
Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է
Տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն նույն հոդվածով, ինչ խմբի անդամներին:
Մասնավորապես, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:
Սակայն երեկ Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ օրվա ընթաքում քննչական գործողություններ են կատարվելու և, հնարավոր է, որ նրան առաջադրված մեղադրանքները փոփոխվեն:
Քիչ առաջ Եգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ Սարգսյանը այժմ մեղադրվում է ոչ թե վերը նշված հոդվածներով, այլ այդ հոդվածներով կատարված արարքներին օժանդակելու հիմքով:
Փաստաբանը երեկ է տեսակցել Արթուր Սարգսյանին, ասում է՝ նրա առողջական վիճակը ծանր է. երկրորդ խմբի հաշմանդամ է, տեղաշարժման լուրջ սահմանափակումներ ունի, չի կարող երկար կանգնել, կարող է միայն մինչև մեկ կիլոգրամ իրեր բարձրացնել: Փաստաբանը, սակայն շեշտում է, որ այս խնդիրները դատարանի կողմից հաշվի չեն առնվել. նրա դատավարությունը տևել է մինչ առավոտյան 06:00-ն և քննչական մարմինն էլ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, չի կարևորել այս հանգամանքը:
Եգորյանը քննչական արձանագրությունում նշել է Սարգսյանի առողջական ներկայիս վիճակի մասին, որպեսզի, ինչպես ինքն է ասում, քննիչի վերադասները գոնե այդ հանգամանքին ուշադրություն դարձնեն:
Այս պահին Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այստեղ, փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին բուժօգնություն չի ցուցաբերվում, անգամ նրա առողջության վերաբերյալ որևէ գրանցում չի կատարվել: Սարգսյանը սուր ցավեր ունի և փաստաբանին խնդրել է դեղորայք, մասնավորապես` ցավազրկողներ ուղարկել: «Արթուր Սարգսյանի առողջական վիճակը այնպիսին չէ, նրան պետք է հարցնել՝ հասկանալու առողջական վիճակի ծանրությունը: Նա հազիվ է տեղաշարժվում: Միայն նրան հանդիպելը բավարար է, որպեսզի անձը հասկանա նրա առողջական վիճակի լրջությունը»,- նշում է Եգորյանը:
Փաստաբանը բանավոր միջնորդել է քննիչին՝ բուժօգնությունը տրամադրելու նպատակով, սակայն վստահ չէ, որ իր միջնորդությանը ընթացք կտրվի: Այդ կապակցությամբ պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել քննիչի գործողությունների և անգործության դեմ:
Սարգսյանին կալանավորելու հիմքում դրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, սակայն այժմ, երբ փոփոխվել է առաջադրված մեղադրանքը, Եգորյանը նոր հիմքով քննարկման անհրաժեշտության է տեսնում, սակայն կասկածում է, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռնամուխ կլինի այդ գործին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել