
Աշտարակի քաղաքապետի բիզնեսի, ունեցվածքի ու եկամուտների մասին
Թովմաս Շահվերդյանն անձամբ եւ նրա հայրը Աշտարակում մի քանի բիզնեսներ ունեն։ Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Հետք»-ին է տրամադրել Աշտարակի նորընտիր քաղաքապետի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որտեղ 27-ամյա Թովմաս Շահվերդյանը գրառել է 1638 քմ ընդհանուր մակերեսով շենք եւ հողամաս՝ վարձակալության իրավունքով։
Թովմաս Շահվերդյանի կողմից «Հետք»-ին ներկայացրած պարզաբանման համաձայն, նշված հողամասերն ու շենքային տարածքները մի ամբողջ համալիր են, որտեղ տեղակայված են իրեն պատկանող «Ավգոռ» ՍՊԸ-ի գրասենյակը, Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը եւ հացի գործարանը։ «Ավգոռ» ընկերությունը նշված տարածքները վարձակալել է ֆիզիկական անձ Սարգիս Շահվերդյանից։
Սարգիս Շահվերդյանը Աշտարակի քաղաքապետի հայրն է, նույնպես գործարար։ Նա Քասախի կիրճում գործող «Արեւիկ» հանգստյան տան սեփականատերն է եւ տնօրենը։
Թովմաս Շահվերդյանի «Ավգոռ» ՍՊԸ-ի նկատմամբ մեկ անգամ, 2012 թվականին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթ է հարուցել։ ՏՄՊՊՀ նախագահի 2012 թվականի հուլիսի 21-ի «Հսկիչ գնում իրականացնելու մասին» թիվ 85-Ա հրամանի հիման վրա, 2012 թվականի հուլիսի 25-ին ընկերության մոտ իրականացվել է հսկիչ գնում՝ «Կարագ «Տուլչինկա»», «Կարագ «Կովիկ Սանտա Աննա»» եւ «Կարագ «Մոլոչնի միռ 82%»» անվանումներով ապրանքներ: Հանձնաժողովը 2012 թվականի հուլիսի 27-ի թիվ ԱՇ-2229 գրությամբ դիմել է ընկերությանը, պահանջելով ներկայացնել վերը նշված ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Ընկերության կողմից ՏՄՊՊՀ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Կարագ «Տուլչինկա»», «Կարագ «Կովիկ Սանտա Աննա»» եւ «Կարագ «Մոլոչնի միռ 82%»» անվանումներով ապրանքները մատակարարվել են որպես սփրեդ, համապատասխանաբար` «ԲՍ (բուսասերուցքային) «Տուլչինսկի-Էքստրա» 82.5%», «սփրեդ «Սանտա-Աննա»» եւ «ԲՍ «Մոլոչնի միռ»» 82.5%» անվանումներով: Հանձնաժողովը սա համարել է որպես անբարեխիղճ մրցակցություն, մոլորեցում, որոնք օրենքով արգելված են, եւ վարույթ է հարուցել։
Քաղաքապետը թիվը 14 ԸԸՀ-ին ներկայացրած հայտարարագրում գրառել է նաեւ 2008 թվականի արտադրության «Volkswagen Touaeg» մակնիշի ավտոմեքենա։ 01․08․2015-01․08․2016թթ․ ժամանակահատվածում Թովմաս Շահվերդյանի եկամուտը կազմել է 9 միլիոն 600 հազար դրամ՝ ստացված «Ավգոռ» ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձից եւ ընկերության շահույթից։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, Թովմաս Շահվերդյանի բանկային հաշիվներում եղել են 12 միլիոն դրամի եւ 9 հազար ամերիկյան դոլարի չափով դրամական միջոցներ։
Հիշեցնենք, որ Աշտարակի ընտրություններում առաջադրված թեկնածուների թիվը չորսն էր՝ անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ, ինքնաառաջադրված Աշոտ Ղալաչյանը, գործարար Ռազմիկ Տերտերյանն ու ԲՀԿ-ական Արշալույս Մեժլումյանը։ Շահվերդյանը, ստանալով 4428 քվե, քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած Տերտերյանից առաջ էր անցել մոտ 1400 քվեով։
Լուսանկարը՝ Թովմաս Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել