
Փաստաբանների բողոքից հետո վիրահատված կալանավորներին տեղափոխել են քիչ թե շատ բարվոք խցեր
«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը այսօր Վերաքննիչ բողոք է ներկայացրել իր պաշտպանյալների կալանքի որոշման դեմ:
«Երկուսն էլ անկողնային հիվանդներ են, չեն տեղաշարժվում, դեռ երկար ժամանակ չեն կարողանա քայլել: Հովհաննեսը ոտքի ևս մեկ վիրահատություն պիտի տանի, սակայն դատավոր Էդիկ Ավետիսյանը կալանքի որոշում է կայացրել՝ հիմքում դնելով, որ Հովհաննեսը կարող է թաքնվել քննությունից կամ խոչընդոտել»,-«Հետքին» ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ նկատելով, որ Ավետիսյանը քաղաքացիական գործեր քննող դատավոր է, բայց դա չի խանգարում նրան կալանքի որոշումներ քննել:
Փաստաբանը նշեց, որ ամեն օր «Դատապարտյալների հիվանդանոցում» այցելում է իր երկու պաշտպանյալներին: Նրա փոխանցմամբ, պայմանները էականորեն բարելավվել են: «Իհարկե, փաստաբանների և լրագրողների բարձրացրած աղմուկից հետո միայն տղաներին տեղափոխեցին քիչ թե շատ բարվոք սենյակներ»,- նկատեց փաստաբանը:
![]() |
![]() |
Լուսանկարները տրամադրել է ՄԻՊ մամուլի խոսնակը |
Անդրադառնալով ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների՝ հուլիսի 30-ին «Դատապարտյալների հիվանդանոց» կատարած այցին ու պայմանների արձանագրմանը՝ փաստաբանը նկատեց, որ ՄԻՊ-ի աշխատակիցները խցերը նկարել են այն ժամանակ, երբ արդեն փաստաբանների, լրագրողների բարձրացրած աղմուկից հետո «Սասնա Ծռեր» խմբի կալանավորված անդամներին տեղափոխել էին բարվոք սենյակներ: «Թող արդարության համար նկարեին նաև այն խցերը, որտեղ մի քանի օր անցկացրել էին տղաները՝ լինելով ծանր առողջական վիճակում: Բայց, անխոս, լավ է, որ գոնե հանրային աղմուկից հետո հիմա նորմալ պայմաններում են»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է մասնագիտացված բժշկական օգնությանը, ապա Հայարփի Սարգսյանը նշեց, որ երեկվանից «Էրեբունի» ԲԿ-ից հրավիրել են բժշկական անձնակազմ՝ վնասվածքաբան և բուժքույրեր, որոնք մնում են վիրահատված կալանավորների մոտ, «քանի որ բազմիցս ենք բարձրաձայնել՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» նման մասնագետներ չկան»:
Ինչ վերաբերում է սննդին, ապա սննդամթերք ու տնային պայմաններում պատրաստված կերակուր, փաստաբանի փոխանցմամբ, փոխանցում են ընտանիքների անդամները:
Մեկնաբանել