
Ե՞րբ հասանելի կլինի «Մոդիտեն դեպո» դեղը․ ԱՆ ու արտադրողի ներկայացուցիչը նշում են տարբեր ժամկետներ
Վերջերս «Հետք»-ի խմբագրություն էին դիմել մի քանի ընթերցող, ովքեր պատմել էին, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետպատվերով տրվող «Ֆլուֆենազին» (վաճառքում՝ «Մոդիտեն դեպո») դեղը մոտ 2 ամիս է չեն կարողանում ստանալ:Մենք փորձեցինք պարզել՝ ինչն է պատճառը, երբ հնարավոր կլինի ստանալ այն, և ինչ պետք է անեն հիվանդները, մինչև նույնանուն դեղի հայտնվելը:
«Ֆլուֆենազին»-ը նեյրոլեպտիկ (հակահոգեգարային) ազդեցություն ունեցող դեղ է: Այն օգտագործվում է շիզոֆրենիայի տարբեր տեսակների բուժման ժամանակ։
Դեղերի պետական ռեեստրի համաձայն՝ Հայաստանում գրանցված է մինչև այս տարվա նոյեմբերի 3-ը, արտադրող՝ սլովենական «ԿՌԿԱ» դեղագործական ընկերություն։ Այժմ դեղը գտնվում է վերագրանցման փուլում։
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ դեղի բացակայության պատճառը արտադրողի գործարանում ծագած հրդեհն է, ինչի հետևանքով այրվել են համապատասխան սարքավորումները, և անհնարին է դարձել դեղի արտադրությունը: Այս մասին իրենց գրություն է ներկայացրել «Մոդիետեն դեպո» դեղը ներկրող «Ռիխտեր Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ն 2016թ․ մարտի 15-ին։
Սակայն նշեցին, որ նույն գործարանից իրենց տեղեկացրել են, որ որ «Մոդիտեն դեպո 25մգ 1մլ» դեղի նոր խմբաքանակը կարտադրվի 2017թ. փետրվար-մարտ ամիսներին:
Հիվանդներից մեկի հարազատի՝ «ԿՌԿԱ» ընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկած նամակին ի պատասխան՝ բժշկական հարցերով պատասխանատու Լիլի Վույսեկը (Lili Voušek) հայտնել է, որ շուկայում դեղի բացակայության պատճառը գործարանում դրա ակտիվ նյութի սակավությունն է։
Սակայն նաև նշել է, որ «Մոդիտեն դեպո» դեղերը արտադրվելու և հասանելի են լինելու Ռուսաստանում (Մոսկվա), Ուկրաինայում (Կիև) արդեն հոկտեմբերի 7-ից․ «Հավանաբար մի քանի շաբաթ կպահանջվի, որպեսզի ապրանքը հասանելի լինի մեծածախ վաճառքում և դեղատներում, բայց մինչև ամսվա վերջ ամեն ինչ պետք է որ լավ լինի»,- գրել է Լ․ Վույսեկը ։
Առողջապահության նախարարության կողմից «Մոդիտեն դեպո» դեղի գնման հրավերը gnumner.am կայքում 2016թ. սեպտեմբերի 16-ին տեղադրվել է «ՀՀ ԱՆ ՇՀԱՊՁԲ-15/4-2017/1 » ծածկագրով շրջանակային համաձայնագրի հրավեր, որտեղ, որպես գնման առարկա, ներկայացված է նաև «Ֆլուֆենազինը»: Սակայն դա արդեն 2017թ. կարիքների համար է։
«Մոդիտեն դեպո» -ին համարժեք գրանցված դեղերը
Ինչպես նշվեց, «Մոդիտեն դեպո»-ն Հայաստանում գրանցված է մինչև նոյեմբերի 3-ը։ «Ֆլուֆենազին» պարունակող որևէ այլ դեղորայք Հայաստանում գրանցված չէ։
Դեղերի պետական ռեեստրում գրանցված է դեղի փոխարինողներից «Հալոպերիդոլ»-ը՝ հայկական «Արփիմեդ» և հունգարական «Գեդեոն Ռիխտեր»-ի արտադրության:
Ըստ ԱՆ տրամադրած տեղեկության՝ Հայաստանում գրանցված են նույն դեղաբանական խմբին պատկանող այլ դեղեր՝ «Քլորպրոմազին (Ամինազին)», «Տրիֆլուոպերազին (Տրիֆթազին)», «Լևոմեպրոմազին (Տիզերին)», «Ռիսպերիդոն (Ռիսպաքսոլ, Ռիսպերիգամմա, Ռիսպերիդոլ, Ռիսսար, Սեդարեքս, Ռիսպերիդոն)»։
Նախարարությունը գնում և հիվանդներին տրամադրում է «Տրիֆլուոպերազին» և «Լևոմեպրոմազին», իսկ «Ռիսպերիդոն»-ը պարբերաբար ստանում է ՝ որպես մարդասիրական օգնություն։
Հիվանդներից մի քանիսի հարազատների խոսքերով (ովքեր չցանկացան ներկայանալ, հեղ․)՝ «Մոդիտեն դեպո»-ի պես արդյունավետ է և լիարժեք փոխարինող կարող է լինել «Կլոպիքսոլ դեպո»-ն։ Այս դեղը, սակայն, Հայաստանում գրանցված չէ, ինչպես նաև ներառված չէ Առողջպահության նախարարի N22-Ն հրամանով սահմանված «Ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկ»-ում։
Մեկնաբանել