
Ի՞նչ է փոխվել Վանքում՝ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո
Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչների համար դժբախտություն կա. պատերազմը եւ վանքեցի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը:
«Հայրապետյանի ձերբակալությունից հետո գյուղում մարդկանց նախկին հոսքն ու աշխուժությունը չկա: Մի տեսակ տխուր է»,-ասում է վանքեցի երիտասարդներից մեկը: «Իրա գյուղ այցելելը որ չկա, մենք կոտորված ենք: Լեւոն Գուրգենիչի ներկայությունը մեզ համար ամեն ինչ էր»,-ասում է մեկ ուրիշը:
Լեւոն Հայրապետյանի բացակայությամբ ո՛չ լեռներում հարսանիքներ են կազմակերպվում, ո՛չ ո՛չ ավանակների մրցույթներ, ո՛չ էլ խոշոր այլ միջոցառումներ:
2014 թվականի հուլիսից այս կողմ, Հայրապետյանի ձերբակալությունից հետո, Վանքում գործող նրա ընկերություններում որոշ աշխատանքներ դադարեցվել էին, սակայն ավելի ուշ գործարարը բանտից հանձնարել է իրավիճակին հակառակ՝ գործունեությունը բերել բնականոն հունի:
Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո նրա ընկերություններում կրճատումներ էին իրականացվել: Այդ ժամանակ դրանք ղեկավարում էր գործարարի եղբորորդին՝ Գուրգեն Հայրապետյանը: Իմանալով այդ մասին, Լեւոն Հայրապետյանը նոր տնօրեն է նշանակել՝ իր փեսա Սերգեյ Դարբինյանին, որը վերականգնել է բոլոր հաստիքները:
«ԱՏԱ Վանք լես» եւ «Վան գրուպ» ընկերությունների փոխտնօրեն Նորիկ Ավանեսյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ չնայած հիմա մեծ աշխատուժի պահանջարկ չունեն, սակայն Լեւոն Հայրապետյանի ցանկությամբ պահում են մոտ 200 աշխատատեղ, որպեսզի վանքեցիներն առանց աշխատանքի չմնան: «Հիմա երկու ընկերությունները իրականում կարիք ունեն ընդամենը 80 աշխատողի: Մնացածը ուղղակի վանքեցիներ են, որոնց սոցիալական վիճակի նկատմամբ Լեւոն Գուրգենիչն անտարբեր չէ: Եթե երկու հավաքարարի կարիք կա, ապա գրանցված են վեցը: Հայրապետյանը հաստիքները պահում է, որպեսզի վանքեցիները գյուղը չլքեն: Մենք էստեղից՝ ազատությունից, ծախսերի նախահաշիվն ուղարկում ենք, Լեւոն Հայրապետյանը բանտից մեզ գումար է ուղարկում»,-ասում է Նորիկ Ավանեսյանը:
Ինչպես հայտնի է, Հայրապետյանը նախաձեռնել էր Վանք գյուղի հարեւանությամբ կառուցել Սուվորովի եւ Մադաթովի անվան զինվորական ուսումնարան, եւ 2012 թվականին շինարարությունը մեկնարկել էր ու դադարեցվել Հայրապետյանի հետ տեղի ունեցած իրադարձություններից հետո: Վանքում կարծում են, որ Հայրապետյանի ձերբակալությունը կապ ունի ուսումնարանի հիմնադրման աշխատանքների հետ, եւ որ այդ ամենում մասնակից են ադրբեջանական գործարար շրջանակները: Ուսումնարանի կառուցման համար քար ապահովելում նպատակով, մեկ տարի առաջ Հայրապետյանի ընկերություններից մեկը Արցախում սկսել էր քարի հանք շահագործել:
Չնայած շենքի կառուցումն այս պահին դադարեցված է, Հայրապետյանը բանտից հրահանգել է անպայման շարունակել հանքաքարի մշակումը, լավատեսությամբ, որ ուսումնարանի շինարարությունը շուտով կվերսկսվի:
Նույն լավատեսությամբ Լեւոն Հայրապետյանը հրահանգել է անտառից փայտ տեղափոխել չորանոցներ եւ շարունակել «ԱՏԱ Վանք լես»-ի կողմից փայտի վերամշակումը: Երկարատեւ ընդմիջումից հետո ընկերությունը վերսկել է մանրահատակի արտադրությունը: Ինչպես Նորիկ Ավանեսյանը հայտնեց, ընկերությունը դեռ պատվերներ չունի: «ԱՏԱ Վանք լես»-ի փոխտնօրենը հույս ունի, որ գոնե Արցախի կառավարությունից պատվերներ կունենան:
Ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Լեւոն Հայրապետյանի ընկերությունների ողջ տեխնիկան եղել է դիրքերում, զինված ուժերի տրամադրության տակ:
Չնայած ապրիլյան ռազմական գործողությունների եւ դրան հաջորդած օրերին ողջ հայությունը սոցիալական ցանցերում քարոզում էին անպայման ամառային արձակուրդներն անցկացնել Արցախում, իրականում հակառակն է տեղի ունեցել: «Գանձասար Տուր» ընկերության գլխավոր մենեջեր Զառա Բաղդասարյանն ասում է, որ այս տարի զբոսաշրջիկների թիվը զգալիորեն՝ մոտ 70 տոկոսով նվազել են:
«Էկլեկտիկա» եւ «Ծավին քար» հյուրանոցները ամառային եւ աշնանային տուրիստական շրջանում առանձնապես ծանրաբեռնված չեն եղել: Հակառակ զբոսաշրջային բիզնեսի տրամաբանության, տուրիստական շրջանում «Գանձասար տուր»-ը ստիպված է եղել հյուրանոցային ծառայությունների գները 30 տոկոսով նվազեցնել:
Նշենք, որ «Էկլեկտիկա» եւ «Ծավին քար» հյուրանոցները նույնպես պատկանում են Լեւոն Հայրապետյանին: Զառա Բաղդասարյանը պատմեց, թե ապրիլյան օրերին ինչպես էին հյուրանոցներում տեղավորում Թալիշի եւ Մարտակերտի այլ գյուղերի բնակիչներին: «Լեւոն Հայրապետյանը բանտի զանգել էր, անձամբ ինձ հետ խոսեց ու կարգադրեց. ամեն ինչ արեք էդ մարդկանց համար: Բոլոր հնարավոր տարածքները դարձրել ենք ննջարան»,-ասում է «Գանձասար տուր»-ի գլխավոր մենեջերը:
Զառան պատմում է, որ Լեւոն Հայրապետյանը պահանջել է փախստականներից համար բացված սեղանները նկարել ու վայբերով ուղարկել իրեն, որպեսզի վստահ լինի, որ նրանց համար արվում է ամեն հնարավոր բան:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել