
Առաջընթաց ուսուցման ոլորտում․ «Նոր դասագրքից քսերոքս ենք անում և տալիս աշակերտին»
Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցն այս տարի 8-րդ դասարանի հայոց լեզու, գրականություն, երկրաչափություն և հանրաշիվ առարկաների 13-ական դասագիրք է ստացել 32 աշակերտների համար: Դասարանում նոր դասագրքեր ստացել են 13 աշակերտներ, մնացած 19-ին դպրոցն ապահովել է արդեն 5 տարի գործածության մեջ գտնվող դասագրքերով։ «Հիմա հին դասագրքերի տպագրության 5 տարին լրացել է, նորից տպագրության ժամանակն է»,- ասաց դպրոցի գրադարանավարուհի Աղունիկ Ղալայանը: Թե ինչ վիճակում կարող են լինել 5 տարի գործածված դասագրքերը, դա թերևս հարցի մի կողմն է:
«Բովանդակային առումով կա՞ տարբերություն 4 անուն նոր և հին դասագրքերի միջև»,-հարցրի: «Միջուկը կարող է նույնը լինի, բայց հինը պիտանի գիրք չէ, տնօրենի թույլտվությամբ դա բաժանել ենք աշակերտներին, դրա համար մենք աշակերտներից գումար չենք հավաքել: Դրանք միայն կազմով են տարբեր»,-բացատրեց Աղունիկ Ղալայանը: «Հին և նոր դասագրքերի միջև տարբերություն կա, և դա պրոբլեմ է ստեղծում աշակերտների ուսուցման համար»,-գրադարանավարուհուն ուղղեց տնօրենը՝ Լաուրա Մելիքսեթյանը։ Նրա ասելով՝ արդեն 2 տարի է 8-րդ դասարանի հայոց լեզու, գրականություն, երկրաչափություն, հանրահաշիվ առարկաների դասագրքերը դպրոցը պահանջված քանակով չի ստանում:
«Եթե հին դասագրքում առարկայի ուսուցանվող թեմաներից մի բան պակաս է լինում, դպրոցը քսերոքս ունի, նոր դասագրքից քսերոքս ենք անում և տալիս ենք աշակերտին»,-հավելեց գրադարանավարուհին:
«Դասագրքի քսերոքսը ո՞րն է 21-րդ դարում, 8- րդ դասարանի 4 անուն դասագրքերի խնդիրը լուրջ պրոբլեմ է մեր դպրոցում: Եթե հաջորդ տարի նույնպես այդ դասագրքերը պակաս տան, ինչքա՞ն կարող ենք քսերոքսով աշակերտներին դասի թեմաներ մատուցել»,-դժգոհեց Լ. Մելիքսեթյանը:
Թիվ 5 ավագ դպրոցում սովորում է 145 աշակերտ։ «Վերջին տարվա ընթացքում աշակերտների թիվը 360-ից իջել է 145-ի»,-հայտնեց տնօրենը: Այս տարի դպրոցի ծնողներից դասագրքերի 683 145 դրամ գումար է հավաքվել, որը փոխանցվել է դասագրքերի շրջանառու ֆոնդ: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցն իր միջոցներով գնել է 78 900 դրամի դասագիրք: Հաշվի առնելով, որ 8 տարի դպրոցում ուսումնասիրվում է ֆրանսերեն լեզուն, տնօրինության խնդրանքով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 143 հազար դրամ գումար է փոխանցել դպրոցին՝ 5,6,7, 10,11,12-րդ դասարանների ֆրանսերեն դասագրքեր գնելու համար: Տնօրենը դժգոհեց նաև ծնողներից, դասագրքերի վճարները սահմանված ժամկետում չեն վճարում։ «Էսօր ծնող էր դպրոց եկել, Բիլայնի Վերան, ասում է, եթե 30 հազար դրամ փող եմ ստանում, ոնց 6 հազար կամ 7 հազար դրամ դասագրքի փող բերեմ դպրոց: Զեղչ ենք անում 3 հազար դրամի չափով, էլի չի կարողանում վճարել: Վերան այդպես էլ 6 հազար դրամ գրքի փողը չի կարողանում վճարել: Դա լուրջ խնդիր ա: Դասագրքերի գումարները առաջ մեկ տարվա կտրվածքով՝ մինչև 1-ին կիսամյակի վերջը, նույնիսկ լինում էր մինչև մարտ ամիսը՝ ծնողը մաս-մաս բերում էր: Իսկ հիմա մինչև հոկտեմբերի վերջը դասագրքերի ամբողջ գումարը պետք է վճարենք»,-ասում է Լ. Մելիքսեթյանը: Տնօրենը գտնում է, որ ընդհանրապես պետք է վերացնել դասագրքերի համար ծնողներից վարձավճարներ հավաքելը: «Հիմա տետրերը նույնպես վճարովի են և հատուկ խանութից պետք է առնենք: Բոլոր տետրերը թուրքական կազմերով են: Մեր 145 աշակերտ ունեցող դպրոցից դասագրքային ֆոնդ միայն 2016թ-ին 683 հազար դրամ գումար է ուղարկվել»,-ասում է տնօրենը:
Ընտանիքների սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում տնօրենը դա մեծ գումար է համարում դպրոցի ծնողների համար: Ի տարբերություն թիվ 5 դպրոցի, Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի 8-րդ ա և բ դասարանների թվով 38 աշակերտներին 2012թ.-ին հրատարակված և արդեն 5 տարի գործածության մեջ գտնվող հայոց լեզվի ու գրականության 76 դասագրքեր վաճառվել են 460 դրամով: Դրանք դպրոցի տնօրինության կողմից աշակերտներին պետք է տրվեր անվճար: Այս տեղեկությունը հաստատեց նաև թիվ 12 դպրոցի 8-րդ բ դասարանի դասղեկ Մարիետա Նիկողոսյանը: Թիվ 12 դպրոցում հայոց լեզու և գրականություն առարկաները դասավանդում են միայն հին դասագրքերով, նոր դասագրքեր դպրոցին 2016թ.-ին չի տրվել:
Թիվ 2 հիմնական դպրոցում սովորում են 289 աշակերտներ: Նրանցից 160 աշակերտներ սովորում են տարրական, 129-ը՝ 5-9-րդ դասարաններում: Տնօրեն Լուսինե Միքայելյանի խոսքով՝ այս տարի դասագրքերի բաշխումը մի քիչ այլ ձևով է եղել: Որ դասագիրքը դպրոցում չի եղել, տարածաշրջանի դպրոցներից է լրացվել: «Մենք ամեն տարի որպես հիմնական դպրոց ընդունում ենք 2-ական դասարաններ: Քանի որ ցածր դասարաններից բարձրացող աշակերտների թիվը ավելանում է, մեր դասագրքերի թիվը պակասում է»,- բացատրեց Լ.Միքայելյանը:
Պակաս դասագրքերը դպրոցում համալրելու համար մարզպետարանից դպրոցին տեղեկացրել են , թե մարզի որ դպրոցներում ավել դասագրքեր կան: Բերված դասագրքերի գումարը մուծել են տվյալ դպրոցի հաշվին:
Նոյեմբերի 1-ի դրությամբ դպրոցն ավարտել է դասագրքերի գումարների հավաքագրումը: Ըստ հաշվետվության 2016թ.-ի թիվ 2 դպրոցի դասագրքերի գումարը կազմել է 674 հազար 800 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաներին դպրոցի միջոցներով 63 700 դրամ գրքեր են տրվել: Տնօրենի խոսքով բոլոր դասարանների անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի գումարները վճարվել է համամասնորեն: Սակայն հեռավոր գյուղերի դպրոցներից աշակերտների համար բերվող գրքերը դպրոցի համար տրանսպորտային ծախսերի խնդիր է առաջացրել: «Ամեն գյուղ գնալը մեծ գումար է: Ուսումնական տարին վերջանա, մենք պիտի էլի էդ գրքերը իրենց հանձնենք»,- հայտնեց տնօրենը:
Դպրոցը 1862 դասագրքային ֆոնդ ունի: Աշակերտներին բաշխել են 1498 դասագիրք: «Պատահում է Աթանից դասագիրք ենք բերում: Հիմա մենք պետք է գնանք Օձուն, Արևածագ, դա դժվարացնում է մեր աշխատանքը: Մի ժամանակ մարզպետարանն էր կազմակերպում այդ աշխատանքները: Այլ դպրոցներից 40-45 գիրք ենք բերել»,-ասում է գրադարանավարուհի Կարինե Շախկուլյանը:
Նա պատմեց, որ իր հարազատների աջակցությամբ է հեռավոր գյուղերից բերում աշակերտներին անհրաժեշտ դասագրքերը:
Մեզ չհաջողվեց դպրոցներում պակաս դասագրքերի համալրման հետ կապված խոսել Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի հետ: Վարչությունում ասացին Մինաս Սայադյանը արձակուրդում է: Մեզ խորհուրդ տվեցին պարզաբանումներ ստանալ դասագրքերի հարցով զբաղվող, կրթության վարչության առաջատար մասնագետ Անահիտ Բարոյանից: «Ես ասեմ, դասագրքերի պակաս դպրոցներում առաջանում է, երբ հիմնական դպրոցներից աշակերտները գնում են ավագ դպրոցներ: Դպրոցներում այդ խնդիրը կարգավորվում է այլ դպրոցների ավել դասագրքերի հաշվին: Շուտով կտպագրվեն 4 տարին լրացած դասագրքերը: Դրա հետ կլուծվեն նաև պակաս դասագրքերի խնդիրները»,- պարզաբանեց Ա․Բարոյանը։
Անդրադառնալով հեռավոր գյուղերից Ալավերդու դպրոցներ տեղափոխվող դասագրքերի տրանսպորտային ծախսերին, Անահիտ Բարոյանը հայտնեց, որ դրա համար տնօրենները պետք է ֆինանսական միջոցներ տրամադրեն դպրոցների բյուջեների գործուղման ծախսերից: Թե ինչու նախկին տարիների պես չօգտագործվող դասագրքերը դրանց կարիքն ունեցող դպրոցներին չի փոխանցվում հենց մարզպետարանի կողմից, կրթության վարչության առաջատար մասնագետը պատասխանեց. «Դա այնքան բարդ խնդիր է, չեք պատկերացնի»:
Ալավերդի քաղաքի դպրոցների դասագրքերի բաշխման գործում առաջացած դժվարությաններին մասին Անահիտ Բարոյանն ասաց. «Դա անցումային շրջանի հետևանք է, անցումային շրջանը իր հետ բերում է դժվարություններ: Մի երկու տարի հետո խնդիրը կլուծվի»: Առաջատար մասնագետի պարզաբանումից հայտնի դարձավ, որ Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի տնօրինությունը 8-րդ դասարանի աշակերտների մի մասին 2017թ.-ին ևս ստիպված կլինի հայոց լեզվի, գրականության, հանրահաշվի և երկրաչափության դասերի թեմաներ մատուցել կրկին քսերոքսով:
Մեկնաբանել