
Ոստիկանությունից 40 միլիոն դրամ՝ Սեդրակ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի ընկերությանը
Ոստիկանությունը հունիսի 1-ին 40 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի հետ, որի դիմաց ընկերությունը պարտավորվել է ոստիկանության ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
Պայմանագրում ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի եւ «Տոյոտա Երեւան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանի ստորագրություններն են: Դատելով այդ փաստաթղթի ձեւակերպումներից՝ խոսքը 20 միավոր «Toyota Corolla 1,6», «Toyota Camry 2,5» եւ «Toyota Camry 3,5» մաինշների ավտոմեքենաների սպասարկման մասին է, որոնք ձեռք են բերվել 2012-2015 թվականներին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է «Տոյոտա-Երեւան»-ի հետ կնքած պայմանագիրը: Ոստիկանության գրության մեջ ասվում է, որ պայմանագրում նշված, արտաբյուջետային միջոցներից հատկացված 40 միլիոն դրամը նախատեսված է ընթացիկ տարում 119 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների տենիկական սպասարկման համար։ Եվ որ 2013-2015թթ. «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ից ձեռքբերված 20 միավոր ավտոմեքենաները գտնվում են երաշխիքային ժամկետի մեջ եւ դրանց սպասարկումն ընկերության կողմից կատարվում է անվճար։
Վահե Գզրարյանը, որը որպես սպասարկող կողմի ներկայացուցիչ ստորագրել է փաստաթուղթը, «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ 10 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Ընկերությունում հավասարաչափ՝ 30-ական տոկոս բաժնեմասեր ունեն նաեւ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ՍեդրակՔոչարյանը, գործարար, Երեւանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր, Ռոբերտ Քոչարյանի բիզնես-գործընկերոջ համբավ ձեռք բերած Սամվել Մայրապետյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ Նատալյա Մատինյանը: Վերջինս բաժնեմասը ձեռք է բերել այս տարվա ապրիլ ամսին:
Նատալյա Մատինյանը «Հայկական երկրորդ հեռուստաալիքի»՝ Հ2-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատերն է: Հեռուստաընկերության մյուս 50 տոկոս բաժնեմասի սեփականատերը Սամվել Մայրապետյանն է:
Հունիսի 1-ին կնքած պայմանագրի հավելվածներից տեղեկանում ենք, որ միայն 2015 թվականին ոստիկանությունը 27 միավոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է գնել «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ից, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 302 միլիոն դրամ: Դրանց երաշխիքային սպասարկման ժամկետը 36 ամիս է կամ 100 հազար կիլոմետր:
Մեկնաբանել