
Շնորհավոր 54-ամյակդ, Մոնթե
Այս առավոտ արևոտ ու մի քիչ սառը երկնքի տակ, հարյուրավոր մարդիկ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Մոնթե Մելքոնյանին՝ «Ավոյին», ով այսօր կդառնար 54 տարեկան:
Հարյուրավոր կադետներ էին եկել «Մոնթե Մելքոնյան» ռազմական ակադեմիայից: Նրանք սպասում էին, որ իրենց հերթը հասնի՝ մեկ անգամ մոտենալու Մոնթեի շիրմին ու մի սպիտակ ծաղիկ դնելու՝ որպես հարգանքի նշան: Նրանց մեծ մասը ծնվել է ազգային հերոսի զոհվելուց հետո:
Քիչ անց, իրենց հրամանատարի հրամանով, նրանք հանեցին ձմեռային գլխարկներն ու ծնկի իջան. լռության մեկ րոպեն էր:
Ներկա էին Մոնթեի մարտընկերներից, ովքեր միշտ Եռաբլուր են այցելում այն օրը, երբ Ավոն ծնվեց Կալիֆորնիայում, և այն օրը, երբ նա մահացավ Արցախի ռազմադաշտում:
Կույրերի մի տեղական կազմակերպության երիտասարդ անդամներ Մոնթեի պատվին բանաստեղծություններ էին արտասանում շիրմի մոտ:
Ես մտքումս իմ խոսքն ասացի նրան ու հեռացա՝ համոզված, որ Մոնթեի թողած ժառանգությունը շարունակում է ապրել այն շատ մարդկանց մեջ, ում նա առնչվել է իր կյանքի ճամփորդության ժամանակ, և նրանց մեջ, ովքեր եկել են հարգելու ընկած զինվորին:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել