
Կարեն Կարապետյանի հետ քննարկել են «Նաիրիտ»-ում ներդրումներ կատարելու հարցը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դանա Մեագերը:
Ինչպես տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը, վարչապետը նշել է, որ կառավարությունը բաց է համագործակցության համար, պատրաստ քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի ներգրավմանն ու իրականացմանը վերաբերող առաջարկություններ:
«Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացման ներդրումային նախագծերին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված սերտ փոխգործակցությունը:
Դանա Մեագերը նշել է, որ իր երկիրը շահագրգիռ է ընդլայնելու Հայաստանի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունը և ընդգծել, որ Սլովակիան պատրաստ է նպաստել նաև ՀՀ-ԵՄ գործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է EU-Asia Business Finance Center Holding-ի ներդրումային ծրագրերի ընդհանուր փաթեթը՝ համագործակցության եզրերը որոշակիցնելու նպատակով»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Թե խոսքը ինչ ներդրումային փաթեթի մասին է, որևէ տեղեկատվություն չկա:
Սակայն հայտնի է, որ EU-Asia Business Finance Center Holding-ը պատրաստել է «Նաիրիտի» կաուչուկի արտադրության գործարանի վերաթողարման ծրագիրը: Հոլդինգը դիմել էր ՀՀ կառավարությանը վերաթողարկման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկությամբ:
Վերաթողարման աշխատանքները կազմակերպելու գործում ներգրավված են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ InfraPartners Management LLP-ն (Մեծ Բրիտանիա), IPM sro. (Սլովակիա), Energy Consult (Սլովակիա), Tradepetrol a.s. (Սլովակիա) Sunir Co. (Իրան), Chempro a.s. (Սլովակիա և նրա մայր կազմակեճպությունը ՌԴ-ում՝ РусГазИнжениринг), բուլղարական «Ալդիմա»-ն:
EU-Asia Business Finance Center Holding-ը դիմել էր արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հայնտել էր, որ պատրաստակամ է «Նաիրիտի» ներդրումային ծրագրին առնչվող հարցերը քննարկելու համար հատուկ պատվիրակությամբ Երևան ժամանել: Սակայն մինչ այդ, հիմնադրամի անդամները մի քանի անգամ Երևան էին եկել և հանդիպել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ղեկավարության հետ, ինչը որևէ արդյունք չէր տվել: Պատվիրակությունը հայտնել էր, որ պատրաստ է Երևան ժամանել միայն վարչապետի հրավերով և նրա հետ հանդիպելու պայմանով:
Ի վերջո, այդ հանդիպումը կայացել է: Հանդիպմանը ներկա գտնված անձանցից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ «Նաիրիտ»-ում ներդրումներ անելու հարցը ևս քննարկվել է, սակայն Կարեն Կարապետյանն ասել է, որ «Նաիրիտը» վատ վիճակում է, և ներդրումային ծրագիրը մանրամասնորեն պետք է ներկայացնել տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններին: Վարչապետը հանձնարարաել է բանակցել այս և առնչվող այլ հաստատությունների հետ՝ տալով ռեալ առաջարկ:
Մեկնաբանել