
Ալավերդու թիվ 12 դպրոցում դրամահավաք է իրականացվում ծնողկոմիտեների նախագահների միջոցով
Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգել են, որ դպրոցում աշակերտներից պարբերաբար դրամ են հավաքում։
Այսօր դրամահավաքի մասին հարցին պատասխանելով, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ասաց, որ տեղյակ չէ և առաջին անգամ է լսում թիվ 12 դպրոցում կատարվող դրամահավաքի մասին: «Մեր կողմից նման որևէ հանձնարարական դպրոցներին երբեք չի եղել, ընդհակառակը, մենք միշտ բացառել ենք աշակերտներից անհիմն դրամահավաքները և մինչև վերջ պայքարելու ենք դրա դեմ: Ինչ վերաբերում է Ալավերդու թիվ 12 դպրոցին, ես կփորձեմ ավելի մանրամասն ուսումնասիրելուց հետո իմ կարծիքը հայտնել»,-ասաց մարզպետը: Այսուհանդերձ, թիվ 12 դպրոցում դրամահավաքը շարունակվում է, սակայն նախկինում, եթե դա կատարվում էր դասղեկների միջոցով, հիմա դրամահավաքի գործը կազմակերպում են դասարանական ծնողկոմիտեների նախագահները:
Ուսմասվար Ա. Կոլոլյանը ասաց, որ աշակերտներից այս պահին դրամահավաք է կատարվում տնօրինության կողմից հայտարարված դպրոցի 26 դասարանների տարեվերջյան մրցույթի համար: «Արդեն մի քանի տարի է՝ մեզ մոտ դա կատարվում է: Մենք այս պահին 590 աշակերտներ ունենք, 1-9-րդ դասարանների ծնողական կոմիտեները որոշել են 3 հազար դրամ ներդրում անել: Մենք ունենք 21 դասարան: Հավաքագրվող գումարը կազմում է 63 հազար դրամ: Այս գումարով ասենք խաղալիքների գնում, ընդհանուր ձևավորում, տոնածառի միջոցառում է նախատեսվում: Էդ բոլոր բաների համար օգտագործվում է»,-բացատրեց Ա. Կոլոլյանը: Վերջինս դրամահավաքի վերբերյալ ծնողական կոմիտեների որոշումներ չներկայացրեց:
Մեր հարցմանը դպրոցի 4-րդ և 8-րդ դասարանների ծնողական կոմիտեի նախագահ Լիլյա Մարուքյանը պատասխանեց, նշելով որ 4-րդ դասարանում աշակերտներից դպրոցի արտաքին տեսքի ձևավորման համար գումարներ է հավաքում դասղեկ Հասմիկ Ավետյանի հանձնարարությամբ, իսկ 8-րդ դասարանի աշակերտներից դրամահավաք անելու համար դասղեկից հանձնարարություն չի ստացել: Լիլյան նաև հայտնեց, որ տարեվերջին ֆոնդում մնացած գումարով 4-րդ դասարանի երեխաներին Դսեղ էքսկուրսիա են տարել:
Դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Արմինե Վարոսյանի ասելով՝ Dasaran.am ֆոնդի համար աշակերտներից կատարվող դրամահավաքը նոր չէ: Աշակերտները 1-ին դասարանից մինչև հիմա ֆոնդին ամիսը 200 դրամ են վճարում։ «Ֆոնդի գումարները ծախսվում են միայն աշակերտների համար»,-հավաստիացրեց Ա. Վարոսյանը:
Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներից մեկը ծնողը՝ Հ. Մ.-ն պատմեց, որ ֆոնդի գումարներից դասարանների համար գնվում են «կառնեզներ, վարագույրներ, անգամ գուդրոն»՝ դասարանների պոկված պարկետները կպցնելու համար: «Ծնողական ժողովներում մի քանի ծնողներ հաճոյանալու համար դասարանական ֆոնդով հավաքված գումարներից առաջարկում են գնել նվերներ ուսուցիչների և տնօրենի համար, մնացած միջակից ցածր ապրողներս ստիպված համաձայնում ենք նրանց առաջարկին: Ինձ համար ամենատհաճը դա է»,- հայտնեց նույն ծնողը:
«Իմ տղան՝ Վլադ Վարոսյանը սովորում է 6-րդ ա դասարանում: Տղաս լավ է սովորում: Ամուսինս «Թեղուտ» ՓԲԸ-ում է աշխատում: Հա, իհարկե, ես դպրոցի դրամահավաքին մասնակցում եմ: Նայած ինչքան գումար են ուզում, այդքան էլ տալիս եմ: Ասենք ամեն ամիս երկու երեխաներիս համար 400 դրամ ֆոնդի փողը պարտադիր ուղարկում եմ: Ուսուցչի տոնին, մարտի 8-ին ուսուցիչների համար նվերներ առնելիս, եթե ֆոնդի փողը չի բավարարում, լրացուցիչ 500 դրամ փող են ուզում, դա նույնպես ուղարկում եմ»,-պատմեց Արմինե Սաֆարյանը:
«Ես նույնպես մասնակցում եմ թիվ 12 դպրոցի դրամահավաքին: Հա, նաև ֆոնդի 200 դրամ գումարներն եմ ուղարկել դպրոց: Երբ պետք է լինում, ես մասնակցում եմ ֆոնդի գումարների ծախսման աշխատանքներին: Ուսուցչի օրվա և մարտի 8-ի առթիվ ուսուցիչների համար ծաղիկներ և նվերներ առնելու դրամահավաք դպրոցի բոլոր դասարաններում էլ լինում է: Դա էնենց չի , որ միայն մեր 6-րդ ա դասարանում է լինում»,-հայտնեց Նարինե Մկրտչյանը:
Դպրոցից ահազանգ էինք ստացել 5-րդ դասարաններում այս օրերին դասագրքերի տեղափոխման ճանապարհածախսի հետ կապված դրամահավաքի մասին: Այստեղ էլ տիկին Կոլոլյանը բացատրեց, թե դասագրքերի փողի հավաքագրման ժամկետը մարզպետարանից սահմանել են մինչև հոկտեմբերի 1-ը, բայց մինչև նոյեմբերի վերջը թույլատրվում է դասագրքերի գումարների վճարումները երկարաձգել: «Մենք ուղղակի ծնողներին չշտապեցնելու համար ասում ենք , որ հոկտեմբերի 1-ը վերջնաժամկետն է, բայց մինչև նոյեմբերի վերջը մենք գումարները հավաքում ենք: Դասագրքերի մեր գումարը 1,2 մլ. դրամ է, որից 104 հազար սոցիալապես անապահովների զեղջն է, ցուցակները կա»,-հավելեց ուսմասվարը: «Հիմա դուք դասագրքերի որևէ գումար վճարե՞լ եք մարզպետարանին»,-հարցրի: «Ոնց չենք վճարել, վճարել ենք: Մեզ մնում է մուծելու երևի մի 40 և մի քանի հազար դրամ»,-պատասխանեց Ա. Կոլոյանը:
Գրադարանավարուհի Սուսաննա Ղալայանի խոսքով՝ դպրոցի աշակերտների դասագրքերի 1,2 մլն. դրամը հոկտեմբերի 1-ի դրությամբ ծնողներից հավաքագրվել և վճարվել է մարզպետարանին. «Դասագրքերի գումարների հավաքման պրոբլեմ դպրոցում մենք չունենք:Այդ խնդիրը լրիվ լուծված է: Ես գիտեմ, որ հիմա , ինչպես 5-րդ, այնպես էլ դպրոցի մյուս դասարաններում Dasaran.am ֆոնդի գումարներն են հավաքվում՝ դպրոցի արտաքին տեսքի ձևավորման համար»,- բացատրեց գրադարանավարուհին: Այդ դեպքում ինչ 40 հազար դրամի մասին էր խոսում դպրոցի ուսմասվարը: «Կարող է գրքերի փող է տրվել, մենք դեռ չենք ավարտել գրքերի գումարների հավաքման գործը»,- հայտնեց տնօրենը: Մեր հաշվարկներով ֆոնդում աշակերտներից դրամահավաքի մեկ ամսվա գումարը կազմում է 118 հազար դրամ: Ուսումանական տարվա 9 ամիսների ընթացքում դպրոցի 590 աշակերտներից ամիսը միայն 200 դրամ դրամահավաքից հավաքվում է 1 մլն 62 հազար դրամ: Դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Արմինե Վարոսյանը տեղյակ չէր ֆոնդին աշակերտների կողմից վճարվող գումարի այս քանակին: «Ինձ վրդովեցնում է, որ աշակերտներից կոպեկներով հավաքված ֆոնդի գումարները ուղղվում է ուսուցիչների համար նվերներ ու ծաղիկներ գնելուն: Գոնե դա ուղղեն աշակերտների գիտելիքների հարստացմանը: Ես հաճույքով թիվ 12 դպրոցից կտեղափոխեմ իմ երեխաներին, սակայն նրանք չեն համաձայնում, սիրում են դասարանի իրենց ընկերներին»,-հայտնեց ծնող Հ.Մ.-ն, ով խնդրեց չհրապարակել իր անունը:Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանը հերքեց դպրոցում դրամավաք կատարելու փաստը. «Կոնկրետ մեր դպրոցում ընդհանրապես դրամահավաք գոյություն չունի: Ես Ձեզ ասեմ «Լոռու դպրոց» հիմնադրամը գումար է հավաքում, հիմա չունենք գերազանցիկ աշակերտ, բայց, երբ ունեցել ենք՝ հիմնադրամը կրթաթոշակ է նշանակել: «Լոռու դպրոց» հիմնադրամի փողը ուսուցիչների աշխատավարձից է պահվում է: Դե հիմա դա արդեն ընդհանուր որոշում է: Այս տարի աշակերտներից հիմնադրամի համար գումար չենք հավաքել»,-բացատրեց տնօրենը: Թիվ 12 դպրոցի ուսուցիչներից մեկն էլ դժգոհեց առանց իրեն տեղեկացնելու ամեն ամիս իր աշխատավարձի 0,5 տոկոս հիմնադրամի հաշվին փոխանցելու համար: «Ուսուցիչներից հիմնադրամին գումար վճարելը կամավոր սկզբունքով է, այնպես որ «Լոռու դպրոց» հիմնադրամը երբեք պարտադիր դրամահավաք չի արել»,- ասաց Լոռու մարզպետը:
Մեկնաբանություններ (26)
Մեկնաբանել