
««Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի վերաբերմունքը ազդակիր համայնքների նկատմամբ շանտաժի է նման»
«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը Ալավերդու պղնձաձուլական գործարանի 2013թ.-ից մինչև 2016թ.-ի հոկտեմբերի 1-ը կառավարության կողմից սահմանված արտանետումների չափաքանակները համարում է թույլատրելի նորմաներ և գտնում է, որ դրանք բնակչության առողջության վրա բացասական ազդեցություն չեն ունենում:
Լուսինե Մեջլումյանը
Արտանետումների ազդեցության բացակայության չափանիշներն էլ տիկին Մեջլումյանը հիմնավորում է իրենով. «Իմ մանկությունն անցել է Ալավերդիում, հիմա ես երկու երեխաներ ունեմ, մենք ապրում ենք Ալավերդիում և շատ առողջ ենք»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2015թ.-ին գրանցած էին 706 ուռուցքով հիվանդներ: Տարեվերջին նրանցից մնացել են 594-ը: Մահացել են քաղցկեղով հիվանդ 112 քաղաքացիներ:
Ալավերդիում և մյուս ազդակիր համայնքերում 2013-2016թթ.-ին ոչ միայն ուռուցքային, նաև սրտանոթային, երիկամային և այլ հիվանդությունների աճ է արձանագրվել: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը չի ուսումնասիրել իր գործարանի վտանգավոր արտանետումների ազդեցությունը բնակչության առողջության վրա: Վարչապետի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության դիմումի քննարկման ժամանակ Լուսինե Մեջլումյանը ընկերությանը արդարացրել է, թե սահմանված չափաքանակների թույլտվությունը տվել են կառավարության կողմից լիազորված անձինք: «Մենք ինքներս մեզնից չենք հնարել, քննարկումներ են եղել, հանրային լսումներ են եղել, ապա թույլտվությունները տրվել են»,- բացատրել է նա:
Ալավերդու «Օրհուս» կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը տնօրենին հակադարձել է, որ կառավարության կողմից պղնձաձուլական գործարանի արտանետումների չափաքանակների հետ կապված 2013թ.-ին տրվել է սխալ թույլտվություն՝ հաշվի չառնելով ազդակիր համայնքերի մարդկային արժեքները:
ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի խոսքով՝ եթե 20 մետր խողովակով ենք հաշվարկում արտանետման նորման, այդ խողովակից կոպիտ հաշվարկով պետք է լինի 40 տոննա արտանետում: Արտանետելով տարեկան, ասենք, 25 հազար տոննա ծծմբի երկօքսիդ՝ իրականում գործարանը գերազանցում է օրենսդրությամբ սահմանված նորմը՝ միայն այդ աղբյուրի մասով՝ 625 անգամ: Գաբրիելյանը դա աներևակայի թիվ է համարում և պնդում է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանին 2006 և 2013թթ.-ի արտանետումների չափաքանակները տրվել են կամայականորեն, և դա հիմք է ծառայել գործարանի համար, որպեսզի չմուծի, կամ քիչ մուծի բնությանը և բնակչության առողջությանը հասցրած իր վնասների բնապահպանական վճարները:
Արմեն Ղարագյոզյանը
Բնապահպանության տեսչության ավագ մասնագետ Արմեն Ղարագյոզյանը իրատեսական չի համարում Ալավերդիում արտանետումները 10 անգամ նվազելու եզրակացությունը։ «Վիճելի է 10 անգամ նվազելու թիվը, ես չեմ ասում՝ մոնիտորինգի կենտրոնը ինչ-որ բան արել է, հնարավոր է՝ իջներ էս թիվը, բայց 10 անգամ իջնելը մի քիչ անհասկանլի է»,- բացատրում է Ա. Ղարագյոզյանը:
«Հետքի» հետ զրույցում բնապահպանության տեսչության ավագ մասնագետը առաջարկեց Կոշաբերդի արտանետումների հետ կապված կատարել նոր ուսումնասիրություններ: «Վալլեքս» խմբի ընկերությունների բնապահպան Սուրեն Երիցյանի ասելով՝ արտանետումների սահմանաքանակները դադարեցնելու դեպքում 2017թ.-ի հոկտեմբերից կավելանան «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության՝ պետբյուջե վճարվող բնապահպանական վճարները:
Հիշեցնենք, որ 2016թ.-ին ընկերությունը պետբյուջե վճարելու է 140-150 մլն դրամ, 2017թ.-ի հոկտեմբերի 1-ից հետո այն կդառնա 400 մլն դրամ: Վերջինս չվճարելու դեպքում ընկերությունը հսկայական շահույթ կունենա։ Այստեղից էլ սկսվում է ընկերության շահագրգռությունը արտանետումների սահամանքանակները ևս 5 տարի երկարացնելու ցանկությունը։
Պղնձաձուլական գործարանի Կոշաբերդի ծխնելույզից արտանետվող չափաքանակները ընկերությունը գաղտի է պահել ազդակիր համայնքներից: Այն հայտնի է դարձել ընկերության կողմից վարչապետին ուղղված դիմումի հրապարակումից հետո: Այդ դիմումն առաջ է բերել Ալավերդու և ազդակիր մյուս համայնքերի բնակիչների դժգոհությունը։
«Ես ուզում եմ ինքս ինձ հասկանալ՝ ոնց կարող է 1170 տ արտանետումը միանգամից 26 անգամ աճել: 2011թ.-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումը կազմել է 1170 տ: Երբ ծխատարը տարել են Կոշաբերդ սարի գագաթ, 2012թ.-ի արտանետումների չափորոշիչը միանգամից դարձել է 26 հազար տոննա: Ո՞նց կարելի է: Դա պետք է կարգավորվի ինչ-որ մի ձևով»,- ասում է Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:
Կարեն Փարեմուզյանը
Վերջինս չի թաքցնում, որ որպես համայնքապետ՝ իրեն ավելի շատ հետաքրքրում են բնապահպանական սումբվեցիաները։ «Սոցիալական խնդիր ա, բունտ ա բարձրանում: Առաջ գոնե բնակչին բացատրում էինք, ասում էինք՝ մի քիչ համբերեք, ծուխ ա, դրա համար քեզ կաթ ու մածուն ենք տալիս, առողջարան, ճամբար ենք ուղարկում, հիմա էդ ամեն ինչը կտրվել ա»,- բացատրում է քաղաքապետը:
«Մենք բոլորս նկատում ենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության վերաբերմունքը ազդակիր համայնքների նկատմամբ ավելի շատ շանտաժի է նման: Գործարանը սոցիալական մեծ խնդիրներ է լուծում, հիմա եթե մեր համաձայնությունը չտանք, գործարանը կփակվի և ավելի մեծ խնդիր կունենանք: Բայց գուցե այլ ճանապարհ ընտրեք, գուցե ինքնարժեքի իջեցման, կամ կառավարությունը մտածի այլ ճանապարհի մասին: Պարտադիր պետք է դադարեցնե՞ք բնապահպանական վճարները, որոնք հետո սուբվենցիայի տեսքով գալիս են համայնք և շատ թե քիչ համայնքի պահպանման խնդիր են լուծում: Ամեն դեպքում, ազդակիր համայնքը իր բնակչությամբ ամենախոցելի խավն է: Եվ միշտ վերջում ամբողջ հարցի ծանրությունը գալիս է հենց բնակչության ուսերին: Գուցե դուք ձեր ֆինանսական դժվարությունների այլ լուծումներ գտեք»,- առաջարկում է Օձունի գյուղապետի տեղակալ Արմինե Միքայելյանը:
Արտանետումների սահմանքանակները երկարաձգելու պահանջը չհիմնավորելով՝ ընկերության տնօրենը վերադառնում է պղնձաձուլական գործարանում չինացիների ներդրումներին. «Մենք ստացել ենք ծրագրի իրականացման նախնական ֆինանսական բյուջեն, որը կազմում է 360 մլն դոլար»,-հայտնեց նա:
Լուսինե Մեջլումյանի խոսքով՝ նոր պղնձաձուլարանը ենթադրում է իրենից պղնձի, ծծմբաթթվի և կատոդային հումք պղնձի արտադրություն: «Դա նշանակում է, որ արտանետումների 95,8 տոկոսը կլանվելու է և վեր է ածվելու արտադրանքի՝ ծծմբաթթվի: Մենք կարծում ենք՝ եթե ծրագիրը զարկ ստանա և ունենանք զարգացումներ, մեզ պետք կլինի 3-5 տարվա ժամկետ»,- հայտնեց նա: Թե այդ 3-5 տարիներին անթույլատրելի արտանետումների տակ առանց ընկերության փոխահատուցումների ալավերդցիները ինչպես են ապրելու, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը իր խնդիրը չի համարում:
Ազդակիր համայնքերի ղեկավարները ստեղծված իրավիճակում կառավարությունից պահանջում են կանոնակարգել Ալավերդու պղնձաձուլական գործարանի Կոշաբերդի խողովակից 99,4 տոկոս ծծմբաթթվի պարունակությամբ անթույլատրելի չափաքանակներով արտանետումները, արտանետումների 2013-2016թթ.-ին չափաքանակներին համապատասխան վերականգնել պետբյուջե վճարվող բնապահպանական վճարները և դրանից բխող ազդակիր համայնքերի բնապահպանական սուբվենցիաները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել