
Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը՝ էլիտ-ռաունդում
Երեկ ավարտվել է Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի 12-րդ խմբի՝ Իսրայելում անցկացվող մրցաշարը, որի արդյունքում Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը իրավունք է ստացել հանդես գալու էլիտ-ռաունդում:
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3-2 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին: Մեր ընտրանու առաջին գոլը խփել է Մարտին Գրիգորյանը, իսկ Գերման Կրբաշյանը դուբլի հեղինակ է դարձել:
Հայաստանի հավաքականը այս հաղթանակից հետո, իր վաստակած 4 միավորով եւ լրացուցիչ ցուցանիշներով, ընդգրկվել է 13 խմբերում երրորդ տեղը զբաղեցրած թիմերի լավագույն քառյակում եւ էլիտ-ռաունդի ուղեգիր ձեռք բերել: Արթուր Ոսկանյանի սաները 1 հաղթանակ են տարել, Լեհաստանի հետ խաղն ավարտել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով եւ 0:2 հաշվով պարտվել Իսրայելից: 12-րդ խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Իսրայելի հավաքականը, որը գրանցել է հարյուրտոկոսանոց արդյունք եւ վաստակել 9 միավոր: Լեհաստանի հավաքականը երկրորդն է՝ 4 միավորով, եւ նա մեր ընտրանուն գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով:
Խմբերում երրորդ տեղը զբաղեցրած լավագույն քառյակում են նաեւ Բելգիայի, Չեխիայի եւ Մոնտենեգրոյի հավաքականները:
Էլիտ-ռաունդում հանդես գալու իրավունք են ստացել այնպիսի երկրների հավաքականներ, ինչպիսիք են օրինակ Ֆարերյան Կղզիները եւ Կիպրոսը: Կիպրոսցիները 11-րդ խմբի առաջատարներն են: Իսկ ահա Ֆարերյան Կղզիների ընտրանին տեղ է գտել 3-րդ խմբի երկրորդ հորիզոնականում, շրջանցելով Չեխիային եւ Լյուքսեմբուրգին:
Մեկնաբանել