
«Հաց բերողը» կշարունակի մնալ անազատության մեջ
«Սասնա ծռերին» հուլիսի 26-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Վերաքննիչ դատարանից դուրս գալով՝ այս մասին հայտնեց նրա պաշտպաններից Դավիթ Գյուրջյանը: Վերաքննիչ դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի փաստաբանների՝ կալանքի վերացման, նաև կալանքը գրավով փոխարինելու մասին բողոքը:
Որոշման հրապարակմանն Արթուր Սարգսյանը ներկա չի եղել: Հիշեցնենք, որ այս գործով բողոքի քննությունը հետաձգվել էր 4 անգամ: Փաստաբանները դեռ չեն ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն Դավիթ Գյուրջյանը, պատասխանելով «Հետքի» հարցին, նկատեց, որ այս հարցերի լուծումն իրավաբանական տիրույթում չէ, այլ քաղաքական:
«Սասնա ծռեր» խմբի անդամների կալանքի որոշումներն առհասարակ քաղաքական են որակում նաև այլ փաստաբաններ: Այնուամենայնիվ, Դ.Գյուրջյանը փոխանցեց, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան, որպեսզի սպառեն ներպետական ատյանները և գործը հասցնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդներ պահելու և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Սակայն ի սկզբանե նրան կալանավորելու հիմք էր հանդիսացել նախնական մեղադրանքը, որով նրան վերագրվում էին այն արարքները, ինչ «Սասնա ծռերի» անդամներին:
Արթուր Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք չի տվել, գտնվում է առողջական վատ վիճակում: Դավիթ Գյուրջյանը նշեց, որ Արթուր Սարգսյանի արարքում, որն է՝ հաց հասցնելը, չի կարող լինել օժանդակության էլեմետ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել