
Մնացական Ալեքսանյանը բողոք է ներկայացրել ոստիկանության դեմ
Հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ ենթամաշկային վիրավորում՝ այրվածքներ և բեկորային վնասվածքներ էր ստացել Մնացական Ալեքսանյանը:
Հուլիսի 21-ից մինչ օրս Մնացականը գտնվում է «Երևան» բժշկական կենտրոնում: «Հետք»-ի հետ զրույցում Մնացականը հայտնեց, որ մի ոտքն ապաքինվում է, բայց դեռ վերքերը չեն լավացել: Բժիշկները դեռ չեն կարողանում «ելք գտնել» աջ ոտքի բուժման հարցում, ամենայն հավանականությամբ, այն երկրորդ անգամ կվիրահատեն: Այդ ոտքի մաշկը պայթյունի հետևանքով հեռացվել է և վիրահատական միջամտությամբ մարմնի այլ մաշկային հատվածից մի մաս կտեղափոխեն վնասվածի տեղը:
Կոտրված է նաև նրա աջ ոտքի բթամատի ոսկորը, վիրահատական կարերը քանդված չեն, ինքնազգացողությունը բավարար է, դեղահաբեր է ընդունում:
Վիրահատական և բժշկական ծախսերն ապահովվելու մասին Մնացականը մի քանի անգամ բարձրաձայնել է: Սակայն ասում է՝ իրավասու մարդ չկա, որպեսզի կարողանան հստակ պատասխանել, թե ով պետք է վճարի: «Հետքը» փորձեց այս առնչությամբ պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հայտնեց, որ նախապես որոշված էր՝ տուժածների հիվանդանոցային ծախսերը, եթե ներառվում են պետպատվերի շրջանակներում, պետությունը անձամբ կհոգա: Սակայն թե ո՞ր ծառայություններն են պետպատվերի մաս կազմում, այժմ հստակ ասել նա չի կարող:
Սկզբում բժիշկները զգուշացրել են, որ հիվանդանոցային բուժում կստանա մինչ երկու շաբաթ, այնուհետ դուրս կգրվի: Այնինչ,արդեն տասն օր անցել է և դեռևս մեկ վիահատության կարիք ունի:
Մնացականը բողոք է ներկայացրել ոստիկանության դեմ՝ հուլիսի 21-ին տեղի ունեցած գործողությունների հետևանքով տուժող ճանաչվելու համար: Բողոքը ներկայացված է, բայց դեռևս հաստատված չէ:
Այս օրերին քննիչը երկու անգամ այցելել է Մնացականին՝ մեկ անգամ որպես վկա ցուցմունք արձանագրելու, մյուս անգամ՝ նրա հագուստն ու կոշիկները որպես իրեղեն ապացույց վերցնելու համար:
Լուսանկարը` Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել