
«Lonely Day». Պարզ, մարդկային պատմությունից մինչև պատերազմագիտություն
Տարոն Մալաքյանը աշխարհում այսօր ամենահայտնի հայերից մեկն է, ում ճանաչում են հիմնականում ռոքի բարձրագոչ անուններից մեկով` « System Of A Down»-ով (SOAD): Այսպես շարքային ունկնդրի բնութագրմամբ կարող է եզրափակվել, սակայն երաժշտության և, հատկապես, ռոքի երկրպագուները նրա անունը կհնչեցնեն մի քանի այլ ազդեցիկ խորագրերում ևս: Տարոնին ճանաչում են որպես լավագույն կիթառահարի և իր կատարման առանձնահատկությամբ, որի շնորհիվ նա ժամաակ առ ժամանակ հայտնվում է տարբեր սկզբունքներով դասակարգվող երաժշտական շարքերի գլխավոր հորիզոնականներում: Այսպես ուրեմն, « Music Radar»-ի գնահատմամբ` մեթալ ոճի 20 լավագույն կիթառահարներ կան աշխարհում, որոնցից մեկն էլ Տարոն Մալաքյանն է` 11-րդ տեղում: Իսկ ահա « Guitar World»-ը, բոլոր ժամանակների լավագույններից պեղել, հավաքել ու կազմել է heavy metal ոճումկիթառահարների 100 անուն ընդգրկող մի ցանկ, որտեղ մեր հայրենակիցը 30-րդն է, և այդ տիտղոսը նա կրում է այնպիսի լեգենդների կողքին, որոնց անունները կարդալիս անգամ փշաքաղվում ես` Ջիմի Հենդրիքս, Ջեֆ Բեք, Թոնի Այոմի, Ռիչի Բլեքմոր, Զաք Ուայլդ, Բրայըն Մեյ և ուրիշներ:
Տարոն Մալաքյանը, սակայն, ոչ միայն լավագույն կիթառահ է, « SOAD»-ի հիմնադիր և երգիչ-երաժիշտ. նա բազմաթիվ երգերի հեղինակ է, և «SOAD»-ի լավագույն գործերի մեջ մենք մշտապես նրա ներկայությունը տեսել և ճանաչել ենք: Նրա հեղինակած բազմաթիվ երգերից էլ ոչ բոլորն են կատարվել «System Of A Down»-ում: Այս երաժշտին ճանաչողները գիտեն, որ նա համագործակցել է տարբեր երաժիշտների և խմբերի հետ, ունեցել անհատական մեծ ու հաջողակ նախագծեր: Նոր ստեղծագործություն գրելիս, նա հավանաբար նախապես չի որոշում, թե ում համար է, սակայն ավարտելուն պես արդեն գիտի, թե նոր երգը որտեղ կարող է ապրել ու ում հետ: Դրանցից շատերը «SOAD»-ի երգացանկում չեն ընդգրկվել մի պարզ պատճառով` Տարոնը համոզված էր, որ իր նոր գործը խմբին այնքան էլ հարմար չէ, և այս մոտեցումը, ինչ խոսք, բնական է ու պատճառաբանված:
Սակայն կա մեկը, որի հանդեպ նա, թերևս, սխալվել էր: Այլ ճակատագիր էր սպասվում Տարոնի կողմից գրված ամենահայտի ու սիրված երգերից մեկին` « Lonely Day» –ին, եթե այն նախապես չլսեին խմբի մյուս անդամներն ու չպնդեին հակառակը:
Նա, առհասարակ, գտնում է, որ ցանկացած նոր ծնված երգ պարտադիր չէ որևէ մեկին ցույց տաս հատկապես այն ժամանակ, երբ առաջարկում ես կատարել. անկախ նրանից, թե նա ուր կմնա, մեկ անգամ լսելը , կարծում է, որ չի խանգարի: Հենց այս նպատակով էլ նա տղաներին ներկայացրեց իր « Lonely Day» –ն ու, այսպես ասած, կրակն ընկավ: Խմբի անդամները պնդեցին, որ այն հարմար է « SOAD»-ին, գեղեցիկ է ու նաև տարբեր մինչ այդ եղած գործերից: Խմբի բաս- կիթառահար Շավո Օդաջյանը պատմել է, որ իրենք ստիպված էին գրեթե խլել երգը Մալաքյանից: « Իրականում ես այն չեմ ուզում կատարել, բայց դե... ուրիշները կարող է ուզենան լսել այն»,- ասում էր Տարոնը, ով հետագայում էլ խոստովանում էր, որ շատ փոշմանել է երգը այդ կերպ ներկայացնելու համար:
Երգը ձայնագրվեց և թողարկվեց 2005թ. նոյեմբերին, խմբի հինգերորդ ստուդիական ալբոմի` «Hypnotize»-ի կազմում: Մի քանի ամիս անց` արդեն 2006թ. գարնանը այն թողարկվեց նաև առանձին` որպես ալբոմի 2-րդ սինգլ: Այն կատարում էր Տարոն Մալաքյանը (գլխավոր վոկալ):
Խմբի անդամները չէին սխալվել, « Lonely Day»-ն իսկապես արժանի էր այս մասշտաբով հնչելու և այդ մասին վկայեցին նրանց միլիոնավոր երկրպագուների արձագանքները: Երգը հիմա էլ խմբի ամենահայտնի ու ամենաշատ հնչած կատարումներից է, թեև նրանց երգացանկում կան գործեր, որոնք վստահ, առավել արժանի են հիշատակման թե' ասելիքի, թե’ կատարման առանձնահատկությամբ: Սակայն « Lonely Day»-ը, իմ կարծիքով, նույնիսկ սիսթեմյան աղմկոտ ռոքից հեռու մարդկանց հասավ. թեկուզ միայն այն պատճառով, որ այն համեմատաբար պարզ ու մեղեդային էր, սովորական մարդկային պատմություն` պարզ բառերով, այնպիսի մի հոգեվիճակի մասին, որը այցելում է բոլորին և որից չեն կարողանում ազատվել շատերը: Մենության զգացում, որն իր հետ բերում է ծանր մտքեր, դեպրեսիվ ընթացք, ոմանց մոտ` խճճված ու անելանելի վիճակներր… Տարոնի հերոսը, սակայն, հաղթած հերոս է:
«Such a lonely day
And it’s mine
The most loneliest day of my life
Such a lonely day
Should be banned
It’s a day that I can’t stand.
The most loneliest day of my life,
The most loneliest day of my life … »
…
«Such a lonely day
And it’s mine
It’s a day that I’m glad I survived»
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ պարզ է, հստակ ու հասկանալի, սակայն սովորական մարդկային տրամադրության ենթատեքսում և' երաժշտասերները, և' մեկնաբանները, բոլորովին այլ իմաստ տեսան: Սա «System»-ի ամենաքննարկված և վիճահարույց երգերից մեկը դարձավ: Ենթադրություններն ու կարծիքները սկսեցին ինչ-որ տեղ հիմնավորվել, երբ հրապարակվեց երգի տեսահոլովակը: Այս քննարկումներում «Lonely Day»-ը մերթ Ցեղասպանության մասին սքողված խոսք է, մերթ իրաքյան պատերազմի մասին, էլի թաքնված ակնարկ, մերթ էլ` ամերիկյան «Սեպտեմբերի 11»-ը խորհրդանշող երգ-հուշ կամ արձագանք: Շատերը խորացան երաժշտի անձնական դաշտում և փորձեցին այնտեղից ողբերգական իրադարձություններ հայտնաբերել («Such a lonely day, And it’s mine It’s a day that I’m glad I survived» ):
Այս բոլոր «երևի»-ները, համոզված եմ, բխում են խմբի գործունեության ոչ սովորական առաքելությունից: Նրանց անունը և ստեղծագործությունը մշտապես հնչել են ըմբոստ կոչերի, անարդարության, ճնշման, մարդկանց և բնության իրավունքների համար պայքարի կողքին, ուրեմն պարզ ու սովորական հոգեվիճակի նկարագիրն էլ պետք է խոսքի խորքը տանող բանալիների փնտրտուք բերեր: Թեպետ, չի բացառվում, որ վաղը, Տարոնն իսկապես այս բոլոր վարկածներից տարբեր մի նոր պատմություն էլ բացահայտի:
Տեսահոլովակում խմբի անդամներն են, համերգային շրջագայություններից մեկի ճանապարհին են նրանք: Կադրում մերթ ընթերցող Սերժ Թանկյանն է, մերթ ականջակալներով ունկնդիր Ջոնը, շախմատասեր ու մի քիչ էլ նկարիչ Շավոն, օրվա պատկերն ու նրա մեղեդին որսացող Տարոնը: Այս կադրերում աշխարհը իրենց ձայներով պայթեցրած այս հսկաները մեզ նման մարդիկ են, սովորական մարդիկ, որոնցից ամեն մեկն էլ, բեմի ու աշխարհի հետ պատասխանատու շփման պահերից հետո ուղղակի կարող է ապրել պարզ, մարդկային հոգեվիճակներ, որոնցից մեկն էլ մենությունն է, որը ծնում է բազմաթիվ մտահոգություններ ու հույզեր:
«Lonely Day»-ը 2006թ, Գրեմիի 49-րդ մրցանակաբաշխության թեկնածուներից մեկն էր` « Լավագույն ծանր ռոք կատարում» անվանակարգում: Չմոռանանք նշել, որ երգի սկիզում հնչող կիթառի ակորդները շատերը նմանեցնում են լեգենդար «The House of the Rising Sun» երգին:
Ի դեպ, երգի երկիմաստության քննարկումներն ալեկոծում են հատկապես տեսահոլովակի որոշ տեսարաններ. զուգահեռաբար հրդեհվող և ապակու անդրադարձնող պատկերներից մեկում դժվարությամբ նկատվող, բայց շատ անակնկալ մի պահ կա, որը ուղիղ տանում է փինքֆլոյդյան ամենահայտնի պատկերներից մեկի մոտ: Փնտրեք այն 47-52-րդ վայրկյանների սահմանում, փորձեք կռահել և, ինչու ոչ, մեկնաբանել...
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել