
Բուժման ծախսերի համար ընտանիքը միակ կեցավայր վագոն-տնակը հանել է վաճառքի
Դիլիջանի Շամախյան թաղամասի բնակիչ Մհեր Բադալյանը ողնաշարի լուրջ առողջական խնդիրների պատճառով արդեն ավելի քան կես տարի է` դարձել է անաշխատունակ, ինչի հետևանքով նրա ընտանիքը մնացել է 35 հազար դրամ նպաստի հույսին:
Մհերը, ըստ նախնական հետազոտությունների, երեք ճողվածք ունի ողնաշարի վրա: Ավելի խորքային հետազոտության եւ բուժման ֆինանսական բացակայության պատճառով երեք երեխաների հայրը վաճառքի է հանել վագոն-տնակը, որտեղ բնակվում է ընտանիքը:
«Ես աշխատել եմ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունում, հետո՝ տարբեր շինարարություններում: Մի անգամ ծնկումս շատ ուժեղ ծակեց, մտածեցի՝ լուրջ բան չկա: Էդպես ծակոցներով գործի էի գնում: Մի օր էլ թեւերս ընկած բերել-գցել են տուն: Ախպերս շտապօգնություն զանգեց, բժշկուհին ասաց՝ գնա ստուգման: Գնացի «Տավուշ» բժշկական կենտրոն, բժիշկներն ասացին՝ ծնկիդ ոսկորները մաշում են: Գնացի Երեւան, ասացին՝ դա ծունկդ չի, ողնաշարդ է, խփում ա ծնկիդ: Եկանք ուղեգիր վերցրինք, գնացինք Երեւան, մինչեւ գիշեր թափառեցինք, վազվզեցինք, ոչ մի տեղ հնարավոր չեղավ հետազոտություն անցնել»,- պատմում է Մհերը:
Տեղամասային ամբուլատորիայից տրամադրած բժշկական ուղեգիրը, որը պետք է իրական հնարավորություն տար մագնիսառեզոնանսային հետազոտություն անցնել եւ պատկերացում կազմել ողնաշարի վիճակի վերաբերյալ, մայրաքաղաքային բժշկական կենտրոնների համար ոչ մի նշանակություն չի ունեցել: Մհերը դիմել է բոլոր հնարավոր բժշկական կենտրոններ, սակայն բոլոր տեղերում պատասխանել են, որ անվճար հետազոտությունների սահմանը տարվա համար սպառվել է, եւ հետազոտվել հնարավոր է միայն վճարովի:
«Ուլտրաիմիջինգ» կենտրոնում նրան հերթագրել են` հետազոտության օր նշելով 2017թ. հունվարի 23-ից հետո ընկած ժամանակահատվածը: Արդեն քանի ամիս է՝ Մհեր Բադալյանը ձեռնափայտի օգնությամբ է քայլում, այն էլ՝ մեծ դժվարությամբ, ընտանիքը գոյատեւում է պարտքերով:
- Հացի փող չունենք: Էրեխուց դպրոցում ռուսերենի տետր են ուզել, չեմ կարողանում առնել: Կինս գնաց միջազգային դպրոցում 4 օր փորձաշրջան անցավ, որ մի գործ ունենա, ասացին՝ կկանչենք, մինչեւ հիմա չեն զանգել: Դրանից հետո մի հյուրանոցից առաջարկեցին՝ հինգ օր փորձաշրջան անցնի, էլ չթողեցի: Ես՝ էս վիճակում, Հերմինեն՝ առանց աշխատանք… Անցած տարի էրեխես հիվանդանոց էր ընկել, խնամելու փող չունեինք, «Նուռ» քարտ վերցրինք, ընկանք տոկոսների տակ…
«Մեր թաղամասի խանութին ահագին փող ենք պարտք: Շատ դժվար ա: Էրեխեքը քաղցրավենիքի կարոտ են: Այ տենց վիճակ ա»,-պատմում է Հերմինեն:
«Ես ինչ եմ ուզում՝ էնքան ա լավանամ: Մինչեւ ե՞րբ կարան ինձ օգնեն, ո՞վ ա պարտավոր օգնի: Գոնե մի բարի մարդ լինի, հիմա ձեռք մեկնի, բուժվեմ, կարենամ աշխատեմ, ընտանիքս պահեմ: Ձմեռ ա գալիս, փայտ չունենք: 35 հազար դրամ նպաստ ենք ստանում ու եռամսյակը մեկ էլ՝ 30 հազար դրամ, եկեղեցու հովանավորի կողմից: Դպրոցական էրեխեքիս իսկի տետր, կոշիկ չենք կարողանում առնել: Էլ ինչ գլուխդ ցավացնեմ, էնա տենում ես, էլի…»,- սրտնեղած պատմում է Մհերը:
Մհերի ավագ դուստրը՝ Միլենան, որոշել է՝ դառնալու է հռչակավոր պարուհի: Իննամյա Միշան սովորում է երրորդ դասարանում, եւ երազանքն է՝ զինվորական դառնալ: Նույն երազանքն ունի նաեւ նրա հնգամյա քույր Մերին:
Երազանքը՝ երազանք, բայց ահա վագոն-տնակի վաճառքի «հայտարարությունը» տրված է՝ դրա վրա սպիտակ կավիճով արված «Վաճառվում է» գրության տեսքով: Տնակի վաճառքի դեպքում Բադալյանները ստիպված կլինեն հինգ հոգով տեղավորվել Մհերի՝ հարեւանությամբ ապրող եղբոր տան փոքր սենյակներից մեկում:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել