
Լիլիթին պետք է փրկենք (տեսանյութ)
Լիլիթը սկսեց արտասվել, երբ հարցրի ընկերուհիների մասին: Նրա հետ դասարանում ոչ ոք չէր ուզում ընկերություն անել: Նրա կողքին ոչ ոք չէր ուզում նստել: Ըստ երեւույթին, ծնողներն են երեխաներին զգուշացրել հեռու մնալ Լիլիթից. նա հիվանդ է: 10 տարեկան Լիլիթը ամենից շատ նեղվել է հենց դրանից:
Ես սխալ հարց էի տվել աղջնակին ու չգիտեի ինչ անել, որ նրա արցունքերը դադարեն հոսել: Նրան շեղելու համար, եղբոր` Բենիկի հետ փորձեցի զրուցել, բայց նա էլ հարցերիս միայն «այո» կամ «ոչ» էր պատասխանում: Բենիկի մոտ ախտորոշվել է երիկամների նեֆրիտ: Այս կացարանում` վագոն-տնակում, անհնար է հիվանդություն ձեռք չբերել: Թերսնման, մրսելու շարունակականությունը բոլորի առողջությունը քայքայել է: Այս ընտանքի ճակատագրի անիվը կարծես հետ է պտտվում` իր հետեից քարշ տալով տան բոլոր անդամներին:
![]() |
![]() |
Լիլիթի մայրը` Կարինե Սարգսյանը | Լիլիթը |
Երեխաների մայրը` Կարինեն, ամբողջ ընթացքում մի կողմ քաշված լուռ արտասվում էր: Ամուսինը մահացել է ու ամբողջ հոգսը մնացել է այդ կնոջ ուսերին: Մորաքույրը` Նարինեն, անընդհատ պատմում է մանրամասներ` բժիշկներից, երեխաներից, մարդկանցից, ովքեր օգնել են, իր` զանազան բարերաների, գերատեսչությունների, հոգեւորականների գրած նամակներից, մեջբերում անում նրանց պատասխաններից: Նա չի թողնում, որ տանը որեւէ մեկն ընկրկի:
![]() |
Լիլիթի մորաքույրը` Նարինե Սարգսյանը |
«Ես ամեն ինչ անելու եմ նրա մանկությունը փրկելու համար»,- ասում է Նարինեն: Իսկ Լիլիթի մանկությունը լցված է անտանելի ցավերով, շնչահեղձությամբ, դեղերով: Լիլիթը մահճակալին կուչ եկած, վախվորած նայում է դեպի մեզ: Չգիտեմ` ինչ է մտածում նա, հնարավոր է` ուզում է, որ մենք արագ հեռանանք, որ կարողանա հանգիստ պառկել, չգիտեմ: Սարսափում ես` կարդալով, լսելով զանազան պաշտոնյաներից, մեր 1710-ամյա եկեղեցուց այս աղջկա մոր խնդրանքներին ուղարկված կամ հեռախոսով տրված պատասխանները:
Ես արդեն չէի լսում Լիլիթի մորաքրոջ պատմածները. ի՞նչ արժե իմ լրագրությունը, եթե ես չեմ կարող իմ գրածով փոխել Լիլիթի կյանքը: Երեկ հրապարակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքները` մոտ 12 մլն դոլար է հանգանակվել: Լիլիթի ընտանիքը գյուղի խանութին պարտք է մոտ 300 հազար դրամ, ձմեռվա վառելիք տանը չկա, ուտելիք` չունեն: Ես մտածում եմ` Հիմնադրամում կա՞ մեկը, որ արձագանքի այս աղջկա հարզատների կոչին: Հետո միանգամից սթափվում եմ, եթե լիներ` վաղուց կարձագանքեր, այնտեղ «գլոբալ» խնդիրներ են լուծում: Տասնյակ մարդիկ մեր հրապարակմանը արձագանքել են, ուզում են օգնել Լիլիթին, բայց դա լուծում չէ` շորեր, ուտելիք տանելով մենք մի քիչ, մի քանի շաբաթով, կամ ամսով կլուծենք ինչ-որ խնդիրներ:
![]() |
Լիլիթը, 8-ամյա Բենիկը և տատը` Նինա Բաբախանյանը |
Պետք է ստիպել, որ պետությունը կատարի իր պարտականությունները: Պետությունը դեռ տարիներ առաջ կարող էր այս ընտանքին տուն տրամադրել, քանի որ բնական աղետ էր եղել, ստորգետնյա ջրերը բարձրացել են, նրանց տունը հայտնվել է ջրերի մեջ, տան հիմքը նստել է, պատերից մեկը քանդվել է, եւ մարզպետարանի հանձնաժողովն արգելել է այնտեղ ապրել: Ընտանիքին երկու հին վագոն-տնակ է հատկացվել, եւ դրանցում իրենց առողջությունն են կորցնում ընտանիքի անդամները:
Պետությունը գոնե հիմա պետք է կատարի իր պարտավորությունը: Կառավարությունը ընդամենը մի որոշում պիտի կայացներ` հող եւ գումար հատկացնել բնական աղետից տունը կորցրած ընտանիքին` նոր տուն կառուցել համար: Կառավարությունը դա կարող է անել: Բայց կառավարությանը պետք է փաստաթղթեր ներկայացնի, հիմնավորում տանի Արարատի մարզպետը: Բայց մի՞թե մարզպետին, կամ մեկ այլ պաշտոնյայի, կարող է հետաքրքրել մի ընտանիքի, տասնամյա Լիլիթի, նրա եղբոր, մոր, տատի ճակատագիրը: Իհարկե ոչ: Նրանք բոլորը «գլոբալ» խնդիրներ են լուծում: Տասնամյա Լիլիթի, նրա ընտանիքի ճակատագիրը պետության համար չի կարող խնդիր դառնալ, որովհետեւ պետական պաշտոնյաները լծված են միայն մեկ բանի`իրենց բիզնեսի ընդլայնմանը:
![]() |
Վագոն-տնակը, որտեղ ապրում է Լիլիթն իր ընտանիքի հետ |
Տնակից դուրս գալուց առաջ փորձում եմ Լիլիթին նորից խոսացնել: «Դպրոցը որ ավարտես ի՞նչ ես անելու»,-հարցնում եմ նրան: «Բժիշկ եմ դառնալու, իմ բժիշկի նման»,-ասում է Լիլիթը: Լիլիթն իր բժշկուհու` Սաթիկ Հարությունյանի հետ մտերմացել է ու ուզում է նմանվել նրան: Լիլիթի բժշկուհու կերպարը հենման կետ դարձավ նաեւ ինձ համար, Լիլիթը խոսել սկսեց: Ինչ լավ է, որ Սաթիկ Հարությունյանի մասին իմացա, որովհետեւ, երբ Լիլիթը խոսում էր նրա մասին, աչքերում լույս տեսա, դեմքին ժպիտ հայտնվեց:
Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանություններ (34)
Մեկնաբանել