
Վերաքննիչ դատարանը մերժեց Արայիկ Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ բողոքը
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ բողոքը: Այդ մասին լրագրողներին հայտնեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը` այն որակելով որպես հերթական քաղաքական որոշում: Փաստաբանը նշեց, որ մենք ունենք կառավարելի դատարաններ, հետևաբար սպասելի էր մերժումը:
Արայիկ Խանդոյանը ներկա չի եղել այսօրվա որոշման հրապարակմանը, թեպետ երեկ, փաստաբանի փոխանցմամբ, բավարարվել էր Արայիկ Խանդոյանի ներկայությունը որոշման հրապարակմանը: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է պատանդ պահելու և զենք զինամթերք տեղափոխելու մեջ:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանում լսվում էր «Սասնա ծռերին» հուլիսի 26-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքը: Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը քիչ առաջ դուրս եկավ Վերաքննիչ դատարանից` հաղորդելով, որ բողոքի քննությունը ավարտված է, և դատարանը որոշումը կհրապարկի վաղը ժամը 12-ին: Արթուր Սարգսյանը մեղադրվում է պատանդ պահելու և զենք-զինամթերք տեղափոխելու, պահելուն օժանդակելու մեջ: Վերաքննիչ դատարանի դիմաց այժմ հավաքված են Արթուր Սարգսյանի եղբայրը, մայրը, ընկերները, բարեկաները, ինչպես նաև Արայիկ Խանդոյանի հարազատները:
Այս պահին դատարանում լսվում է նաև «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանի կալանքի վերաբերյալ բողոքը: Քիչ առաջ նրա փաստաբան Արմինե Ֆանյանը մտավ դատական նիստերի դահլիճ: Կալանքի վերաբերյալ որոշումները դռնփակ են քննվում, ուստի լրագրողները և մեղադրյալների հարազատները փաստաբանների խոսքին սպասում են վերաքննիչ դատարանի դիմաց:
Հիշեցնենք, որ երեկ Վերաննքիչ դատարանը մերժել էր Արամ Մանուկյանի և Գևորգ Իրիցյանի կալանքի վերաբերյալ` փաստաբանների ներկայացրած բողոքը:
Մեկնաբանել