
Մերժվեց Գագիկ Միքայելյանի խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Գագիկ Միքայելյանի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
«Մերժման որոշումում նշվեց՝ դատարանը գտնում է, որ գրավի կիրառումը ողջամտորեն հնարավոր չէ ապահովել, քանի որ համոզված չէ, որ իմ պաշտպանյալը հետագայում պատշաճ վարքագիծ կցուցաբերի»,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց Միքայելյանի փաստաբան Անի Չատինյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Միքայլելյանը ձերբակալվել է հուլիսի 20-ին՝ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հիմքով։ Միքայելյանին հուլիսի 25-ին բերման էին ենթարկել, իսկ արդեն հուլիսի 27-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Միքայելյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել։
Լուսանկարը՝ Գագիկ Միքայելյանի ֆեյսբուք էջից
Մեկնաբանել