
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին կվիրահատեն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ օրեր առաջ բժիշկների խումբ է այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հովհաննեսին, զննել նրան և հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ նրան կվիրահատեն:
«Երեկ եմ տեսակցել Հովհաննեսին, դեռևս ցավեր ունի: Ճիշտ է, ցավազրկողներ են ներարկում, բայց, որպես կանոն, հիմնականում անհանգիստ է լինում: Վերքերը դեռ ապաքինվում են: Այս պահին, բժշկական առումով, որոշակի ճանապարհ կա անցնելու, մասնավորապես՝ ոսկրային բեկորները պետք է անշարժանան: Այս գործընթացից հետո արդեն Հովհաննեսին վիրահատության կենթարկեն»,-նշեց փաստաբանը:
Փաստաբանը հստակ տեղեկություն չունի՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը կազմակերպվելու է քաղաքացիական հիվանդանոցո՞ւմ, թե՞ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Սակայն ենթադրում է՝ նման վիրահատության պարագայում նրան պետք է տեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն, քանի որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում չկան պայմաններ և բուժսարքավորում՝ պատշաճ վիրահատություն կազմակերպելու համար:
Պապիկյանը նաև զրուցել է այլ փաստաբանների հետ և տեղեկացել՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանը, Արամ և Պավլիկ Մանուկյանները, Հովհաննես Հարությունյանը, Աշոտ Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանը, Սեդրակ Նազարյանը ևս վիրահատության կարիք ունեն, և նրանց վիրահատության հարցն այս պահին օրակարգում է:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն,ապա՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Մեկնաբանել