
Օրենքի արգելքը չի գործում օնլայն կազինոներում
Սերժ Սարգսյանը հոկտեմեբրի 19-ին ստորագրեց մի շարք օրենքներ, այդ թվում «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչը, նոր օրենքով, մինչեւ ինտերնետ շահումով խաղին մասնակցելու հնարավորության տրամադրումը իրականացնում է հաճախորդների նույնականացում և տվյալների մուտքագրում (գրանցում)՝ 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց ինտերնետ շահումով խաղին մասնակցելը բացառելու նպատակով, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում արգելում է 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ:
Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով`Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ունի (սեպտեմբերի 30-ի դրությամբ) 4 ընկերություն`«Վիվառո Գրուպ», «Այգեյմս», «Տոտո Գեյմինգ» և «Գուդվին-կազինո» ՍՊԸ-ները:
Ընկերությունները պետք է արդեն հասցրած լինեին իրենց գործունեությունը փոփոխել ըստ օրենքի, այդ թվում` բացառել 21 տարին չլրացած ֆիզիկական անձնանց` ինտերնետ շահումով խաղին մասնակցելը: Նշենք, որ ընկերությունները ինտերնետ շահումով խաղեր են կազմակերպում մարզերում և Երևանում տեղակայված իրենց պատկանող գրասենյակներում` խաղասրահներում, ինչպես նաև կայքերի միջոցով: Ինչպես է գործում օրենքը գրասենյակներում, հնարավոր է իմանալ միայն` այնտեղ լինելով և հետևելով կազմակերպչի գործունեությանը: Ինչ վերաբերում է շահումով խաղերի մասնկացությանը կայքերում, ապա դրանց ծրագրային կառուցվածքից ակնհայտ է, որ տարիքային նշված շեմը հնարավոր է հեշտությամբ շրջանցել` խախտելով օրենքը:
Ընկերությունների կայքերի ուսումնասիրությունից պարզվում է, որ 21 տարին չլրացած անձինք էլ կարող են գրանցվել, խաղալ և գումար կորցնել. օրենքը երբեմն գործում է միայն շահած գումարը կանխիկացնելու ժամանակ, երբ անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով: Այլ կերպ ասած` մեխանիզմը բարդացվել է միայն գումար շահելու պարագայում, իսկ կորցնելը դարձյալ հեշտ է:
«Վիվառո Գրուպ»
«Վիվառո Գրուպ»-ը, ըստ ֆիննախի, նշված բոլոր ընկերություններից ամենաշուտն է ստացել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիան` 2011թ.-ին: Սա եղբայրներ Վահե և Վիգեն Բադալյանների հիմնադրած ընկերություններից մեկն է: Այնուամենայնիվ, ըստ կայքերի գրանցման բազաների, ինտերնետ շահումով խաղեր իրականացնող http://www.vivarobet.am, casino.vivarobet.am և blot.vivaropoker.am կայքերը գրանցված են եղբայրների հիմնադրած մեկ այլ ընկերության` «Վիվառո Բեթինգ»-ի, իսկ https://www.vbet.com-ը` Վիգեն Բադալյանի անունով:
Խաղալու համար կայքն առաջարկում է նախ գրանցվել, որի առաջին «բարդությունը» էլեկտրոնային հասցե ունենալն է ու գաղտնաբառ հորինելը: Այնուհետև պետք է լրացնել մի շարք տվյալներ: Ստուգելու համար տարիքը` ընկերությունն առաջարկում է լրացնել ծննդյան տարին և ամսաթիվը: Սակայն կայքը դեռևս հարմարեցված չէ նոր օրենքին և, օրինակ, 19 տարեկանի տվյալները (տես 4-րդ նկարը)` ծրագրային սխալ չեն ընկալվում:
Հին են, որպես գրանցման քայլ, խաղացողին առաջարկվող պայմանները: Գրանցվողը (տես նորից 4-րդ նկարը) դեռևս տալիս է համաձայնություն, որ իր «18 տարեկանը լրացել է», մինչդեռ պետք է լիներ` 21 տարեկանը:
«Այգեյմս»
«Այգեյմս» ընկերությունը ինտերնետ շահումով խաղ է իրականացնում www.igames.am կայքի միջոցով, լիցենզիան ստացել է 2014թ.-ին: Խաղերին մասնակցելու համար դարձյալ անհրաժեշտ է գրանցվել: 21 տարեկանից ցածր տարիք լրացնելու դեպքում (տես 2-րդ նկարը), ծրագիրը չի ընդունում գրանցումը, այսինքն` ի տարբերություն «Վիվառո Գրուպ»-ի` ընկերությունն այս առումով գրանցումը համապատասխանեցրել է օրենքի պահանջներին:
Հաջորդ քայլով ընկերությունը պահանջում է անձնագրի համար, թվում է` գրանցողի նույնականացում է իրականացվելու, և հնարավոր չէ տարիքը սխալ լրացնել, սակայն սխալվում եմ: Ճիշտ անձնագրային տվյալ և սխալ տարիք լրացնելու դեպքում հնարավոր է գրանցվել և սկսել խաղալ: Սա նշանակում է, որ ամեն մեկը, ով ունի անձնագիր, կարող է գրանցվել: Իսկ անձնագիր ստանում են 16 տարեկանից:
Ընկերությունը բարդացրել է միայն շահած գումարի կանխիկացումը. գրանցվելիս համաձայնություն ես տալիս (տես 3-րդ նկարը), որ ներկայացնելու ես անձնագրային տվյալները: Այսինքն` 21 տարեկանից ցածր տարիք ունեցողը պետք է «բացահատվի» միայն գումարը վերցնելիս, իսկ կորցնելիս կարող է լինել, ով ուզում է:
«Տոտո Գեյմինգ» և «Գուդվին-կազինո»
«Տոտո գեյմինգ»-ը ինտերնետ շահումով խաղեր է իրականցնում www.totogaming.am կայքի միջոցով, լիցենզիան ստացել է 2014թ.-ին: Կայքը, ինչպես «Վիվառո Գրուպ» ընկերության դեպքում, հարմարեցված չէ օրենքին. գրանցվելու պայմաններից մեկը դեռևս 18 տարին լրացած լինելն է (տես 2-րդ լուսանկարը): Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել նաև ծննդյան ամսաթիվ, տարեթիվ, և անձնագրի համար: Սակայն այս ամենը ձևական բնույթ է կրում: Անձնագրի տերը չի նույնականացվում գրանցվողի տարիքային տվյալների հետ, հետևաբար խաղացողը կարող է իր համար ցանկացած տարիք ընտրել և սկսել խաղալ:
«Գուդվին-կազինո»-ն ինտերնետ շահումով խաղերի լիցենզիան ստացել է այս տարի: Ընկերության սեփականտերերը օնլայն կազինո են կազմակերպում www.goodwinbet.am կայքի միջոցով: Գրանցվելու համար անհրաժեշտ է անձնագրային տվյալ լրացնել, սակայն դարձյալ նույնականացում չի կատարավում գրանցվողի տարիքային տվյալների հետ, և հնարավոր է լրացնել սխալ տարիք:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել