
Արմեն Մարտիրոսյանը կալանավորվեց․ նրա դեմ ցուցմունք են տվել ոստիկաններ
Հատուկ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Մարտիրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։
Հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ին, Սարի թաղում ցույցի ժամանակ ոստիկանները զրուցելու պատրվակով Մարտիրոսյանին տարել էին ոստիկանական «պատնեշից» այն կողմ ու բերման ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք, այնուհետ՝ Էրեբունու ՁՊՎ։
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտնեց, որ այս գիշեր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը։
Դատավարության ընթացքում Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է և շտապ օգնություն է ժամանել։
Առաջադրված մեղադրանքում Մարտիրոսյանը իրեն մեղավոր չի ճանաչել, այս որոշումը համարում է ապօրինի։ Նա վստահեցրել է՝ ապօրինի գործողություն չի կատարել, հակառակը՝ բախումներից խուսափելու համար միջոցներ է ձեռնարկել։ Փաստաբանին Մարտիրոսյանը հայտնել է, որ նման քննության պայմաններում ակնկալում է, որ իրեն անգամ կարող են սպանության մեջ մեղադրել։
Փաստաբանն ասում է՝ փաստական ապացույցներ, որոնք կապացուցեն նրա մեղքը, չկան, սակայն Մարտիրոսյանի դեմ ցուցմունք են տվել որոշ ոստիկաններ։ Հովհաննիսյանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել