HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Երկու տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանից փոխանցվող գումարն աճել է

Այս տարվա օգոստոսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 146.3 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ մասնավոր տրանսֆերտները։ Նույն ընթացքում դարձյալ ֆիզիկական անձինք Հայաստանից դեպի արտերկիր փոխանցել են 60.1 մլն դոլար։ Արդյունքում դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է մոտ 86.2 մլն դոլար։

Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, դեպի Հայաստան կատարվող տրանսֆերտները շարունակում են նվազել։ Համեմատության համար՝ 2015 թվականի օգոստոսի համեմատ  Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ցուցանիշը՝ ներհոսքը, նվազել է մոտ 13.5 մլն դոլարով կամ 8.4%-ով։ Իսկ Հայաստանից կատարվող փոխանցումների դեպքում աճի միտումն է շարունակվում։ Այն աճել է 2.7 մլն դոլարով կամ 4.8%-ով։  Զուտ ներհոսքն էլ նվազել է 16.2 մլն դոլարով կամ 15.8%-ով։

Ընդ որում՝ նկատի ունենանք, որ համեմատության բազան թույլ է։ Այսինքն՝ համեմատում ենք 2015-ի ցուցանիշների հետ, երբ դրամական փոխանցումներն արդեն իսկ նվազել էին 2014-ի տարեվերջից սկսած։ Ըստ այդմ՝ 2014-ի համեմատ նվազումը շատ մեծ տեմպեր ունի։ Համեմատությունը ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք հունվար-օգոստոս ամիսների կտրվածքով։

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների

2014 թվականի մայիսից սկսած՝ Հայաստան կատարվող դրամական փոխանցումների անկումը գլխավորապես պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսության վիճակի վատացմամբ ու ռուբլու արժեզրկմամբ (և՛ դոլարի, և՛ դրամի նկատմամբ), քանի որ Հայաստան փոխանցվող փողի գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է։ Այդ երկրից փոխանցվող գումարների մեջ զգալի մասնաբաժին ունեն այնտեղ արտագնա աշխատանքի մեկնած հայերի ուղարկած գումարները։ Իսկ նրանց ուղարկած գումարները նշված ամսվանից անընդհատ նվազել են ։ Բայց այս տարվա օգոստոսին որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել. Ռուսաստանից 7.9 մլն դոլարով կամ 8.6%-ով ավելի շատ գումար է փոխանցվել, քանի 2015-ի նույն ամսում։ Խոսքն ընդհանուր ներհոսքի մասին է։ Ընդ որում՝ սա ավելի քան երկու տարվա մեջ առաջին ամիսն է, որ նախորդող տարվա նույն ամսվա համեմատ ՌԴ-ից ուղարկվող գումարն աճել է։ 2014-ի մայիսից սկսած՝ այդ ցուցանիշն անշեղորեն նվազում էր։ Քանի որ ԿԲ-ն դրամական փոխանցումների ընդհանուր ցուցանիշում ներկայացնում է և՛ մասնավոր տրանսֆերտները (հիմնականում՝ արտագնա աշխատանքի մեկնածների փոխանցումները), և՛ անհատ ձեռնարկատետերի փոխանցումները, դժվար է ասել՝ արդյոք օգոստոսի աճը պայմանավորվա՞ծ է արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարների ավելացմամբ։ Եռամսյակային կտրվածքով առաջիկայում գուցե լինեն ցուցանիշներ դրանց վերաբերյալ։

Նաև հայտնի չէ՝ կշարունակվի՞ աճի դինամիկան նաև այս տարվա գալիք ամիսներին, թե՞ ոչ։ Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումներն էլ օգոստոսին ավելացել են մոտ 790 հազ. դոլարով կամ 3.7%-ով։ Իսկ միայն զուտ ներհոսքի աճը Ռուսաստանի դեպքում կազմել է 7.2 մլն դոլար (10%):

Հավելենք, որ օգոստոսին Հայաստան կատարված փոխանցումների մոտ 69%-ը Ռուսաստանից է։ Իսկ Հայաստանից կատարված փոխանցումների ավելի քան 37%-ն է «տեղ գտել» Ռուսաստանում։ Եվ չնայած Ռուսաստանից դրամական փոխանցումների փոքր աճ կա օգոստոսին, սակայն փոխանցումների ընդհանուր գումարը, միևնույն է, ինչպես նշեցինք վերևում, նվազել է։

ԿԲ-ն վիճակագրության մեջ ընդհանուրից առանձնացնում է միայն ՌԴ-ից ու ԱՄՆ-ից կատարվող փոխանցումների ցուցանիշները։ Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 15.6 մլն դոլար, որը 1.2 մլն դոլարով կամ 8.7%-ով գերազանցում է 2015-ի նույն ամսվա ցուցանիշը։ Սա նշանակում է, որ դրամական փոխանցումների անկումը պայմանավորված չէ ՌԴ-ից ու ԱՄՆ-ից կատարվող փոխանցումներով, այլ՝ ուրիշ երկրներից։

Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը համեմատական է ՀՀ պետբյուջեի հետ։  Պետբյուջեն մշակելիս պատասխանատուները հաշվի են առնում տրանսֆերտների հետ կապված միտումներն ու Ռուսաստանի տնտեսական վիճակի մասին կանխատեսումները, ինչպես գալիք տարվա ՀՀ պետբյուջեում։ Դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը արտաքին գործոններից մեծ է ու վտանգավոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter