
Մեքենատերերի բողոքներից հետո տուգանքները չեղարկվում են
Սեպտեմբեր ամսին Երևանի Մամիկոնյանց փողոցի մի հատված կարմիր գծանշաններով գծանշվել է, սակայն տարածքում տեղադրված չէ վճարովի կայանատեղիի վերաբերյալ ցուցանակ և տեսանկարահանող սարք, որը կփաստի, որ այդ տարածքում հսկողություն է իրականացվում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ մասնագետներ, որոնց աշխատավայրն այդ փողոցում է, բողոքարկում են յուրաքանչյուր տուգանք, ինչից հետո տուգանքի որոշումը չեղարկվում է։
31-ամյա Սևակ Ծատուրյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու ամիսների ընթացքում որևէ տուգանք չեն վճարել: «Միայն մեր մյուս աշխատակից Արսեն Մանուկյանին 30-ից ավել տուգանք է եկել, մյուսներին՝ մոտ տասը։ Բոլորը պարտադիր բողոքարկվել են, և բոլորի տուգանման որոշումները չեղարկվել են։ Չեղարկման որոշումում պատասխան ենք ստանում, որ «մենք, ուսումնասիրելով փաստերը, որոշեցինք գործը կարճել»։ Այս դեպքում նրանք, օգտվելով մարդկանց օրենքի չիմացությունից, ստիպում են նրանց վճարել այդ տուգանքները»,- ասում է նա։
Տուգանքների բողոքարկման դիմումներում մեքենատերերը պատճառաբանում են, որ տարածքում բացակայում է վճարովի կայանատեղիի վերաբերյալ ցուցանակը և վճարման տերմինալը։ Ասում են՝ փոխարենը տարածքով շրջում է ավտոմեքենա և լուսանկարում կարմիր գծերի ներսում կայանված մեքենաները։
Նրանք նաև իրենց մյուս գործընկերների տուգանքներ են չեղարկել. անգամ եղել են դեպքեր, երբ հետ են ստացել արդեն իսկ վճարված տուգանքի գումարները՝ ներկայացնելով լրացուցիչ դիմում-բողոք։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել