
Շարժական սարքերն առաջին անգամ գերազանցել են համակարգիչներին` որպես ինտերնետից օգտվելու միջոց
Աշխարհում ինտերնետի սպառումը ավելի ու ավելի շարժական է դառնում:
2016թ-ի հոկտեմբերին առաջին անգամ ինտերնետային կայքերի այցելությունները սմարթֆոններից ու թաբլետներից ավելի շատ են եղել, քան համակարգիչներից: Ցանցային վերլուծությունների StatCounter կայքի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ ամիս ամբողջ աշխարհում ինտերնետի օգտագործման 51,3%-ը բաժին է ընկել շարժական սարքերին, 48,7%-ը` համակարգիչներին:
Հին կայքերը շարժական սարքերով դիտելուն հարմարեցնելու կարևոր պատճառ է նաև այն, որ ամենամեծ որոնողական համակարգը` Google-ը, որոնման արդյունքներում կայքեր առաջարկելիս կարևորում է նաև այն հանգամանքը, թե որքանով է այդ կայքը հարմարեցված շարժական սարքերին (mobile-friendly): Հունիսին Google-ը ներկայացրեց իր նոր գործիքը, որով կարելի է ստուգել, թե որքանով են կայքերը հարմար` հեռախոսներով դիտելու համար: Այն վերլուծում է կայքի դիզայնը և այն, թե արդյոք կայքը արագորեն է հասանելի շարժական սարքերի ու համակարգիչների համար:
Չնայած համաշխարհային այս ցուցանիշին` համակարգիչները շարունակում են ինտերնետից օգտվելու հիմնական միջոց լինել այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսիք Միացյալ Նահանգներն ու Միացյալ Թագավորությունն են, որտեղ համակարգիչներով կայքեր է այցելում մարդկանց համապատասխանաբար 58%-ը և 55,6%-ը: Հնդկաստանում, հակառակ սրան, համակարգչով կայքեր է այցելում մարդկանց միայն 25%-ը:
Հայաստանում մոբայլ սարքերի` ինտերնետից օգտվելու հիմնական գործիք լինելու մասին խոսելը դեռևս վաղ է: Այստեղ, ըստ StatCounter-ի տվյալների, համակարգչով են կայքեր այցելում օգտվողների մոտ 88%-ը, այլ կերպ ասած` ամեն 10-ից 9-ը:
Նման պատկեր է նաև Ռուսաստանում: Հարևան երկրներից Վրաստանի տվյալները StatCounter-ը չի հայտնում, իսկ Ադրբեջանի դեպքում գրեթե հավասար ցուցանիշ է հաղորդում սմարթֆոնների և համակարգիչների համար: Տարբերությունը պակաս մեծ է Թուրքիայում և Իրանում:
Թեև այս ցուցանիշները վերաբերում են ոչ թե սարքերի քանակին և օգտագործմանը, այլ միայն դրանց` ինտերնետ հասանելիության միջոց լինելուն, վերջին տարիներին նկատվում է նաև համակարգիչների վաճառքի ցուցանիշների անկում: Ու թեև նվազում է նաև սմարթֆոնների վաճառքը, մեկ տարվա ընթացքում վաճառվում է այնքան համակարգիչ, որքան մեկ եռամսյակում վաճառված սմարթֆոնների թիվն է:

Որոշ կանխատեսումներով` այս միտումը կհանգեցնի նրան, որ գրեթե բոլորը ինտերնետից կօգտվեն առաջին հերթին սմարթֆոնների օգնությամբ` համակարգիչները թողնելով հիմնականում որպես աշխատանքային գործիք:
StatCounter-ի Global Stats վերլուծությունը հիմնվում է 2,5 մլն-ից ավելի կայքերի ամենամսյա ավելի քան 15 մլրդ էջերի դիտումների վրա:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել