
Ինքնագնաց մեքենաներով հետաքրքրված է նաև Apple-ը
Apple ընկերությունն առաջին անգամ հայտարարել է ինքնագնաց մեքենաների արդյունաբերության մեջ ներդրում անելու մտադրության մասին:
Միացյալ Նահանգների տրանսպորտային ոլորտը կարգավորող մարմնին ուղղված նամակում Apple-ի ներկայացուցիչը գրել է. «Ընկերությունը մեծ ներդրումներ է անում մեքենայական ուսուցման և ավտոմատացման ուսումնասիրության մեջ և ոգևորված է ավտոմատացված համակարգերի ներուժով շատ ոլորտներում, այդ թվում` տրանսպորտի»:
Apple-ը շարունակ խուսափել է ինքնագնաց մեքենաների արդյունաբերությամբ հետաքրքրված լինելու մասին հստակ տեղեկություններ հաղորդելուց: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ Project Titan անունով հայտնի նախագծի վրա ընկերությունը անբացահայտ կերպով աշխատել է երկու տարի: Նամակից պարզ չէ միայն՝ ընկերությունը հետաքրքված է մեքենաների արտադրությամբ, թե այլ ավտոարտադրողների մեքենաների համար ինքնագնաց համակարգեր պատրաստելով: Ավելի վաղ լուրեր էին հրապարակվել, թե Apple-ը կարող է գնել բրիտանական ավտոարտադրող McLaren ընկերությունը:
Նամակը Apple-ի պատասխանն է ԱՄՆ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային կառավարչության (NHTSA) կոչին՝ մեկնաբանել ինքնագնացների համար մշակված քաղաքականությունը: Նման մեքենաներ նախագծող շատ այլ ընկերություններ, այդ թվում՝ Google-ը և Ford-ը, արդեն արձագանքել են կոչին: Նամակի հեղինակը՝ Սթիվ Քենները, ով, ըստ The Verge-ի, մինչև վերջերս եղել է Ford-ի ավտոմոբիլային անվտանգության տնօրենը, գրել է, որ ինքնագնացները կարող են կանխել միլիոնավոր վթարներ և հազարավոր մահեր ամեն տարի: Նա նաև անդրադարձել է այդ մեքենաների՝ հանրային ճանապարհներին փորձարկելու կարգին, էթիկական կողմին` ինչպես աշխատատեղերի վրա դրանց ազդեցությունն է:
Apple's Comments on the Federal Automated Vehicles Policy by ahawkins8223 on Scribd
Apple-ի ամբողջական նամակը ԱՄՆ տրանսպորտային ոլորտը կարգավորող մարմնին, որը գրվել է նոյեմբերի 22-ին, բայց նոր է հրապարակվել
Apple-ը համաձայն է, որ ավտոարտադրողները տրամադրեն այն տվյալները, որոնց մշակումը ավելի ապահով կդարձնի երթևեկությունը, քանի որ մեքենաները պատրաստ կլինեն տարբեր սցենարների: Այս պայմանը վատ է ընդունվել ինքնագնացներ արտադրող այլ ընկերությունների՝ Google-ի, Uber-ի, Ford-ի, Volvo-ի և Lyft-ի կողմից: «Եթե տարածենք տվյալները, ոլորտը կստեղծի ավելի ամբողջական շտեմարան, քան ցանկացած ընկերություն կարող է միայնակ անել» - գրել է Քենները:
Ընկերության ներկայացուցիչը, սակայն, առանձնացրել է տվյալներ հավաքելիս, օգտագործելիս և տարածելիս անձնական կյանքի գաղտնիությունը պահելու հարցը: Apple-ը կսպասի շահագրգիռ մյուս կողմերի արձագանքին` տարածվելիք տեղեկությունների բնույթը հստակեցնելու համար: Բացի այդ, ըստ նրա, դաշնային մարմնի անվտանգության կանոնները չպետք է լինեն նորարարության հաշվին և խանգարեն ընկերությունների զարգացմանը:
Ինչպես գրում է BBC-ն, տեխնոլոգիական ընկերությունն արդեն գրանցել է apple.car և apple.auto կայքերը:
Հավելենք, որ վերը նշված ընկերություններից բացի, էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերությունը ևս նշել է, որ այժմ արտադրվող բոլոր մեքենաները ունեն սարքավորումներ, որոնք մեքենային թույլ կտան տեղաշարժվել ինքնուրույն:
Մեկնաբանել