
Ինքնասպանությա՞ն փորձ. բանդայի գործը, ըստ էության, փակուղում է
Սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան Մյասնիկյան պողոտայում իրավապահները վնասազերծեցին ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակային խմբի, որի մյուս անդամները եւս այդ օրերին հայտնաբերվեցին ու ձերբակալվեցին: Մինչ օրս իբրեւ բանդայի անդամ կալանավորված է 7 անձ:
Այս խմբին են վերագրվում մայրաքաղաքում կատարված մի շարք աղմկահարույց ավազակային հարձակումներ, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս Կադաստրի աշխատակից Աղվան Գրիգորյանի, «Լինսի հիմնադրամի» ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանի տների թալանը:
«Հետքը» հանդիպել է այս գործով որպես մեղադրյալ անցնող մի քանի անձանց փաստաբանների եւ հարազատների հետ: Վերոնշյալ տներից ավազակային հարձակումներով հափշտակումների ընդհանուր արժեքը 100 հազարավոր, իսկ որոշ տեղեկություններով էլ` մի քանի միլիոն դոլարների է հասնում:
Թեեւ ոստիկանությունը, «նախաքննության շահերից ելնելով», հրաժարվում է պատասխանել գողոնի վերաբերյալ «Հետքի» հարցին, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով», այն մինչ օրս հայտնաբերված չէ: Եվ առաջին բանը, որ կալանավորվածների հարազատները նշում են, այն է, որ նման քանակությամբ գումարներն անհնար է առանց հետքի թաքցնել, առավել եւս` ծախսել: Հետեւաբար, կալանավորվածները, ըստ նրանց, կապ չունեն հիշյալ խոշոր ավարով հափշտակությունների հետ:
Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ հանցավոր կայուն խմբի պարագլուխներն էին Գուրգեն Հայրապետյանը եւ Արտուշ Հակոբյանը: 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը սեպտեմբերի 23-ի վնասազերծման ժամանակ փախուստի ընթացքում ժայռից վայր է ընկել եւ մահացել: Իսկ 50-ամյա Արտուշ Հակոբյանին իրավապահները ձերբակալել են հաջորդ օրը երեկոյան, Հրաչյա Աճառյան փողոցում գտնվող մի ռեստորանային համալիրում: Մեկ օր անց դարձյալ ռեստորանում, բայց արդեն Վարդենիս քաղաքում ձերբակալվել է նաեւ Արտուշի փոքր եղբայրը` Անդրանիկը, եւ վերջինիս ընկերը` Արման Դալլաքյանը:
«Տեսեք` սեպտեմբերի 23-ին շոու կազմակերպեցին` Մյասնիկյան պողոտայի վնասազերծումը: Մյուս օրը ձերբակալեցին Արտուշին, ու Արմանն այս ամենը գիտեր: Տրամաբանական է, որ եթե ինքը խմբի հետ իրականում որեւէ կապ ունենար, սեպտեմբերի 25-ին նրան ոչ թե ռեստորանում կբռնեին, այլ առնվազն սահմանի վրա, այդպես չէ՞: Եթե խմբի անդամ էր, Վարդենիս գնալու փոխարեն Թիֆլիս կգնար, կփախներ»,- ասում է Արման Դալլաքյանի փաստաբան Վաչագան Քոսյանը:
Արմանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը, պատմում է, որ դեռ տեխնիկումում ուսանելու տարիներին իր որդին ընկերացել է համակուրսեցու` Անդրանիկ Հակոբյանի հետ, ու լավ հարաբերությունների մեջ էր նաեւ վերջինիս ավագ եղբոր` Արտուշի հետ:
Մասնագիտությամբ սննդի տեխնոլոգ, 3 անչափահաս երեխաների հայր Արման Դալլաքյանը որոշ ժամանակ աշխատել է Մոսկվայում` շինարարության ոլորտում:
«Բայց հետո ես նրան կանչեցի հետ: Ես խոհարարական դասեր եմ տալիս, որ կանչում են ծննդի, հարսանիքի, Արմանը հետս գալիս էր ու ինձ օգնում, խոհարարություն անում»,- պատմում է Ալբերտ Դալլաքյանը եւ շեշտում, որ եթե որդին ավազակային հարձակումների հետ առնչություն ունենար, գրպանում փող կունենար: Այնինչ, սեպտեմբերի 25-ին` ձերբակալման օրը, «Վարդենիս գնալիս մոտը գումար չկար, ինձնից է 30 հազար դրամ ուզել»:
Հոր պատմելով, երբ Արմանին ձեռնաշղթայել են, հարցրել են, թե գրպանում ինչ կա: Պատասխանել է, որ աջ գրպանում փոքրիկ դանակ կա: Օպերատիվ աշխատակիցներից մեկը դանակը գրպանից հանել է: Իսկ երբ նրան տարել են ոստիկանության 6-րդ վարչություն, ընթերակաների ներկայությամբ նույն գրպանում արդեն թմրանյութ է հայտնաբերվել` 1,9 գ «ափիոն»: Ի տարբերություն ընթերակաների` Արմանն արձանագրության տակ չի ստորագրել` հայտարարելով, որ «ափիոնից» տեղյակ չէ, եւ դա օպերատիվ աշխատակցի ձեռքի գործն է:
«Տղաս ոչ խմում է, ոչ էլ ծխում, իսկ թմրանյութ երբեք չի օգտագործել»,- ասում է Ալբերտ Դալլաքյանը եւ հավելում, թե հատկանշական է, որ թեեւ անցել է 2 ամիս, սակայն մինչ օրս համապատասխան փորձաքննության պատասխան չկա` Արմանի մեզի կամ արյան մեջ թմրանյութի պարունակություն եղե՞լ է, թե՞ ոչ: Մինչդեռ այլ գործերով «նման հարցերը 1 օրում պարզում են»:
Ալբերտի խոսքերով` ոստիկանությունը դեպքերի ընթացքը ներկայացնում է այսպես. Արմանը հենց առաջին օրն ընդունել է, որ գրպանում հայտնաբերված ափիոնանման զանգվածն իրենն է, ու ստորագրության դիմաց ազատ է արձակվել: Հաջորդ օրը` սեպտեմբերի 26-ին, ինքնակամ ներկայացել է եւ խոստովանել, որ ինքը նաեւ վնասազերծված բանդայի անդամներից մեկն է:
Սակայն իրականում, ըստ Ալբերտ Դալլաքյանի, ամեն ինչ եղել է միանգամայն այլ կերպ: Նախ` Արմանին բերման ենթարկելուց հետո այլեւս բաց չեն թողել ու 6-րդ վարչությունում դաժանորեն ծեծել են. «գցել են գետնին, դուբինկաներով հարվածել ոտքերի տակ»: Իսկ երկրորդ օրն ասել են` «հիմա քեզ բերել ենք ու հենց-նենց բաց չենք թողելու: Արի ստորագրիր, որ թմրանյութը քոնն է, հարցը փակենք. դու էլ կպրծնես, մենք էլ»:
«Տղաս համաձայնվել է: Բայց թմրանյութի հայտնաբերման թղթի տակ` անձնական խուզարկության արձանագրությունում, Արմանը ստորագրել է կապույտ գրիչով, ընթերակաները` սեւ: Այսինքն` սա նույնպես ապացուցում է, որ ստորագրությունները նույն պահին չեն դրվել. տղաս ստորագրել է հաջորդ օրը, ու նրա պատմածները ճիշտ են»,- ասում է Ալբերտ Դալլաքյանը:
Սակայն համաձայնությունը, հոր ներկայացմամբ, Արմանին գցել է ավելի ծանր վիճակի մեջ: Դաժան ծեծը շարունակվել է, բայց արդեն այլ պահանջով. «Ասա, որ Արտուշը քեզ ներգրավել է բանդայի մեջ»:
«Արմանը 4-5 ժամ ծեծվելուց հետո նորից համաձայնվել է, բայց Արտուշի դեմ ոչինչ չի գրել: Իր դեմ սուտ ցուցմունք է տվել, բայց ահավոր ծեծից պրծնելու, Արտուշին ստից չմեղադրելու համար դիմել է ինքնավնասման»,- ասում է Ալբերտ Դալլաքյանը:
Վերջինիս խոսքերով` քննիչ Սիմոն Հարությունյանի թելադրած 1-2 նախադասությունը գրելուց հետո Արմանը պահարանի վրայից վերցրել է դանակը եւ հենց քննիչի ներկայությամբ 5 անգամ հարվածել իր որովայնին: Վերջին երկու հարվածը համեմատաբար թույլ է ստացվել, իսկ առաջին 3-ը վնասել են նույնիսկ աղիքները:
«Տղայիս տարել են «Էրեբունի» հիվանդանոց, վիրահատել, բայց մեզ ոչինչ չեն ասել: Ես 2 օր նրան ման եմ եկել, գնացել հենց «Էրեբունի» հիվանդանոց: Նրա անուն-ազգանունը գրանցամատյանում կար, բայց խաբում էին, թե այդպիսի մարդ չկա, գնա տուն,- պատմում է Ալբերտ Դալլաքյանը,- հաջորդ օրը հիվանդանոց գնացի փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ, աղմուկ բարձրացրինք, մեկ էլ քննիչ Սիմոն Հարությունյանը զանգեց ինձ, թե տղադ ոստիկանության հոսպիտալում է: Հիմա էլ խաբում են, թե իբր վիրահատությունը հոսպիտալում են արել»:
Նույն օրը` սեպտեմբերի 27-ին, Ալբերտ Դալլաքյանին թույլատրել են հոսպիտալում որդուն տեսակցել: Նա պատմում է, թե հիվանդասենյակը հսկում էր մոտ 20 ոստիկան, բացի այդ` Արմանի ձեռքերը կապել էին մահճակալին` չնայած նրան, որ տղային վիրահատել էին դրանից ընդամենը ժամեր առաջ: Հոր խոսքերով` որդին արցունքն աչքերին երդվել է, որ ոչ մի բանի հետ կապ չունի:
Բժիշկները հատուկ սարքավորման միջոցով ծակել են նաեւ Արմանի թոքը: Փաստաբան Վաչագան Քոսյանն ասում է, թե նման բժշկական միջամտության պատճառ կարող էր դառնալ 2 գործոն: Առաջին` Արմանը պետք է թոքերի հետ կապված հիվանդություն տաներ, ինչ-որ խնդիրներ ունենար: Երկրորդ` դա կարող էր լինել արտաքին միջամտության` ուժեղ հարվածի հետեւանքով:
«Ինձ մոտ համապատասխան բժշկական տեղեկանք կա, որ Արման Դալլաքյանը թոքերի հետ կապված որեւէ հիվանդություն չի ունեցել»,- նշում է փաստաբանը եւ մեջբերում Արմանի պատմածները` ինձ ծեծելիս 3-4 հոգի ոտքերով հարվածում էին կրծքավանդակիս:
«Ես գտնում եմ, որ Արմանին դրդել են ինքնասպանության: Բայց անգամ հոսպիտալում նա նորից հայտնվել է 6-րդ վարչության նույն աշխատակիցների հսկողության տակ: Իսկ վիրահատությունից 24 ժամ չանցած նույն քննիչը` Սիմոն Հարությունյանը, գնացել է հոսպիտալ ու Արմանից ինքնախոստովանական ցուցմունք վերցրել,- ասում է փաստաբան Քոսյանը,- այսինքն` հոգեբանական ճնշումը շարունակվել է: Արմանը հասկացել է, որ ինքը չի պրծել, որ քննիչն իր ծեծված վիճակին անդրադարձ չի կատարում, որ հայտնվել է փակ շրջանակի մեջ»:
Փաստաբանը նաեւ նշում է, որ այս իրավիճակում Արմանը գրել է, թե պաշտպան ունենալուց հրաժարվում է: Մինչդեռ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով` պաշտպանից հրաժարվելը նախաքննական մարմինն ընդունում է, եթե ներկա է այն անձը, որը նշանակվել էր կամ կարող էր նշանակվել որպես պաշտպան:
«Բայց քննիչը ոչ միայն ընդունել է պաշտպանից հրաժարվելը, այլեւ նման պայմաններում` օրենքի խախտմամբ վերցված ինքնախոստովանական ցուցմունքը դրել է մեղադրանքի հիմքում»,- ասում է Քոսյանը:
Վերջինս, նախաքննության գաղտնիությունից ելնելով, Արմանի ինքնախոստովանության բովանդակությունը չի բացահայտում: Սակայն նշում է, թե այն «մանկապարտեզային մակարդակի է եւ որեւէ տրամաբանության չի ենթարկվում»:
Իսկ Ալբերտ Դալլաքյանը մանրամասնում է, որ որդին գրել է, թե մասնակցել է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տների թալանին:
Հիշեցնենք` այս տարվա հունիսի 1-ին ավազակային հարձակմամբ 5 դիմակավորվածներ Էդուարդ Բեզոյանի տնից, ըստ մամուլի հրապարակումների, հափշտակել էին ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք եւ գումար: Իսկ օգոստոսի 21-ին կրկին 5 դիմակավորված անձինք ու դարձյալ բռնության կիրառմամբ Նապոլեոն Ազիզյանի տնից կատարել էին մոտ 300 հազար դոլարի հափշտակություն:
«Արմանը գրել է, թե իբր մահացողը զանգել է իրեն եւ կանչել Էդուարդ Բեզոյանի տան մոտ: Ինքը հսկել է, այսպես ասած` աթանդա է կանգնել, վերջում մահացողը տղայիս 1000 դոլար է տվել, նրանք մեքենայով, որդիս էլ տաքսիով տարածքից հեռացել է: Բայց ոչ Արմանն է ինչ-որ մեկին տեսել` մահացողից բացի, ոչ էլ նրանք են տղայիս տեսել,- ասում է Ալբերտ Դալլաքյանը,- Նապոլեոն Ազիզյանի տան դեպքում դարձյալ նույն սցենարն է, բայց այս անգամ Արմանին կանչել են նաեւ տուն, որ պատի նկարներից մեկը պոկի: Ու աբսուրդն այն է, որ նորից ոչ նրանք են Արմանին տեսել, ոչ էլ ինքն է նրանցից գոնե մեկին տեսել»:
Հոր խոսքերով` այսօրվա տեխնիկայի դարում իրավապահները կարող են հեշտությամբ ստուգել, թե ինչքանով են Արմանի գրածներն իրականությանը համապատասխանում: Պարզապես պետք է բջջային օպերատորներից վերցնել հեռախոսազանգերի տվյալները, ավելին` կարող են օպերատորների ալեհավաքների միջոցով նույնիսկ պարզել, թե գողության պահին ով որտեղ է եղել:
«Բայց ոչինչ չեն անում, որովհետեւ իրենք էլ գիտեն, որ այս ամենը հեքիաթ է. Արմանը ոչ մեկին չի ճանաչում»,- ասում է Ալբերտ Դալլաքյանը եւ շեշտում, որ նույնիսկ բազմաթիվ բողոքների արդյունքում որդուն խոշտանգելու հետ կապված ոչ իրեն են հարցաքննել, ոչ էլ նույնիսկ Արմանին:
Միայն ոստիկանությունից գրավոր հայտնել են, թե «Արման Դալլաքյանի կողմից ինքնավնասման հնարավորությունը ստեղծվել է ոստիկանության ծառայողների անուշադրության հետեւանքով, որի համար վերջիններս ենթարկվել են կարգապահական պատասխանատվության»:
«Հետքի» հարցմանն ի պատասխան` ոստիկանությունը պարզաբանում է, որ քննիչ Սիմոն Հարությունյանը միջադեպին ներկա չի եղել: Իսկ անցկացված ծառայողական քննության արդյունքում ոստիկանության երկու օպերատիվ աշխատակիցներ ստացել են նկատողություն:
«Հենց հոսպիտալում բացատրություն է վերցվել նաեւ Արման Դալլաքյանից: Նա ասել է, որ, որսալով հարմար պահը, իրագործել է ինքնավնասում»,- փոխանցում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Շուտով լրանալու է Արմանի կալանավորման երկամսյա ժամկետը: Փաստաբան Քոսյանը նշում է, որ օրինականությամբ առաջնորդվելու դեպքում դատարանը հաստատ կալանքի ժամկետը չի երկարացնի, «որովհետեւ ինքնախոստովանական ցուցմունքից բացի` ոչ մի ապացույց չկա, մինչ օրս ոչ առերեսում են արել, ոչ էլ որեւէ քննչական գործողություն` արյան ու քրտինքի անալիզ վերցնելուց բացի»:
Հ.Գ. Նախաքննության գաղտնիությանը հղում անելով` ոստիկանությունը հրաժարվեց հարցազրույց կազմակերպել գործը քննող քննչական խմբի ղեկավարի կամ ոստիկանության որեւէ իրավասու պաշտոնյայի հետ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել