
Ո՞ւր է անհետացել քաղաքացու ներդրած 134 հազար դոլարը
Մանուկյանների ընտանքիը դիմում է նորանշանակ վարչապետին
Երևանի կենտրոնի երբեմնի բնակիչներ, ամուսիններ Լիպարիտ Մանուկյանն ու Նատալյա Ավագյանը եկել էին «Հետքի» խմբագրություն՝ պատմելու իրենց տան «ոդիասկանի» 9 տարվա մասին: Նրանք մեկն են Արամի փողոցի 72-80 հասցերերի խաբված բնակիչներից, ովքեր տարիներով չէին ստանում բնակարաններ:
Ամուսինները դիմում են նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ակնկալելով նրա ներգրավվածությունը, որպեսզի հաստատվի օրինականություն:
Մանուկյան ընտանիքը Արամի փողոցում տուն է ունեցել, տարածքը իրացրել են 2007-ին՝ մեկ տարի անց՝ 2008-ին, տեղում բնակարան տալու պայմանով: Ամուսինները 134.000 ԱՄՆ դոլար գումար են մուծել, որ բնակարանը կառուցվի: Տարիներ են անցել, բայց նրանք չեն կարողանում իրենց գումարը ետ ստանալ:
«Բնակարան առաջարկում էին, բայց մեր վճարած գումարից անհամեմատ ցածր գնի, իսկ տարբերությունը էլի չէին ուզում տալ, մենք էլ հրաժարվեցինք»,- նշեց տիկին Նատալյան: Իսկ հետագայում՝ 2013-ին, արդեն ամուսինները իմացել են, որ իրենց հատկացվելիք, իրենց գումարներով կառուցված բնակարանը դեռևս 2011-ին վերավաճառել են մոտ չորս այլ քաղաքացիների:
«Գապբնակշինի» տնօրեն Գագիկ Պապոյանը (ներկայումս ազատազրկման վայրում է, դատապարտվել է 11 տարվա ազատազրկման ավելի, քան 10 մլրդ դրամ հափշտակելու մեղադրանքով), իրավաբան Գևորգ Աթոյանը հայտարարել են, որ Մանուկյան ընտանիքի ներդրած գումարը ծախսվել է 16 հարկանի շենքի կառուցման վրա:
Ըստ քրեական գործի` Արամի 72-80 հասցեներում 21000 քմ մակերեսի դիմաց 2005-2011 թվականների ընթացքում 16 հարկանի շենքի կառուցապատող «Գապբնակշին» ՍՊԸ-ն վաճառել էր 53000 քառ. մետր: Արամի 72-80 հասցեներում մեկ բնակարանը վաճառվել էր ընդհուպ 8 գնորդի:
«Իրավաբան Աթոյանը 25 օր ժամանակ խնդրեց, որ գումարը բերի-տա: Նրանց կողմից ունենք փաստաթուղթ, որ մեր տված գումարը շենքի կառուցման մեջ է ներդրվել, բայց ինչ եղավ փողը, հո չգոլորշիացա՞վ»,- ասում է Լիպարիտ Մանուկյանը:
Գագիկ Պապոյանը առաջարկել է բնակարանը ստանալ, վաճառել և գումարը վերցնել: Մանուկյանները որոշ ժամանակ սպասել են, սակայն բնակարանն էլ չեն ստացել, գումարն էլ: Ընտանիքը ստիպված դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
«Ես իրավաբանական կրթություն չունեմ, բայց առանց դիպլոմի իրավաբան եմ դարձել: Երեք դատական վճիռ ունեմ հօգուտ ինձ, բայց հիմա ստացվում է, որ դատական վճիռները սխալ են, իրենք ճիշտ են»,-զայրանում է պարոն Լիպարիտը:
2009թ. նոյեմբերի 11-ին դատարանի վճռով բռնագանձում է տարածվել շենքի վրա, որպեսզի վերադարձնեն քաղաքացիների ներդրած գումարը: «Դատարանում Պապոյանի փաստաբանն ասաց, որ իրենց ժամանակ տրամադրեն, իրենք այդ գումարը կփոխհատուցեն ինձ: Սակայն նորից խաբեցին եւ իմ գումարը չտվեցին»,-ասում է խաբված քաղաքացին:
Մանուկյան ամուսինները ստիպված դիմել են վարչական դատարան, որը կրկին բռնագանձում է դրել շենքի վրա: Բայց այդքանից հետո ևս ոչինչ չի փոխվել:
Վարչապետին ուղղված դիմումի մեջ Լիպարիտ Մանուկյանը նշել է. «ԴԱՀԿ-ի աշխատակիցներ Գագիկ Սախոյանը, ԴԱՀԿ պետի տեղակալ Դավիթ Բեգինյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը պլանավորել են, որպեսզի խլեն իմ բնակարանը: Այս ամենի մասին տեղյակ է եղել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որը մասնակցել է օֆշորային գործունեությանը, ինչը դավաճանություն է երկրի նախագահի ստանձնած պարտավորությունների հանդեպ: Հիմա ես պահանջում եմ իմ գումարը: Ես հայտարարում եմ, որ հենց վերադարձնեն 134 հազար 160 դոլարը, ես երկրից գնալու եմ»:
Լուսանկարում Լիպարիտ Մանուկյան ու Նատալյա Ավագյան ամուսիններն են
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել