
Խորհրդարանական ընտրությունները Սամցխե-Ջավախքում. հայազգի քանի՞ պատգամավոր մանդատ կստանա (ինֆոգրաֆիկա)
Վրաստանի խորհրդարանում կլինի հայազգի առնվազն երեք պատգամավոր: Երեքն էլ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունից: Չորրորդի առկայությունը՝ «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակից, պարզ կլինի ընտրությունների վերջնական արդյունքներից հետո:
Այս պահի դրությամբ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժղովի՝ տեղամասերից ստացած տվյալների ամփոփումը կազմում է 99.92%: Ջավախքի 89 ընտրատեղամասերի արդյունքներն ընդգրկված են ԿԸՀ բազայում:
Համաձայն Վրաստանի ԿԸՀ-ի տվյալների, ընտրություններին մասնակցել է Վրաստանի բնակչության 51,63%-ը: Ջավախքի ընտրատարածքում ընտրողների մասնակցությունը կազմել է 50,45%:
Այսպիսով, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանները Վրաստանի խորհրդարանում կներկայացնի «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հենզել Մկոյանը Ջավախքում առաջատար էր՝ հավաքել է 16004 ձայն քվեարկությանը մասկացած 26153 ընտրողներից: Նրա մրցակից, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Արսեն Կարապետյանի ձայների թիվը կազմել է 4250: Մրցակիցների ձայների տոկոսային հարաբերությունը կազմել է համապատասխանաբար 64% և 17%:
Հիշեցնենք՝ Հենզել Մկոյանը 2012թ. Խորհրդարանական ընտրություններին «Միացյալ ազգային շարժամն» թեկնածուն էր Նինոծմինդային շրջանից և հավաքել էր ձայների 83.5 %-ը: Այս տարի Ախալքալաքի և Նինոծմինդային շրջանները միավորվել են մեկ ընտրական տարածքում: Ախալքալաքի շրջանից նախորդ ընտրություններում ընտրվել էր Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը:
Խրոհրդարանական այս ընտրություններում մեծամասնական թեկնածուների հավաքած քվեների մասին՝ տեսեք ստորև ինֆոգրաֆիկայում:
Ջավախքում կուսակցությունների ընտրապայքարը ևս էականորեն չի տարբերվել մեծամասնականից: Այստեղ «Վրացական երազանքը» ստացել է ընտրողների ձայների 62%-ը, իսկ «Միացյալ ազգային շարժումը»՝ 20%: Ջավախքում միայն «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկն է հաղթահարել 5%-ի շեմը, ևս 4 բլոկ հավաքել է 1-4% ձայն, իսկ մնացած միավորումներն ու կուսակցությունները հավաքել են մինչև 1 տոկոս ձայներ:
Հետաքրքիր պայքար է ընթացել Ախալցխա-Ադիգեն ընտրատարածքում: Այստեղ թե իշխանության, թե «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուները չեն կարողացել հաղթահարել ընտրողների ձայների 50%-ի շեմը:
Կուսակցական ընտրապայքարում ևս 50%-ի շեմը որևէ դաշինք չի հաղթահարել: «Վրացական երազանքը» ստացել է ընտրողներիկի ձայների շուրջ 44%-ը, իսկ «Միազնական ազգային շարժումը»՝ 43%: Հեետևաբար, այս տեղամասում կանցկացվիի ընտրությունների երկրորդ փուլ:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլու ղեկավարած կուսակցությունն Ախալցխայում առաջադրել է 2014 թվականից Ախալցխայի քաղաքապետի պաշտոնն ստանձնած Գիորգի Կոպաձեին: Վերջինս ստացել է ընտրողների ձայների 38%-ը: Սահակաշվիլու ղեկավարած «Միասնական ազգային շարժում»-ն առաջադրել էր գործող պատգամավորի՝ Վաժա Չիթաշվիլու թեկնածությունը, ով ստացել է ձայների շուրջ 45%-ը:
Թբիլիսիում առաջադրված հայազգի մեծամասնական թեկնածուները մեծ հաջողություններ չեն գրանցել: Իսանի 8-րդ ընտրատեղամասում «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից աաջադրված Արթուր Սարգսյանը ստացել է 0,43 % քվե: Նույն բլոկից Գլդանիի 22-րդ ընտրատեղամասում առաջադրված Սերգո Խաչատրյանը՝ 29 ձայն:
Երեք հիմնական ուժ կլինի Վրաստանի խորհրդարանում
Ողջ Վրաստանի տարածքում, Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալներով, «Վրացական երազանքը» ստացել է ընտրողների քվեի շուրջ 49 %-ը, «Միացյալ ազգային շարժումը»՝ ավելի քան 27 %-ը: Խորհրդարան մտնելու 5%-ի շեմն արդեն իսկ հաղթահարել է ընդդիմադիր «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իռմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների ալյանսը»:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» համամասնական ցուցակում ևս երկու հայազգի թեկնածու կա: Թբիլիսահայ պատգամավոր Ռուսլան Պողոսյանը ցուցակի 19, իսկ գործարար Սամվել Մանուկյանը՝ 23-րդ համարներում: Հենվելով ԿԸՀ արդյունքների վրա՝ կարելի նշել, որ նրանք ևս մանդատ կստանան:
Ջավախքում մեծամասնականով առաջադրված Արսեն Կարապետյանն ընդգրկված է նաև «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակում՝ 31-րդ է: Կախված խորհրդարանում համամասնական ցուցակներով «Միացյալ ազգային շարժման»-ը տրված մանդատների քանակին՝ նա հնարավոր է ևս մանդատ ստանա: Ավելի ստույգ պարզ կլինի արդյունքների վերջնական ամփոփումից հետո:
Նշենք, որ Վրաստանի նախորդ խորհրդարանը բաղկացած էր 150 պատգամավորներից, որից 73-ը մեծամասնակով ընտրված՝ 77-ը համամասնական ցուցակով:
Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան, ամփոփելով նախնական արդյունքները, ասել է, որ հենվելով դրանց վրա, հավանական է, որ 50-53 մեծամասնական ընտրատեղամասերում անցկացվի երկրորդ փուլ:
Մեկնաբանել