
Ընդդիմության անկարողության եւ իշխանության ամենակարողության արանքում
Երբ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց` այդ եթերից առաջին անգամ հնչեցնելով նախագահի հրաժարականի պահանջը, վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանում իսկապես քաղաքական իրավիճակ է փոխվել:
Հանրայինի այս քայլը, բնականաբար, իշխանության հանդուրժողականության արտահայտություն չէր: ՀԱԿ-ից ոչ ոք Հանրայինի տաղավարներից որեւէ մեկը չէր կարող անգամ տեսնել, եթե Կոնգրեսը պահպանած լիներ այն քաղաքական կշիռը, որն ուներ անցած 3 տարիներին: Իր կատարյալ վերահսկողության տակ գտնվող ամենաստրատեգիական հեուստաընկերության միջոցով նրան եթեր տրամադրելով` իշխանությունը փաստացի ցույց տվեց, որ ՀԱԿ-ին այլեւս որպես լուրջ ու հիմնական մրցակից, որպես հանրային կոնսոլիդացիա ապահովելու պոտենցիալ ունեցող ուժ չի ընդունում: Այս կարգավիճակով Կոնգրեսին ինքնարտահայտվելու հնարավորություն ընձեռելը իշխանության համար նույնիսկ դառնում է շահեկան PR ակցիա, որի հիմնական իմաստն իր հանդուրժողականության ու մյուսներին հավասար մեկնարկային պայմաններով ընտրություններին պատրաստվելու տպավորություն ստեղծելն է:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինս հայտնվել է ցուգցվանգի մեջ. նրա կատարած ցանկացած քայլ տանում է դեպի տակտիկական պարտություն: Դրա մասին վկայում է երկու իրողություն: Նախ` Կոնգրեսն, իհարկե, կարող էր հրաժարվել Հ1-ով հարցազրույց տալու առաջարկից: Սակայն հեռուստատեսային բլոկադայի պայմաններում դա եզակի հնարավորություն էր ասելիքը հանրության լայն շերտերին հասցնելու համար: Թերեւս, հենց սա է եղել համաձայնվելու հիմնական մոտիվացիան: Սակայն մյուս կողմից, այսպիսով, ՀԱԿ-ը կորցրեց իշխանություններից հալածվելու իմիջ ձեւավորելու հերթական հաղթաթուղթը:
Եվ երկրորդ` մի կողմից հռչակվում է նախագահի անվերապահ հրաժարականին հասնելու նպատակադրումը, բայց մյուս կողմից հայտարարվում է, թե կամ դա պետք է անել գործող ԱԺ-ի միջոցով, որը վաղուց հանրապետության նախագահի գրպանում ընդամենը «բռիլոկ»-ի դեր է կատարում, կամ հրաժարականին հասնելու համար պետք է օգտագործել հերթական խորհրդարանական ընտրությունները, որը մինչ այս միանշանակ մերժելի տարբերակ էր համարվում: Ստացվում է, որ Կոնգրեսը համաձայնում է գնալ մի գործընթացի, որը նախապես որակել էր իշխանության վերարտադրության միջոցառում:
Տակտիկական սխալների արդյունք հանդիսացող հաջորդական պարտությունների այս շարքը Կոնգրեսին զրկեց ընդդիմադիր դաշտում ունեցած հեգեմոն կարգավիճակից ու նրան դրեց մյուս լուսանցքային կամ մարգինալացման ճանապարհին գտնվող ընդդիմադիր ուժերի կողքին: ՀԱԿ-իշխանություն ավարտված «պատերազմի» արդյունքում հիմա ունենք քաղաքական ուժերի բացարձակ նոր դասավորություն:
Ընդդիմության վակուումը
Ընդդիմադիր դաշտում վակուումային իրավիճակ է: ՀԱԿ-ը թողել է ակտիվ գործունեության ասպարեզը, բայց չկա որեւէ այլ ուժ, որը ցանկություն կամ հնարավորություն ունի վերցնելու նախաձեռնողականությունը: Բոլորը սպասողական վիճակում են ու փորձում են հասկանալ` ինչ մարտավարական ուղղություն վերցնել: Մինչդեռ կա երկու հնարավոր տարբերակ: Առաջին` փորձել առանձին ուժերով լրացնել Կոնգրեսի թողած արմատականության ճակատը, ինչը հնարավոր է միայն հանրային աջակցություն ձեռք բերելու միջոցով:
Նման պոտենցիալ ընդդիմադիր որեւէ ուժ այսօր չունի, որովհետեւ արմատականությունն ինքնին այլեւս դադարել է հասարակական պահանջարկ ունենալուց:
Թերեւս հենց դա է պատճառը, որ բոլորն անխտիր ընդգծված զգուշավորություն են ցուցաբերում: Կարելի է գրեթե վստահ լինել, որ այս ուղղությամբ ոչ ոք չի գնալու, բացառությամբ, թերեւս, ՀԱԿ-ի, որն էլ ուղղակի այլընտրանք չունի, քանի որ ցանկացած այլ ձեւաչափում նրա ներկայությունն ընկալելի չի լինելու եւ անգամ կարող է Կոնգրեսի փլուզմանը հանգեցնել:
Երկրորդ` ընդդիմադիր ուժերը գնում են նոր նախընտրական միավորումներ ստեղծելու ճանապարհով: Նման պոտենցիալ ունեն ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»: Վերջիններիս միակ սկզբունքային տարբերությունը նրանց գաղափարական ուղղվածություններն են` սոցիալիստական եւ լիբերալ-պահպանողական: Սակայն ազգային-արժեքային միջավարյում այս երկու կուսակցություններն ունեն լուրջ ընդհանրություններ եւ աշխարհայացքային նմանություններ:
Բացի դրանից, նրանք նաեւ ԱԺ-ում հատկապես վերջին երկու տարիներին առնվազն համաձայնեցված գործողություններ իրականացնելու փորձ են կուտակել, ինչը կարող է նաեւ ավելի լայն համագործակցության նախադրյալ հանդիսանալ: Բայց այս երկու ուժերի հիմնական խնդիրը նրանց ամբիցիաներն են, դիրքային ներքին պայքարը, որը նվազեցնում է վստահությունը միմյանց նկատմամբ:
Օրերս ՀՀՇ-ից պոկված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ակնարկեց «Ժառանգություն» կուսակցության հետ գործակցության հնարավորության մասին, ինչը կարելի է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած կուսակցությանն ուղղված հրապարակային առաջարկություն որակել: Նման ֆորմատի ձեւավորումն իրատեսական է, եթե նկատի ունենանք երկու աջակողմյան ուժերի գաղափարական ընդհանրությունը: Բայց լինելով նորաստեղծ եւ քաղաքական որեւէ հարցի հետ կապված իրեն դեռեւս չդրսեւորած կուսակցություն` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գուցե նաեւ գլխացավանք դառնա «Ժառանգության» համար, եթե նկատի ունենանք նաեւ նախկին ՀՀՇ-ականների նկատմամբ հասարակության ունեցած անվստահության հանգամանքը: Չի կարելի բացառել, իհարկե, նաեւ մարգինալ ուժերից կազմված այլ քաղաքական ձեւաչափերի ստեղծումը: Սակայն դրանք լինելու են արհեստածին` ընդամենը բուֆերի դեր կատարելու առաքելությամբ: Դրանք լուրջ խնդիրներ չեն լուծելու ու չեն ազդելու հետագա քաղաքական ներկապնակի ձեւավորման վրա:
Իշխանության վերափոխման ռեսուրսը
Իշխանական դաշտում անհստակություններ չկան, չկա նաեւ վակուում: Փոխարենը առաջին պլանում ներկոալիցիոն դիրքային պայքարն է: Ընդդիմադիր դաշտում եւս բոլոր սպասումները կապված են ներիշխանական հետագա զարգացումների հետ: Թե քաղաքական ուժերի եւ թե հասարակության համար երկրում հնարավոր փոփոխությունները պայմանավորվում են հենց իշխանության ներքին վերափոխումների հավանականությամբ: Եթե այս համակարգը պահպանվի, ապա կարելի է մոռանալ որեւէ ոլորտում որեւէ փոփոխության մասին:
Այդ դեպքում երկիրը կմտնի լճացման շրջափուլ, որը կամ կտանի իշխանության կրախի, կամ տոտալիտարիզմի ձգտող ավտորիտարիզմի հաստատման: Դրանից խուսափել հնարավոր կլինի միայն իշխանության ներքին, բովանդակային փոփոխության, որոշակի թարմացման եւ քաղաքական փոքրամասնության տեսակարար կշռի մեծացման պարագայում: Բայց դատելով վերարտադրման այն մղումներից, որոնք ներիշխանական ինտրիգների պատճառ են հանդիսանում, նման գիտակցում իշխանության ներսում, կարծես, դեռեւս ձեւավորված չէ:
Բուն ուժերի եւ շահերի հարաբերությունների կտրվածքով ուրվագծվում է երկու հիմնական ուղղություն. ՀՀԿ-ն կարծես դառնում է կուսակցական ու նոմենկլատուրային շահերի պաշտպանության կրողը` ոչ միայն նույնականացնելով դրանք, այլեւ իր համար այն դարձնելով հիմնական շարժիչ ուժ: ԲՀԿ-ն ստանձնում է գործարար շրջանակների ու հատկապես օլիգարխիայի շահերի սպասարկման գործառույթը: Եվ գոնե արտաքուստ այս երկու ուղղությունները սկսում են հակադրության մեջ մտնել, ինչը պայմանավորված է քաղաքական իշխանության նկատմամբ օլիգարխիայի ազդեցությունը նվազեցնելու` նախագահի ուղեգծով:
Դրանով է պայմանավորված բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու` նախագահ Սարգսյանի հայտարարությունը: Այս ներքին դիմակայության մեջ առայժմ առավելությունը նախագահի եւ նոմենկլատուրայի կողմն է առավելաբար օլիգարխիայի անհամախմբվածության պատճառով, ինչը վերջինիս հնարավորություն չի տալիս քաղաքական կենտրոնացված ուժի, բեւեռի վերածվել:
Ջլատելով այս միջավայրը` նախագահը կարողանում է ոչ միայն ողջ քաղաքական ու տնտեսական համակարգերը, այլեւ իր հիմնական մրցակցին` ԲՀԿ-ին վերահսկելի դարձնել: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա այն հստակ կողմնորոշում չունի, որովհետեւ ոչ մեկ եւ ոչ էլ մյուս հիմնական թեւերի կողմից պահանջարկ չի վայելում: ՕԵԿ-ի քաղաքական հեռանկարը առնվազն առաջիկա մի քանի տարվա կտրվածքով Հանրապետականի ստվերի տակ տեղավորվելն է, ինչը մարգինալացումից փրկվելու միակ տարբերակն է: Այս ուժը փորձում է հանրային աջակցություն գտնել` ապավինելով ավանդական պոպուլիզմին, սակայն սա, որպես հանրային գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու մեթոդ, այլեւս արդիական չէ:
Այսինքն` ըստ ամենայնի` մենք ոչ թե գործ ենք ունենալու սոսկ ԲՀԿ-ՀՀԿ միջկուսակցական մրցակցության հետ, այլ շատ ավելի ընդգրկուն շահերի բախման հետ: Բայց քանի որ թե նոմենկլատուրան եւ թե օլիգարխիան հիմնականում նույն արժեքային տիրույթում են գործում, այս դիմակայությունը չի կարող հանգեցնել որակական ու բովանդակային լուրջ փոփոխությունների:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել