
Երևանի քաղաքապետարանը մոտ 12 միլիոն դրամի կոնյակ գնելու պայմանագիր է կնքել
Երևանի քաղաքապետարանը 500 շիշ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ» կոնյակ գնելու պայմանագիր է կնքել «Երևանի Կոնյակի Գործարան» փակ բաժնետիրական ընկերության հետ:
«Կոնյակ Էրեբունի –Երևան-2798» խորհրդանշական, հոբելյանական լոգոյով և գրվածքով կոնյակների ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն 850 հազար դրամ՝ մեկ շիշը 23,700 դրամ:
Երեւանի քաղաքապետարանի և «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲ ընկերության միջև պայմանագիրը կնքվել է սույն թվականի հուլիսի 28-ին և պետք է կոնյակները քաղաքապետարանին մատակարարվեն մինչ սեպտեմբերի 20-ը:
Խմիչքը պետք է պատրաստված լինի միջինը ոչ պակաս 10 տարի հնացում ունեցող կոնյակի սպիրտներից, որը ստացվել է Հայաստանի տարածքում աճեցրած խաղողի որոշակի սորտից։ Կոնյակները շշալցվելու են 0,75 լիտր տարողությամբ ալկոհոլային արտադրանքների հետ շփվելու համար առողջապահության մարմինների կողմից թույլատրված ապակյա շշերում:
Ինչ վերաբերում է խորհրդանշական կոնյակի շշի տպագրությանը, ապա հիմքը լինելու է մետալիկ գունավոր թուղթ: Այն լինելու է լաքապատ՝ տեղային ուռուցիկ էֆեկտով։
Նշենք, որ սա Երևանի քաղաքապետարանի կոնյակ գնելու առաջին փորձը չէ: Նախորդ տարիներին ևս նման շռայլություններ են թույլ տրվել: Օրինակ՝ 2014թ. հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանը նույն ընկերությունից ձեռք էր բերել 9 տեսակի կոնյակ՝ ընդհանուրը 28.847.804 դրամ արժողության:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել