նրանք չհասկացան ժողովրդի տրամադրությունները: Ավելի քան 100 մլն մարդ չի քվեարկել՝ երկրի մոտ կեսը: Սա ամենացածր մասնակցությունն է վերջին 20 տարվա ընթացքում: Եվ ԶԼՄ-ները չհասկացան, թե ինչու՞ մարդիկ չեն օգտվել իրենց հիմնական իրավունքից»:
«Վերջին նախագահական ընտրությունների քարոզարշավը ԱՄՆ-ում աչքի ընկավ կեղծ նորությունների թվի մեծացմամբ՝ մոտ 43%-ը լրահոսի, որի մոտ կեսը Ֆեյսբուքից էր»:
«Ի՞նչ պիտի անի լրագրողը նոր մեդիա էկոհամակարգում, ինչպե՞ս պիտի ավելի արդյունավետ գործի նոր տեղեկատվական միջավայրում: Պատասխանը՝ նոր մոդելներ պետք է գտնել, որտեղ հասարակության մասնակցությունը բարձր լինի: Լրագրության ավանդական մոդելներում հասարակական մասնակցությունը շատ ցածր է»:
Դեյվիդ Լի, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հիմնադիր անդամ, Մեծ Բրիտանիա, զեկույցի թեման՝ «Միջսահմանային համագործակցությունն ընդդեմ կոռուպցիայի»
«Լրագրողները մրցակիցներ են, մեզ այդպես են կրթում, բայց լրագրողները պիտի համագործակցեն: Գործակցային լրագրությունը հզոր գործիք է կոռուպցիան բացահայտելու համար: Ջուլիան Ասանժի պատմությունը նման գործակցության օրինակ է. առաջին անգամ 5 խոշոր թերթեր համագործակցեցին՝ բրիտանական «Գարդիան»-ը, ֆրանսիական «Լո Մոնդ»-ը, իսպանական «Էլ Պայս»-ը», գերմանական «Դեր Շպիգելը» եւ ամերիկյան «Նյու Յորք Թայմսը»»:
«Երբ աշխատում ենք խոշոր հետաքննական ցանցերի նախագծերում (օրինակ՝ ICIJ-ի), հաճախ չգիտենք, թե որն է մեր աղբյուրը: Աղբյուրը չիմանալը պետական ճնշումներից պաշտպանվելու լավագույն ձեւն է»:
«Ասանժի կամ Սնոուդենի նման հաքերների հետ աշխատելիս շատ ենք խորհում գողացված ինֆորմացիայի մասին: Բայց մենք չենք գողացել այն, մենք չենք վճարել այդ ինֆորմացիայի համար: Հարցնում ենք ինքներս մեզ՝ եթե հանրային շահից է բխում, ուրեմն հրապարակում ենք: Էթիկական խախտում չենք տեսնում ապօրինի կերպով ձեռք բերված ինֆորմացիայի առումով: Այսպես թե այնպես, գործ ունենք արդեն գողացված տեղեկատվության հետ»:
«Անդրսահմանային հետաքննությունների արդյունքն ավելի մեծ է լինում, որովհետեւ հնչեղությունն է մեծ, աղմուկը կտրում-անցնում է երկրների սահմանները»:
Էդիկ Բաղդասարյան, «Հետքի» գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ
«Հետաքննությունները շատ մեծ լսարան չեն ունենում, որովհետեւ մարդիկ չեն ուզում ծանր նյութեր կարդալ»:
«Եթե մարդկանց կյանքում բան չի փոխվում, նշանակում է մենք՝ լրագրողներս, շատ գործ չենք արել»:
«Հետաքննող լրագրողները շատ բան չեն ուզում՝ ուզում են, որ երբ բացահայտում են իրավախախտումներ, մարդիկ պատժվեն: Նրանք, ովքեր կատարել են հանցագործություններ, ովքեր ապօրինի հարստացել են, ովքեր օգտագործել են իրենց պաշտոնական դիրքը եւ զանազան գործարքներ կատարել ի շահ իրենց ընկերությունների: Եթե սա լինի, երկրում փոփոխություններ կլինեն»:
«Հետաքննական լրագրությունը կոնկրետ թշնամի չունի: Մեր թիրախում պաշտոնյաներն են, որովհետեւ նրանք տնօրինում են պետական բյուջեն, որը ձեւավորվում է մեր հարկերից: Մենք ուզում ենք, որ այդ հարկերը նպատակային ծախսվեն»:
Տեքստը՝ Լիանա Սայադյանի
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել