
Գորիսի քաղաքապետն իր հետ «կապ չունեցող» ՍՊԸ գործունեությունից 3,9 մլն-ի շահույթ է հայտարարագրել
«Հետք»-ը թիվ 37 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել է Գորիսի քաղաքապետ, սեպտեմբերի 18-ին վերընտրված Վաչագան Ադունցի՝ թեկնածու առաջադրվելու գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Գորիսի քաղաքապետը հայտարարագրի անշարժ գույք բաժնում գրառել է միայն հասարակական տարածք՝ Գորիսի Սյունիքի 12 հասցեում: Միանձնյա սեփականությամբ Վաչագան Ադունցին պատկանող տարածքի մակերեսը 59,1 քմ է:
Շարժական գույք եւ թանկարժեք գույք՝ Գորիսի հանրապետական քաղաքապետը չի հայտարարագրել, չնայած ունի թեկուզ մեկ ավտոմեքենա ձեռք բերելու բավարար դրամական միջոցներ: Վաչագան Ադունցը թիվ 37 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում գրառել է 2 միլիոն 120 հազար դրամի եւ 21 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ:
Վաչագան Ադունցի հայտարարագրած եկամուտների աղբյուրները երկուսն են՝ աշխատավարձ եւ շահաբաժին: 01.08.2015-01.08.2016թթ. ժամանակահատվածում քաղաքապետի աշխատավարձը կազմել է 2 միլիոն 383 հազար դրամ: Ադունցը որպես նշված ժամանակահատվածում ստացված եկամուտ նշել է նաեւ «Ավա-բիլդինգ» ընկերությունից ստացված 3,9 միլիոն դրամի շահաբաժինը:
«Ավա-բիլդինգ»-ը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ Գորիսի քաղաքապետարանի վերանորոգման աշխատանքները վստահվել են հենց այս ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վերանորոգման աշխատանքների նպատակով, համայնքի միջոցներից «Ավա բիլդինգին» հատկացվել է 31 միլիոն դրամ (ավելի ուշ, սակայն, պաշտոնապես նշվել է 34,5 միլիոն դրամ – Գ. Ա.): Ադունցը լրատվամիջոցին ասել էր, որ ինքը միայն ընկերության հիմնադիրն է, եւ որ այնտեղ աշխատող բարեկամ չունի:
Չնայած քաղաքապետարանի խոսնակ Արեւ Աբելյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե Վաչագան Ադունցի ընտանիքի անդամները բաժնետեր չեն, այդուամենայնիվ, Վաչագան Ադունցը նշված ՍՊԸ-ից շահույթներ է ստանում:
Ի դեպ, Ադունցի` առաջին հայացքից «անշառ» գործարքի բացահայտվելուց հետո, Սյունիքի մարզպետարանը տարածել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որԳորիսի 2016թ. հաստատված բյուջեի ֆոնդային մասով նախատեսված միջոցների շրջանակում 34,5 միլիոն դրամ կապիտալ ծախսն իրականացնելու նպատակով՝ համայնքապետարանի կողմից հայտարարվել է բաց ընթացակարգ, եւ որ գործընթացի ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերվելու դեպքում խնդիրը կներկայացվի իրավասու մարմիններին:
Նշենք, որ Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետ է ընտրվել է 2014 թվականին, այնուհետեւ, Գորիս համայնքի ղեկավարի՝ համայնքների խոշորացման գործընթացով պայմանավորված արտահերթ ընտրությունների արդյունքում, 2016 թվականի սեպտեմբերի 18-ին վերընտրվել է այդ պաշտոնում, լինելով միակ թեկնածուն: Մարզպետարանի կայքում տեղադրված նրա պաշտոնական կենսագրության մեջ «Ավա բիլդինգ» ընկերության մասին որեւէ խոսք չկա:
Մեկնաբանել