
Քաղաքապետարան. Մաշտոցի 51 հասցեում հատված ծառը եղել է «լիովին չոր վիճակում»
Երևանի Մաշտոցի 49-51 շենքերի դիմաց հոկտեմբերի 21-ին հատված ծառը եղել է «լիովին չոր վիճակում»: Նման պատասխան է տվել Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը «Հետք»-ի հարցմանը` թե արդյոք ծառը ենթակա էր հատման:
Հիշեցնենք, որ պողոտայում հատված ծառի լուսանկարները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել էր Երևանի բնակչուհի Արմինե Պետրոսյանը: Նա դիմել էր քաղաքապետին` ցանկանալով իմանալ նաև, թե արդյոք ծառը ենթակա է եղել հատման:
«Նշված ծառատեսակն ընդգրկված է եղել Կենտրոն վարչական շրջանի 13.05.2016թ. հ. 23/16-28498 գրությամբ ներկայացված չոր ծառերի գույքագրված ցանկում»,- պատասխանել է քաղաքապետարանը` կցելով «Կենտրոն» վարչական շրջանի վթարային ծառերի մի ցանկ (նկ.1): Մաշտոցի պողոտայում, ըստ քաղաքապետարանի, գույքագրվել է 6 չոր ծառ: Մինչդեռ քաղաքապետարանի նույն վարչության` մայիսին «Հետք»-ին տրամադրած ցանկում (նկ.2) նշված են պողոտայում հատման կամ խորը էտի ենթակա ծառերի առանձին հասցեները, և «Մաշտոցի 51»-ը դրանում ներառված չէ:
![]() |
![]() |
նկ.1 | նկ.2 |
Քաղաքապետարանը նաև կցել է քաղաքացի Հասմիկ Մարկոսյանի դիմումը` Մաշտոցի 49 հասցեում եղած 3 ծառերի չորացած լինելու և վտանգ ներկայացնելու մասին: Ի պատասխան այս դիմումի` քաղաքապետարանը որոշել է իրականացնել «2 ամբողջովին չոր ծառերի հատման և 1 բարդի ծառատեսակի երիտասարդացման աշխատանքները»: «Ծառահատումը կատարվել է համապատասխան թույլտվությամբ՝ «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության ուժերով»,- գրված է քաղաքապետարանի պատասխանում:
Հիշեցնենք, որ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ ինչպես Կենտրոն, այնպես էլ շատ այլ վարչական շրջաններում շրջայցեր չեն կատարվել` հատման և խորը էտի ենթակա ծառերի վիճակին ծանոթանալու համար: Սրա վերաբերյալ քաղաքապետարանը նշել է, որ ուսումնասիրություն է կատարվել Աջափնյակ վարչական շրջանի «մի շարք ընտրովի հասցեներում», որտեղ գույքագրված ծառերի վիճակը համապատասխանել է ներկայացված ցանկին:
«Համոզվելով, որ տվյալները ճիշտ են՝ բնապահպաններն առաջարկել են իրականացնել ծրագիրը Երևան քաղաքում»,- նշված է քաղաքապետարանի տեքստում:
լուսանկարը` Արմինե Պետրոսյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել