
Հայաստանում ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականությունը բացակայել է
Պաշտպանության նախարարությունը մշակել եւ գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացրել ռազմական կարիքների համար պետական պատվերի եւ նրա հիմնական ցուցանիշների ձեւավորման կարգը: Եվ, ինչպես նշված է նախարարության կողմից մշակված հայեցակարգում, պարզվում է, որ Հայաստանում անկախ պետականության կայացման տարիներին տնտեսությունը վերակազմավորել է առանց ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականության եւ զարգացման հստակ ծրագրերի: Եվ այդպես՝ 25 տարի:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաեւ միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները եւ գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվելու: Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձեւավորելու է Ռազմարդյունաբերական համալիրի կողմից հերթական ֆինանսական տարվա եւ պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս:
Կմշակվի պլան-ժամանակացույց, որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը:
Նման կարգի մշակմամբ, ՊՆ-ն նպատակ ունի հիմք դնել Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը եւ պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը:
Մեկնաբանել