
Հանձնաժողովի անդամները դժգոհում են, որ ծանրաբեռնված են աշխատում, փոխարինող չունեն
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում նաև Մեղրիում. Համայնքների խոշորացման արդյունքում տարածաշրջանի 13 նախկին գյուղական և Ագարակ քաղաքի միավորման արդյունքում ձևավորվել է Մեղրի համայնքը, որի միակ թեկնածուն Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Ագարակի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է: Միավորված համայնքի ավագանու 11 տեղի համար պայքարում է 14 թեկնածու:
Մեղրիի մշակույթի տանը գտնվող թիվ 38/2 տեղամասում ժամը 11:30-ի դրությամբ 1684 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 400-ը: Ընտրատարածքում են ավագանիների 12 վստահված անձ, որոնց մեծ մասի վկայականները, սակայն, տեսանելի չեն: Հանձնաժողովի քարտուղար Պավլիկ Կարապետյանի խոսքով` տեղամասային ընտրական հանձնաժողովն աշխատում է նախատեսված 8-ի փոխարեն 7 հոգով, քանի որ նախօրեին «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված հանձնաժողովի անդամը ինքնաբացարկ է հայտնել:
«Մեծ տեղամաս է, անգամ 1 հոգու մասնակցությունը կարևոր է, մեր աշխատանքը կթեթևացներ»,-ասում է քարտուղարը` հավելելով, որ այդ մասին նախապես տեղյակ են պահել թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովին, բայց նոր նշանակում չի կատարվել:
Տեղամասում չկան ցուցանակներ, թե որոնք են հանձնաժողովի նախագահի, քարտուղարի նստելատեղերը: Չնայած նրան, որ տեղամասում ոստիկաններ կան, այնուամենայնիվ, պարբերաբար կուտակումներ են նկատվում: Քվեարկության` քվեաթերթիկ ստանալու և քվեարկելու համար հավաքվում է 40-ից ավելի մարդ: Այդ մասին հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը պարբերաբար տեղեկացնում է ոստիկաններին, սակայն կուտակումները բարբերաբար կրկնվում են: Հանձնաժողովի անդամները շարունակում են դժգոհել, որ իրենք ծանրաբեռնված են աշխատում և փոխարինող չունեն:
Ավագանու անդամ Աշոտ Ադամյանի վստահված անձ Վահե Կանդազյանի խոսքով` մինչև այժմ ընտրախախտումներ կամ այլ միջադեպեր չեն գրանցվել:
Մեկնաբանել