
Արթուր Նալբանդյան․ «Մարզպետ դառնալուց հետո իմ ունեցվածքի մեջ էական բան չի փոխվել»
«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը
- Ինչպե՞ս կբնութագրեք ՏԻՄ ընտրությունից հետո Վանաձորի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը:
- Վանաձորի քաղաքապետարանում բուռն աշխատանքային օրեր են ընթանում: Եթե հարցը կոնկրետ ուղղում եք 3 քաղաքական ուժերի ավագանու անդամների նիստերին չներկայանալու մասով, ապա դա նրանց իրավունքն է: Ես կարծում եմ, որ բոյկոտի հիմնական պատճառը առաջիկա՝ 2017թ.-ի ԱԺ ընտրություններն են: Բոյկոտով խնդիր չի լուծվելու: Բոյկոտը շարունակելու դեպքում ուղղակի քաղաքապետարանը կառաջնորդվի նախորդ տարվա հաստատված բյուջեով: Եթե 4 թեկնածուները բացահայտ արտահայտվեն, որ այո, իրենք են ընտրել Մամիկոն Ասլանյանին, կարծում եմ միայն այդ ճանապարհով նրանք կբացահայտվեն: Ինձ թվում է 3 քաղաքական ուժերով պետք է գան ընդհանուր հայտարարի և որոշում կայացնեն՝ մասնակցու՞մ են ավագանու նիստերին, թե բոյկոտում են մինչև վերջ:
- Այսինքն, անկախ այն բանից` բոյկոտողները ճիշտ են, թե սխալ, Մամիկոն Ասլանյանի հրաժարակը բացառու՞մ եք:
- Բացառվում է, իհարկե, բացառվում է:
- Ինչ նոր տեղեկություն կհաղորդեք «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի անսահմանափակ արտանետումները ևս 5 տարով երկարացնելու վարչապետին ուղղված դիմումի ընթացքի մասին:
- Վարչապետի հանձնարարականով մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում, որտեղ համայնքի ղեկավարները դեմ են արտահայտվել ընկերության առաջարկին: Ես կասեի` նրանք իրավացիորեն են դեմ արտահայտվել: Սակայն այստեղ կա բուն մասնագիտական խնդիրներ նաև առողջապահության առումով: Մեր կարծիքն ուղարկելուց հետո բնապահպանության, էկոնոմիկայի, ֆինանսների և առողջապահության նախարարությունները տվել են իրենց եզրակացությունները, որոնք ուղարկվել են կառավարություն: Մեզ դեռևս հայտնի չէ` կառավարությունը ընկերությանը տալիս է այդ իրավունքը, թե ոչ: Բայց պետք անկեղծ լինել և ասել, որ բնապահպանական վճարների մասհանումներ չստանալով՝ ազդակիր համայնքները լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում: Միայն Ալավերդի քաղաքը 100 մլն դրամ ֆինանսական միջոցներից է զրկվել: Ծանր վիճակ է նաև մյուս համայնքներում:
- Չե՞ք կարծում, որ գործարանի անսահմանափակ արտանետումների կանխումն առավել կարևոր է Ալավերդու բնակչության առողջության շահերից ելնելով:
- Ես տեղյակ եմ, որ բնապահպանության նախարարությունում հարցի քննարկման ժամանակ անթույլատրելի արտանետումների ժամկետների երկարացմանը բացասական է վերաբերվել առողջապահության նախարարությունը՝ բնակչության առողջության համար արտանետումների լուրջ վտանգների պատճառով: Այսուհանդերձ, արտանետումների կանխման հետ կապված մենք սպասում ենք կառավարության պատասխանին:
- Վարչապետ Կարեն Կարապետյանը շրջում է հանրապետության մարզերում: Մարզի զարգացման ի՞նչ ծրագրեր եք նախատեսում ներկայացնել վարչապետին:
- Վարչապետը դեկտեմբեր ամսին աշխատանքային այցով կլինի նաև Լոռու մարզում: Նրա կողմից հանձնարարական կա նաև մեզ՝ կոնկրետ առաջարկություններ ներկայացնել մարզի տնտեսության զարգացման ուղղությունները որոշելու համար: Արդյունաբերությունը մեր մարզում տնտեսության ամենակարևոր ճյուղն է, 9 ամսվա կտրվածքով մենք այս ոլորտում այս տարի աճ ենք արձանագրել: Գյուղատնտեսությունը մեր մարզի համար երկրորդ գերակա ուղղությունն է: Մի օրինակ բերեմ. 5 տարի առաջ մեր վարելահողերի 48 տոկոսն էր օգտագործվում, այսօր արդեն` 78 տոկոսը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ցանքատարածությունների օգտագործումը հասցնենք մինչև 85 տոկոսի:
Մեզ համար 3-րդ կարևոր ուղղությունը դա փոքր ու միջին բիզնեսի և տուրիզմի զարգացումն է: Վերջին տարիներին 18 տոկոսով տուրիստների այցելությունը Լոռու մարզ ավելացել է:
Ուզում եմ հատուկ առանձնացնել տնտեսության զարգացման ճյուղերից մեկը՝ ՏՏ ոլորտը: Վերջին օրերին բացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Առաջիկա մի քանի ամիսներին ուղղակի 150, հետագայում արդեն 900-ից մինչև 1000 աշխատատեղ կստեղծվի: ՏՏ ոլորտով մենք շրջադարձային քայլ ենք կատարում տնտեսության զարգացման ուղղությամբ: Մենք 2017թ.-ին սկսելու ենք Թումո կենտրոնի շինարարությունը: Այսօր արդեն ընթացքի մեջ է Սմարթ կենտրոնի կառուցումը: Հայաստանի մանուկների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարո Արմենի շուրջ 5 մլն դոլար ներդրումով հետ մենք մի կարևոր ծրագիր ենք իրականացնում Դսեղի և Դեբեդ գյուղի խաչմերուկում: Սմարթ, Թումո և տեխնոլոգիական կենտրոն ունենալով` մի կարևոր հայտարարություն եմ հիմա ուզում անել, մարզը դարձնելու ենք Սմարթ մարզ: Մենք ի վիճակի ենք տնտեսության այդ ոլորտը զարգացնել:
Ի դեպ, Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Լազուրի Ափ ռեգիոնը (ՊԱԿԱ) 2017թ.-ը նույնպես հայտարարվել է Սմարթ ռեգիոն: Այդ ռեգիոնում է գտնվում Ֆրանսիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը, իրենց առաջարկով մենք այս ոլորտում կհամագործակցենք ֆրանսիացիների հետ: Վարչապետի աշխատանքային այցի ժամանակ մենք հստակ մեր առաջարկությունները կանենք փոքր ու միջին բիզնեսի, տուրիզմի զարգացման, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, ՏՏ ոլորտների հետ կապված:
- Մարզում կանանց զբաղվածության խնդիրը նույնպես լուծված չէ:
- Ես չխոսեցի թեթև արդյունաբերության մասին, հատկապես «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաների համագործակցության մասին: Վերջերս Վանաձոր էր եկել Իտալիայի մեր գործընկերը, ով հստակ հայտարարություն արեց, որ առաջիկա մեկ տարվում նոր 1000 աշխատատեղ կբացի Վանաձորում: Այստեղ հիմնականում կլուծվի կանանց զբաղվածության խնդիրը: Այդ խնդիրը այսօր Վանաձորում կա: Չի բացառվում, որ Գուգարքի տարածաշրջանից ևս մենք կանայք ընդգրկենք, ովքեր ավտոբուսով կտեղափոխվեն Վանաձոր՝ աշխատելու կարի արտադրությունում:
- Վարչապետի` բանկային համակարգի աշխատողներին սեպտեմբերի 27-ի հանձնարարականից հետո ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ մարզի մանր ու միջին ձեռնարկատերերը հանրապետության բանկերից։
- ՀՀ բանկերում այսօր ազատ ֆինանսական միջոցներ են հայտնվել, որը բերելու է բանկերի միջև մրցակցություն, իսկ մրցակցությունը իր հերթին բերելու է տոկոսադրույքների իջեցում: 2017թ.-ի սկզբից սկսած տնտեսավարողները կարող են իրենց վարկերը փոխել ավելի ցածր տոկոսադրույքներով և բիզնեսի մեջ ունենան ավելի մեծ շահույթներ, քան իրենք սպասում են: Վարկային առումով ամենակարևորը այն է, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդաները շարունակվելու են, և մեր հողօգտագործողները, իհարկե, կշարունակեն ստանալ այն ցածր տոկոսադրուքներով վարկերը, որ մինչ օրս ստացել են:
- Պարոն մարզպետ, լրատվամիջոցները Ձեզ համարում են երկրի հարուստ մարզպետներից մեկը: Ինչպե՞ս եք ձեռք բերել Ձեր ունեցվածքը:
- Ես աղքատ երբևիցե չեմ եղել, ընդհանրապես: Բայց շատ կարևոր է, թե որն է հարուստ լինելու շեմը: Էս առումով պետք է ասեմ, որ ես հստակ հայտարարագրել եմ իմ ունեցվածքը, և դա բաց է բոլորի համար: Ամեն տարի մնացած պաշտոնյաների հետ հստակ ներկայացվում է նաև իմ ունեցվածքը: Հիմա համեմատության մեջ տեսեք հարուստ եմ, թե աղքատ: Արդեն հայտարարագրված վիճակը ցույց է տալիս:
- Այսուհանդերձ, ո՞րն է Ձեր հարստանալու աղբյուրը: Մարզպետ դառնալուց հետո ավելի եք հարստացել:
- Ես իմ ունեցվածքի հայտարարագրումը մտածված կատարել եմ դեռ քաղաքապետ եղած ժամանակ: Մինչ օրս որևէ էական բան չի փոխվել, ինչ հայտարարագրել եմ, այդ էլ ունեմ:
Մեկնաբանել