
Նվարդ Բիլյանին ազատել են ՄԻՊ-ի ներկայացուցիչների միջամտությունից հետո
«Չգիտեմ` ծիծաղեմ, թե լամ»,- ասաց Կյուրեղյան եղբայրների մայրը` Նվարդ Բիլյանը` արձագանքելով իրեն բերման ենթարկելու հարցին:
Նա նշեց, որ իրեն ազատեցին ՄԻ պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո, քանի որ քաղաքացուն նախքան բերման ենթարկելու մասին որոշում կայացնելը, նախ պետք է ծանուցեն: Ապա չներկայանալու դեպքում` նոր միայն բերման ենթարկելու որոշում կարող են կայացնել: Մինչդեռ տիկին Նվարդը վստահեցրեց, որ իրեն նախօրոք չեն ծանուցել, որ պետք է ներկայանա ոստիկանության բաժին:
«Հիմա պիտի ներկայանամ այսօր, ժամը 19.30-ին: Անհեթեթ մեղադրանք են առաջադրել` իբր սառը զենք կրելու համար, սա զավեշտ է: Որևէ օրինական հանգուցալուծում չեմ էլ սպասում»,- մեզ հետ զրույցում ասաց Նվարդ Բիլյանը:
Կյուրեղյան եղբայրները գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում` տարբեր խցերում: Տիկին Նվարդի փոխանցմամբ` այսօր Հայկին հանձնուք է տարել հայրը` Արմենակ Կյուրեղյանը: Իսկ ինքը հանձնուք` սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր պիտի տաներ կալանավորված մյուս երկու որդիների` Արեգի ու Սերգեյի համար: «Առջևում հանգստյան օրեր են, ու հանձնուք չեն թողնում: Առաջին անհրաժեշտության իրեր պիտի տանեի`ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու պարագաներ և այլն»,-ասաց Կյուրեղյան եղբայրների մայրը: Մեր դիտարկման, թե արդյոք այդ ամենը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չեն ապահովում, տիկին Նվարդը պատասխանեց` չգիտեմ, միշտ էլ մենք ենք ապահովել:
Այսպիսով` Կյուրեղյանների ընտանիքի 5 անդամները` հայրը, մայրը, երեք որդիները դատապարտյալի, մեղադրյալի ու կասկածյալի կարգավիճակում են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել