
Անտառային փոխակերպումներ
«Հայաստանում անտառածածկ տարածքները զբաղեցնում են 334 հազար հա կամ տարածքի 11,2 տոկոսը, որը հանրապետության բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է ընդամենը 0,1 հա: Ներկայումս հանրապետության բնական անտառների շուրջ 70 տոկոսը կազմալուծված ու ծերացած է: Ըստ անտառային պաշարների հաշվառման վերջին տվյալների (1993թ.), անտառային ֆոնդի փայտանյութի ընդհանուր պաշարը կազմում է 41,74 մլն խմ, իսկ տարեկան վերաճը` 354 հազար խմ»,- նշված է Հայաստանի Հանրապետության 2002թ. «Ազգային գնահատման զեկույց»-ում: ՀՀ բնապահպանության նախարարության մեզ տրամադրած տվյալներով` այժմ ՀՀ-ում անտառածածկ տարածքը կազմում է 277 հազար 674 հա: Մասնագետների հաշվարկներով` վերջին տարիների ընթացքում տարբեր աստիճանի ինտենսիվությամբ հատվել է շուրջ 30 հազար հա անտառ, որից մոտ 7 հազար հա` ամբողջությամբ:
Ներկայումս հանրապետությունում տարեկան այրվում է մոտ 0,5 մլն խոր. մետր փայտանյութ, որից միայն 10-12 տոկոսն է հաշվառվում: Անտառային մեծ զանգվածներ են ոչնչացել հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, ինչի հետեւանքով ակտիվ էրոզիոն-սելավային պրոցեսներ տեղի ունեցան Վանաձոր, Գորիս, Իջեւան քաղաքներում, Նոյեմբերյանի, Մարտունու մի շարք գյուղերում, որտեղ մեծ վնաս է հասցվել բնակելի տներին, բազմաթիվ այլ կառույցներին, ինչպես նաեւ գյուղատնտեսական նշանակության զգալի մակերեսով հողատարածքներին: Բնապահպանական ոլորտում մասնագետնեռի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանրապետությունում անտառածածկ տարածքների կրճատումից բացի, տեղի է ունեցել ծառատեսակային կազմի եւ տարածքների փոփոխություն` բարձրարժեք հաճարի, կաղնու, սոճու, հացենու ծառուտները փոխակերպվել են ցածր արդյունավետության բոխուտների, ցաքուտների, նոսրուտների եւ այլն:
«Ընդհանրապես 10 տարին մեկ անգամ պետք է անտառշինություն (մոնիտորինգ, գույքագրում, քարտեզագրում) իրականացվի, եւ առաջիկա 10 տարիների համար միջոցառումների ծրագիր ներկայացվի: Իսկ դա նշանակում է ֆիքսել բոլոր անտառտնտեսություններում ծառերի, բացատների, թփուտների տարիքը, դասը, կարգը, որտեղ որքան վերաճ կա եւ այլն»,- հաավաստում է «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Հովակիմյանը: Վերջին անգամ անտառշինություն կատարվել է 1993թ., սակայն` ոչ ամբողջությամբ: Ըստ պրն Հովակիմյանի, տնտեսություններ կան, որտեղ 20 տարի է, ինչ գույքագրում չի կատարվել: Էներգետիկ ճգնաժամի տարիներին զանգվածային ծառահատումները հաճախ չեն բացահայտվել: Իսկ չբացահայտված ապօրինի ծառահատումների պատասխանատվությունը ընկնում է անտառտնտեսությունների նյութական պատասխանատուների վրա:
Ըստ «Հայանտառ»-ի անտառների պահպանության եւ պաշտպանության բաժնի պետ Արտաշես Մանասերյանի, «մեծածավալ բնույթի ապօրինի ծառահատումները սոցիալական արմատներ ունեն: Գյուղերում նույնիսկ ամռանն են ծառեր հատում` որպես էժան վառելափայտ: Չարքաշ գյուղացու համար ապրուստի միակ միջոցը ««բաց պահեստ» հանդիսացող անտառն է»: Պրն Մանասերյանի հավաստմամբ, այս երեւույթի դեմն առնելը խիստ դժվար է: 1994թ. գործող ՀՀ անտառային օրենսգրքում հստակ ամրագրված չեն անտառպահախմբի իրավունքներն ու պարտականությունները: Անտառտնտեսության աշխատակիցը օրենքով պաշտպանված չէ եւ հաճախ չի իմանում, թե ինչպես վարվի անտառհատողի հետ: Պաշտոնական տվյալներով, 2000թ. համակարգի անտառտնտեսություններում ապօրինի հատվել է 61220 ծառ, 2001թ.` 85796 ծառ, 65649 ծառ էլ` 2002թ. ընթացքում: Նույն 2002թ. 13մլն դրամի վնաս է վերականգնվել:
«Անտառվերականգնումը համալիր խնդիր է»
«Հայանտառ»-ի գլխավոր տնօրեն Հ. Հովակիմյանը մեր զրույցի ժամանակ նշեց, որ 2001թ. ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել բնափայտի մթերման նպատակով թանկարժեք ծառատեսակների(կաղնի, թխկի, հացենի, տանձենի, լորենի եւ այլն) հատումն արգելելու մասին: Համաձայն այդ որոշման` թույլատրելի են միայն այդ ծառատեսակների սանիտարական հատումները: Հ. Հովակիմյանը փաստեց նաեւ, որ Հայաստանում կաղնու հատումները միշտ էլ սահմանափակ են եղել: Այնուհանդերձ, մեր կաղնին չի վրիպել օտարների ուշադրությունից: 1998-99թ.թ. շվեդներն այցելեցին Հայաստան եւ հյուսիսային շրջաններում հաշվառեցին կաղնուտները: Սակայն ուսումնասիրությունն, ըստ պրն Հովակիմյանի, մակերեսային բնույթ է կրել: Մասնավորապես, նրանք ուսումնասիրություններ չեն անցկացրել հարավային եւ կենտրոնական Հայաստանում, որտեղ աճող կաղնուտներն էականորեն տարբերվում են հյուսիսային Հայաստանի կաղնուտներից: Բացի այդ, կաղնուտների հաշվառումն առանց անտառշինական նախագծերի է իրականացվել:
ՀՀ գլխավոր անտառապետ Արա Մեջլումյանի հավաստմամբ, 2002թ. ՀՀ-ում կատարվել է 235 հա տնկում, 263հա անտառկուլտուրաների լրացում, 450 հա-ի վրա` նպաստում անտառի բնական վերաճին, 190հա` հողի նախապատրաստման աշխատանքներ: Ընդ որում, հիմնականում ուշադրություն են դարձնում Լոռու մարզին, քանզի նա ամենից շատն է տուժել էներգետիկ ճգնաժամի տարիներին:
«Անտառվերականգնման աշխատանքների 50 տոկոսը իրականացվել է Լոռու մարզում, մնացյալը` Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում»,- նշեց Ա. Մեջլումյանը:
ՀՀ գլխավոր անտառապետից տեղեկացանք նաեւ, որ 2003թ. ՀՀ կառավարությունը «Հայանտառ»-ին հետեւյալ պատվերն է «իջեցրել». 220հա` անտառատնկում եւ ցանքս, 131հա` անտառային կուլտուրաների լրացում, 44հա` բնաշվային վերականգնման աջակցություն, 262հա` նպաստում անտառի բնական վերաճին, 109հա` հողի նախապատրաստում, 7 հա` տնկարանների հիմնում եւ խնամք, 655 հազար հատ տնկանյութի աճեցում եւ 8,7 տոննա սերմերի մթերում: Հատկանշական է, որ ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Հայաստանի կենսաբազմազանության պահպանության համար հզորությունների գնահատում» զեկույցի` «2000թ-ին ընդհանուր աշխատանքների համար նախատեսվել էր 700 մլն դրամ, որից հիմնական անտառտնտեսական աշխատանքների համար պլանավորվել է 628 մլն դրամ եւ օժանդակ տնտեսության գծով 72 մլն դրամ: Ծախսերը հիմնական անտառտնտեսական աշխատանքների գծով պլանավորվել էին ի հաշիվ պետբյուջեի` 83,1 մլն դրամ եւ 544,9 մլն դրամը` ի հաշիվ սեփական միջոցների:
2000թ-ի համար «Հայանտառ» ՊՓԲԸ համակարգում պլանավորվել էր ստանալ 900 մլն դրամի սեփական եկամուտ, փաստացի ստացվել է 638 մլն դրամի համախառը եկամուտ կամ պլանը կատարվել է 70,9 տոկոսով: Սպասվելիք սեփական եկամուտի դիմաց պլանավորվել էր կատարել ընդհանուր անտառտնտեսական ծախսեր 700մլն դրամի, փաստացի ծախսը կազմել է 548 մլն դրամ կամ այն կատարվել է 78,3 տոկոսով: Անհրաժեշտ է նշել, որ եթե պետական բյուջեից անտառտնտեսվարման համար նախատեսված հատկացումները նույնիսկ ամբողջապես տրամադրվեին, ապա այդ գումարները նույնպես չէին բավարարի երկրի անտառտնտեսվարման ներկա պահանջները: Լիարժեք անտառվերականգնման, խնամքի, վերարտադրության աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ է ներկա պետբյուջեով հատկացումները տասնապատկել: Միայն անտառբուծման համար անհրաժեշտ է մոտ 600-700 մլն դրամ, նույն համամասնությունը առկա է նաեւ անտառապատման եւ անտառխնամքի ոլորտներում»:
«Հայանտառ»-ի գլխավոր տնօրեն Հ. Հովակիմյանը դժգոհեց, որ հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս սոսկ քննադատի դերում եւ` ոչ ավելին: Մյուս կողմից էլ, դոնոր կազմակերպությունները (Համաշխարհային բանկը եւ այլք) խուսափում են պետական կառույցների հետ գործ ունենալուց եւ գերադասում են իրենց ծրագրերը իրականացնել հասարակական կազմակերպությունների հետ: Որպես համագործակցության թերեւս միակ օրինակ պրն Հովակիմյանը նշեց Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում իրականացվող բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագիրը, որի համար ՀԲ-ն 16 մլն դոլար է հատկացրել:
Հասարակական կազմակերպություններից միայն «Կանաչազարդ Հայաստանն» է մասնակցել Երեւանում իրականացված ծառատնկմանը: Ինչ վերաբերում է Թուֆենկյան հիմնադրամի «Հայաստանյան անտառներ» հ|կ-ին, ապա «Հայանտառ»-ը Օձունի հատվածում 50 հա է տրամադրել ծառատնկման համար, սակայն հ/կ-ն մինչ այժմ որեւէ ծրագիր չի ներկայացրել, թե անտառվերականգնման ինչ աշխատանքներ է կատարելու: Չէ՞ որ անտառվերականգնումը սոսկ ծառ տնկել չի նշանակում, այլ տեւական խնամք ու համալիր աշխատանք է պահանջում: «Հայաստանյան անտառներ» հ/կ-ի գործադիր տնօրեն Նազելի Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ Օձունի հատվածում 100 հա (50հա-ն` «Հայանտառ»-ի կողմից, 50հա-ն` համայնքի) տարածք է տրամադրվել, որտեղ գարնանն իրենք 130 հազար ծառ են տնկել: Ծառատունկ են իրականացրել նաեւ Ծիծեռնակաբերդի տարածքում:
«Կողջունենք հ/կ-ների հետ համագործակցության ցանկացած քայլ»,- զրույցը եզրափակեց Հ. Հովակիմյանը:
Մեկնաբանել